You are currently viewing ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ, ԱՊԱԳԱՆ

ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ, ԱՊԱԳԱՆ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Երեք իմաստուն վիճում էին այն մասին, թե ինչն է ավելի կարևոր մարդու համար՝ անցյալը՞, ներկա՞ն, թե՞ ապագան: Նրանցից մեկն ասաց.

— Իմ անցյալն ինձ դարձրել է այնպիսին, ինչպիսին այժմ կամ: Կարող եմ անել, ինչ անցյալում սովորել եմ: Հավատում եմ ուժերիս, որովհետև ինձ հաջողվում են այն գործերը, որոնք անցյալում արել եմ: Ինձ դուր են գալիս մարդիկ, ում հետ նախկինում լավ էր, կամ էլ ովքեր ինձ նման են: Հիմա նայում եմ ձեզ, տեսնում ձեր ժպիտներն ու սպասում ձեր առարկություններին, որովհետև արդեն մեկ անգամ չէ, որ վիճել ենք, և գիտեմ, որ դուք սովոր չեք համաձայնվել առարկություններից որևէ մեկին:


— Հնարավոր չէ քեզ հետ համաձայնվել: Եթե դու ճիշտ ես, ապա մարդը դատապարտված կլիներ սարդի պես օրեցօր փակված մնալ իր սովորույթների սարդոստայնում: Կարևոր չէ, թե հիմա ինչ գիտենք և ինչ կարող ենք անել: Կարող ենք սովորել այն, ինչը մեզ հետագայում կարող է պետք գալ: Իմ պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին եմ ուզում լինել տարիներ անց, շատ ավելի իրական են, քան հիշողությունները, թե ինչպիսին էի տարիներ առաջ, որովհետև իմ գործողություններն այժմ կախված չեն նրանից, թե ինչպիսին եմ եղել, այլ՝ նրանից, թե ինչպիսին եմ պատրաստվում դառնալ: Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր նման չեն նրանց, ում նախկինում ճանաչել եմ: Իսկ քեզ հետ խոսակցությունը հետաքրքիր է զուտ բանավեճի և մտքի անսպասելի շրջադարձերի առումով:


— Դուք բոլորովին անտեսել եք այն, որ անցյալը և ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում, — միջամտեց երրորդ զրուցակիցը: — Անցյալն այլևս չկա: Ապագան դեռևս չկա: Եվ անկախ այն բանից, թե վերհիշում եք անցյալը, թե երազում ապագայի մասին, անում եք դա ներկայում: Միայն ներկայում կարող եք փոխել ինչ-որ բան ձեր կյանքում, մինչդեռ ոչ անցյալը, ոչ էլ ապագան հասանելի չեն: Միայն ներկայում է հնարավոր երջանիկ լինել. անցյալի մասին հուշերը տխուր են, ապագայի սպասումները՝ տագնապալի:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը