You are currently viewing ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ՝ Ի ՆՊԱՍՏ ԳԻՏԵԼԻՔԻ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ՝ Ի ՆՊԱՍՏ ԳԻՏԵԼԻՔԻ

Հարցազրույց կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանի հետ 

– Մեր զրույցը սկսենք խոսելով հայոց լեզվի անաղարտության մասին։ Ցավոք, այսօր շատ դեպքեր են լինում, երբ մայրենի լեզուն հետին պլանում է հայտնվում: 


–Հայոց լեզվի անաղարտության վերաբերյալ, իհարկե, անընդհատ բարձրաձայնվում ու նշվում է, որ տարբեր հարթակներում հայոց լեզուն աղավաղվում է: Ես սա միշտ համեմատում եմ մեր կյանքի հետ. ինչպես որ մեր երկրում շատ բաներ տարերային ու քաոսային են դարձել՝ եւ հարաբերությունները, եւ արժեքները, եւ կենսակերպը, պետություն-քաղաքացի հարաբերությունները, այդպես էլ մեր լեզուն է: Lեզուն, լինելով հասարակական երեւույթ, չի կարող այս ամենի ամենազդեցությունն իր վրա չկրել: Լեզվի անաղարտության պահպանման հարցում կարեւոր է դպրոցում լեզվի նկատմամբ ճիշտ վերաբերմունք ձեւավորելը։ Շատ կարեւորում եմ նաեւ ԶԼՄ-ների ազդեցությունը լեզվի անաղարտության եւ պահպանման գործում, որովհետեւ լրատվամիջոցներով հնչող եւ տպագիր սխալներն այնքան են տարածվում, որ նույնիսկ դպրոցում ուսուցիչը դժվարանում է սովորողի մեջ ամրապնդել ճիշտ ձեւը։ 

– Ժամանակակից կրթական աշխարհն ինչ առանձնահատկություններ ունի: 


– Ինչպես կյանքն է դինամիկ եւ արագ փոփոխվում, այդպես էլ կրթական ոլորտը եւ հաջողում են այն երկրներն ու կրթական համակարգերը, որոնք կարողանում են գնալ դրա հետեւից: Անշուշտ, վերցնել միայն միջազգային փորձն ու փորձել դրանով բարեփոխումներ իրականացնել մեր կրթական համակարգում՝ հնարավոր չէ, որովհետեւ ամեն երկիր ու հասարակություն ունի իր կարիքներն ու առանձնահատկությունները: Գիտելիք, կարողություններ, հմտություններ, արժեքային համակարգ. այս բաղադրիչների միասնությամբ պետք է փորձենք առաջին հերթին մատուցել մնայուն գիտելիք, որը գործնականորեն կվերածվի կարողությունների, հմտությունների, եւ այդ գիտելիքով մարդու մեջ նաեւ արժեհամակարգ կձեւավորվի: Եվ այստեղ պետք է նշեմ, որ շատ կարեւոր է սովորածի նկատմամբ վերաբերմունքը՝ ինչպես է գնահատում իր սովորածը, ինչպես է սովորում, ինչպես է մի կետի հասնում եւ ինչպես է կարողանում իր սովորածը ծառայեցնել իր կարիքներին, նպատակների իրականացմանը: Ամենակարեւորը, որ կրթությունն ունենա գործնական ուղղվածություն, որովհետեւ միայն տեսական գիտելիքով հնարավոր չէ արդյունքի հասնել: Գիտելիքը հիմքն է, որի վրա հմտություններն ու կարողությունները, արժեհամակարգը ձեւավորվում են, իսկ այդ պարագայում կրթությունը լուծում է իր առջեւ դրված խնդիրը:

Դուք նաեւ դասավանդում եք։ Ի՞նչն եք կարեւորում մանկավարժության բնագավառում։


– Մանկավարժության բնագավառում շատ կարեւոր է երեխային սովորեցնել սովորել, որ յուրաքանչյուրն էլ կարողանա իր կարողությունների սահմանում անել առավելագույնը, բացահայտել իր ներքին ռեսուրսները, կարողանա հասկանալ՝ ինչն է իր համար կարեւոր, առաջնային, ինչը կարող է ավելի լավն անել, շեշտադրել այդ ուղղվածությունը, զարգացնել, հետագայում մասնագիտություն ձեռք բերել եւ սովորեցնել սովորել ամբողջ կյանքի համար՝ ոչ միայն դպրոցական ու համալսարանական տարիներին, այլեւ ամբողջ կյանքի ընթացքում, որ մարդը կարողանա սովորել եւ իր սովորածը ծառայեցնել իր կարիերայի զարգացմանը, առաջընթացին, իր անձնական կյանքի բարօրության ամրապնդմանը: Եվ ամենից ավելի կարեւորում եմ հայրենասեր, հայրենիքը ճանաչող, սիրող, գնահատող, գիտելիք եւ ուսում կարեւորող սերունդ դաստիարակելը։ 

– Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մասին ի՞նչ կասեք։ 


– Ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում ինձ համար առաջնայինը փոխադարձ հարգանքի, ընկերության, վստահության վրա կառուցված հարաբերություններն են: Աշակերտը պետք է իմանա, որ ուսուցիչն իր վստահելի ավագ ընկերն է, որին կարող է ապավինել, որի մոտ կարող է շատ հանգիստ սխալվել եւ այդ սխալի համար չպատժվել, որովհետեւ դպրոցը այն ապահով եւ անվտանգ միջավայրն է, որտեղ մարդը կարող է սխալվել: Սխալվելու դեպքում ես ինքս չեմ ջղայնանում աշակերտների վրա, բայց բացատրում եմ, որ կարեւորն այդ սխալից հետեւություն անելն է եւ շտկելը: Եթե կարողանում ենք դրան հասնել, ուրեմն հաջողում ենք հարաբերություններում: Ինձ համար անհանդուրժելի են ուսման ու գիտելիքի նկատմամբ անտարբերությունը, եւ միայն այդ դեպքում կարող եմ երեխային նկատողություն անել, երբ նա չի սովորում: Բայց անպայման փորձում եմ գտնել այն եղանակը, որով նրան կմոտիվացնեմ, կսովորի: Գիտե՞ք, ամենահաճելի պահն այն է, երբ բոլորը ձգտում են, սովորում են, առաջընթաց ու առողջ մրցակցություն կա, եւ ամենակարեւորներից մի բան էլ՝ չկա գնահատականի նկատմամբ այդ անիմաստ մոլուցքը, որը ոչինչ չի փոխում իրենց կյանքում կայացման եւ զարգացման գործընթացում: 


– Ձեր համահեղինակությամբ հրատարակվել է «Գրականության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Խնդրում եմ, մի քիչ խոսեք գրքի մասին։ Այն ինչո՞վ է տարբերվում նախորդ դասագրքերից։

 – Իմ ու գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի համահեղինակությամբ լույս է տեսել «Գրականություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագիրքը, որը դարձյալ շտկումների, փոփոխությունների կարիք ունի: Մենք շատ կարեւորում ենք այդ դասագիրքը գործածող մանկավարժների, կրթության փորձագետների կարծիքը եւ սիրով քննարկում ենք ցանկացած հետաքրքիր, ադեկվատ տեսակետ: Դասագիրքը կազմելիս կարեւորել ենք աշակերտի հետ խոսող դասագիրք լինելու առանձնահատկությունը. երեխայի համար դասագիրքը պետք է լինի գրավիչ, որովհետեւ ամեն ինչի դեպքում առաջին ծանոթությունը սկսվում է հենց արտաքին տեսքից եւ ապա այն բովանդակությունից, որը ներկայացված է: Կարեւորել ենք ժամանակակից տեղեկատվական սարքերի օգտագործումը՝ հանուն եւ ի նպաստ գիտելիքի: Եվ իհարկե՝ դասագրքում շատ կարեւորվել են գրական երկ վերլուծելու, հասկանալու, ըմբռնելու, գրականությունը շատ գրավիչ առարկա դարձնելու միտումը: Երեխաներն աշխատում են տեքստերի շուրջ, վերլուծում, մեկնաբանում, բառապաշար ու պատկերավորման համակարգ ուսումնասիրում, քննարկումներ ու բանավեճեր կազմակերպում, տեքստային տարբեր տարբերակներով աշխատանքներ կատարում: Այսինքն՝ մեթոդական առումով այն շատ հագեցած է եւ կարող է բացահայտել, զարգացնել ու ամրապնդել աշակերտի կարողությունները, զարգացնել մտածելու, վերլուծելու, արտահայտվելու, ստեղծագործելու եւ այլ կարողություններ։

 Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ