You are currently viewing ԳԱՃԱՃԸ

ԳԱՃԱՃԸ

 Բազմադուռ հանրակացարանում կար մի խորհրդավոր ու փակ դուռ, որը տարբերվում էր մնացած նմանօրինակ դռներից, կար նաև մի նեղլիկ դուռ, որից դուրս էին բերում ոտքերն առաջ պարզած բոլոր մարդկանց, ու կարճ ժամանակ անց նրանց մասին  կարծես չէին էլ հիշում:

Մեծ ու բազմադուռ այդ հանրակացարանում բոլորի նման  իր գոյությունն էր քարշ տալիս մի գաճաճ տղամարդ: Նա դեսից-դենից ձեռք էր գցել մի կիսամաշ, ուսերից զգալիորեն կախ ընկած ֆրակ և առավոտից երեկո քիթը ցցած ման էր գալիս` մեկ մերթընդմերթ ուղղելով գլխից մեծ փողկապ-թիթեռնիկը, մեկ էլ ծոցագրպանից հանում էր փոքրիկ, տեղ-տեղ ատամները կոտրված սանրը՝ հարդարելով մազերն ու բեղերը:

 Առավոտից երեկո հանրակացարանի բնակիչները զբաղվում էին առևտրով: Օրվա երկրորդ կեսից մարդիկ, կարծես, դադարում էին միմյանց լսել ու հասկանալ. թեժ վեճ էր սկսվում: Մարմնեղ տղամարդիկ բռունցքներով ու շշերով խփում էին միմյանց: Կանայք բարձր բղավոցներով սկսում էին իրար մազ պոկել: Վիճաբանության ավարտից հետո մի քանի րոպե անսովոր լռություն էր տիրում, բայց  երկար չէր տևում: Բոլորն ինքնամոռաց շրջան էին կազմում ու սկսում էին խենթի պես  պար գալ:

Գաճաճին ոչ մի կերպ չէր հաջողվում անմասն մնալ կռիվներից և ամեն օր գլխին մի քանի հարված էր ստանում, ու նրան թվում էր, թե այդ հարվածներից է, որ հասակը չի ծաղկում: Եվ երբ սկսվում էր շուրջպարը, գաճաճն էլ, բոլորի նման մոռանալու տալով իր ցավը, գնում էր մասնակից դառնալու պարին, բայց նրան հրում, մի կողմ էին գցում:

— Չա՛ր, անհո՛գի ու զզվելի՛ մարդիկ,- հեկեկում էր գաճաճն ու քաշվելով իր փոքրիկ անկյունը՝ այնքան էր նվնվում, մինչև գիշերվա խավարը, լափելով մարդկանց աշխույժ եռուզեռը, ճիչերն ու ձայները, նրա հոգնատանջ աչքերին քուն էր բերում:

Գաճաճի օրերը հանրակացարանում սկսվում էին զբոսանքով: Նա պտտվում և աչքի պոչով մանրակրկիտ հետևում էր, թե ինչ է կատարվում շուրջը, թե քանիսն են իր վրա ուշադրություն դարձնում, բայց երբ զգում էր, որ բոլորի կողմից անտեսված է, սկսում էր ականջները սրել ու լսել սրա-նրա խոսակցությունները:

Հանկարծ մի օր գաճաճի ականջին այսպիսի խոսակցություն հասավ.

— Գիտե՞ս, Մարգիտե՛ս, ասում են, եթե հայտնաբերես խորհրդավոր դուռն ու կարողանաս ներս մտնել, կհարստանաս ու երջանկությունդ կգտնես: Գաճաճը խորազնին հայացքով նայեց զրուցակիցներին:

— Հե՜յ, դու, գաճա՛ճ, ի՞նչ ես կորցրել այս կողմերում, ինչո՞ւ ես ականջդ կախ գցել, չլինի՞, թե մեզ ես ականջ դնում,- կշտամբանքով հարցրեց Մարգիտեսը:

— Ո՛չ, ամենևին. ձեզ թվում է՝ ես ուրիշ բան ու գործ չունե՞մ,- վրա տվեց գաճաճն ու արագ հեռացավ: Հետո երկար պտտվելուց հետո վերջապես գտավ այդ խորհրդավոր դուռը: Իսկապես որ այն նման չէր իր տեսած և ոչ մի դռանը: Նա ամեն կերպ փորձեց բացել դուռը, բայց ոչինչ չստացվեց: Դռան վրա մի փոքրիկ ապակե պատուհան կար: Գաճաճը ձգվեց, կանգնեց թաթերի վրա, ցատկ կատարեց ու չհասավ պատուհանին: Սկսեց սենյակով մեկ գնալ-գալ: Հանկարծ աչքն ընկավ պատի անկյունում դրված իշոտնուկին:  Այն քաշելով մոտեցրեց դռանը, կանգնեց վրան և ներս նայեց: Ապակին շատ նեղ էր. միայն թույլ ու արտասովոր լույսի ներքո մի գեղեցիկ աթոռ տեսավ: Երբ ականջը մոտեցրեց դռանը, մի ցածրիկ, բայց հոգեզմայլ ու թախծալի երգ լսվեց: Նորից ամեն կերպ փորձեց բացել դուռը, և կրկին ոչինչ չստացվեց: Ճարը կտրած՝ վերադարձավ այն երկուսի մոտ, որ պարզեր, թե ինչպես կարող էր այդ դռնից ներս մտնել, բայց ընկավ ծեծկռտուքի մեջ: Այս անգամ այնքան ուժգին էին նրան հասած հարվածները, որ միանգամից քաշվեց իր անկյունն ու դժվարությամբ տեղավորվելով՝ պարեղանակի, աղմուկ-աղաղակի տակ քնեց ու մի զարմանահրաշ երազ տեսավ: Իբր երջանկության ու բարության Աստվածուհին՝ Տիքեն, իր ձեռքը բռնած՝ հերթով բացեց չորս ապակե պատուհանով դռներն՝ իրեն հասցնելով երջանկության աշխարհը: Հետո աստվածուհին մոտեցավ, բացեց այնտեղ գտնվող սնդուկի բերանը: Սնդուկից ճառագեց գաճաճին արդեն ծանոթ, արտասովոր թույլ լույսը, և լսվեց այն նույն թախծալի երգը: Գաճաճը վեր թռավ տեղից. դեռ լույսը չէր բացվել: Նա որոշեց բացել դուռը, ներս մտնել  ու ամեն գնով գտնել իր բաժին երջանկությունը: Նստեց պատի անկյունում ու երկար սպասեց: Լույսը բացվելուն պես մարմնեղ, հաստափոր Մարգիտեսը հայտնվեց և երեք անգամ թակեց դուռը, հետո գրպանից կապոցով թղթադրամ հանեց, դրեց դռան շեմքին, ու դուռը բացվեց: Գաճաճը, աչքն առանց թարթելու, հեռվից հետևեց ու տեսավ, թե ինչպես ներսից սև կաշվե ձեռնոցով մի ձեռք վերցրեց գումարը, գիրուկին ներս հրավիրեց, և դուռը կրկին փակվեց: Գաճաճն անմիջապես մոտ վազեց, հրեց դուռը, փորձեց բացել, բայց ոչինչ չստացվեց: Հետո երեք անգամ բարձր թակեց, ներսից մի տարօրինակ, կոպիտ ձայն հարցրեց.

— Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում:

— Ես, ես,- կմկմաց գաճաճը,- ես մի հարգված գաճաճ պարոն եմ և ուզում եմ ներս մտնել ու գտնել իմ բաժին երջանկությունը:

— Իսկ դու գումար ունե՞ս, առանց գումարի չես կարող ներս մտնել:

— Գումա՞ր, իսկ դա պարտադի՞ր է,- տարակուսանքով հարցրեց գաճաճը:

— Համա թե հիմարն ես դու` հարգված գաճաճ պարոն, մի՞թե չգիտես, որ առանց գումարի երբեք ոչինչ չես կարող անել: 

Գաճաճը շոշափեց դատարկ գրպանները, խոր հոգոց արձակեց և գլխիկոր հեռացավ: Որոշեց իրեն ծանոթ առևտրականներից պարտքով գումար խնդրել, բայց ոչ ոք չուզեց նրան օգնել: Քիչ էր մնում՝ հույսը կորցներ, երբ մի զարհուրելի, ուրվականի արտաքինով առևտրականի հանդիպեց:

— Ի՞նչ ես կամենում,- հեղհեղուկ ձայնով հարցրեց առևտրականը:

— Ե՞ս, ե՞ս,- կմկմաց գաճաճը:

— Այո,՛ դու:

— Ինձ շատ գումար է հարկավոր, բայց չեմ կարողանում ճարել,  վաճառելու էլ ոչինչ չունեմ: Ունեցած-չունեցածս այս մաշված ֆրակն է ու այս ծիծաղելի փողկապը, բայց սրանք ոչ մեկին հարկավոր չեն:

— Ես պատրաստ եմ ուզածդ գումարը քեզ տալ, սակայն մի պայմանով, որ դու ինձ վաճառես քո ներսում եղած սերը: Գաճաճն առանց երկար-բարակ մտածելու վերցրեց գումարը և տվեց իր սերը: Հետո այդ գումարը դրեց դռան շեմքին, և դուռն իսկույն բացվեց: Սև, կաշվե ձեռնոցով ձեռքը վերցրեց գումարը և ներս հրավիրեց գաճաճին: Երբ ներս մտավ, աչքն ընկավ պատին փակցված գրությանը. «Բարի գալուստ հաջողության աշխարհ»: Գաճաճը հրճվանքով առաջացավ և նստեց գեղեցիկ ու հարմարավետ աթոռին: Այնտեղ բնակվող մարդիկ մոտ եկան, ջերմ ողջունեցին ու ցանկացան շփվել նրա հետ: Բայց նա բոլորին արհամարհանքով հեռացրեց իրենից:

— Հե՜յ, լսո՞ւմ եք, ձեր գործին գնացե՛ք, դուք ինձ հարկավոր չեք:

Անցան օրեր, գաճաճը նկատեց, որ այդ հաջողության հարմարավետ աշխարհում կյանքը ոչնչով չէր տարբերվում նախորդից, և շուտ հիասթափվեց այդ աշխարհից, չէ՞ որ այնտեղ չգտավ իր երջանկությունը: Որոնող հայացքով պտտվեց ու գտավ ևս մի ապակյա դուռ: Այն բացելու համար այս անգամ նա վաճառեց իր խիղճն ու մտավ «փառքի» աշխարհը՝ բազմելով այն աթոռից կրկնակի անգամ հարմարավետ բազկաթոռին: Նկատեց, թե փառքի աշխարհում գոռոզ ու շողոքորթ մարդկանց հանդեպ կյանքը որքա՜ն առատաձեռն է: Բայց այնտեղ կար մի սովալլուկ որբ երեխա, որն ամեն օր աղեկտուր լացով կարծես խանգարում էր գաճաճին գտնել իր բաղձալի երջանկությունը: 

— Հե՜յ, դու՛, անպե՛տք արարած, ականջս տարար, կտրի՛ր զզվելի ձայնդ:

Եվ այդտեղ էլ հոգուն հասավ ձանձրույթն, ու վաճառելով հույսը՝ տեղափոխվեց «երանության» աշխարհ: Ամեն ինչ է՛լ ավելի շքեղ էր ու հրաշալի, բայց վայելքի երրորդ օրը գաճաճի սիրտը վախով լցվեց:  Քանի որ այնտեղ էլ չգտավ իր երջանկությունը: Կարծես՝ էլ ոչինչ չուներ վաճառելու: Հիշեց երազը, գտավ իր ծանոթ վաճառականին, որը գումարի դիմաց պահանջեց իր վերջին ունեցածը՝ ազատությունը: Նա կրկին առանց երկար-բարակ մտածելու վաճառեց ազատությունը, գումարը դրեց ապակե պատուհանով նեղլիկ դռան շեմքին, և բացվեց երազած «երջանկության» աշխարհի դուռը: Ներս մտնելուն պես զարմացավ: Երջանկության աշխարհում մութ էր, հեռվից մի թույլ լույս էր երևում: Ձեռքերը պարզած՝ ոտ-ոտ առաջ գնաց, որ գտնի իր բաժին երջանկությունը: Հանկարծ դեմ առավ սառը պատին: Այն շոշափելով գնաց առաջ՝ դեպի փոքրիկ ճաղավանդակով պատուհանից ներս սողոսկող թույլ լույսը: Սրտի բաբախը վախից արագացավ: Շրջվեց, որ գտնի դեպի իր երջանկությունը տանող իսկական դուռը, ու պատերի տակ նստած մարդկանց բազմության մեջ հանկարծ նկատեց Մարգիտեսին: Նրանք կուչ էին եկել սենյակի տարբեր անկյուններում և երգում էին կորցրած խղճի, սիրո, հույսի ու ազատության մասին: Հանկարծ ներսից բացվեց ավելի նեղլիկ թվացող  դուռը, և ներս մտավ դահիճն իր մարդկանցով…   

Արմինե ՄԵԼՔՈՆՅԱՆ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, «Սցենարադրամատուրգիական արվեստ» 2-րդ կուրս