You are currently viewing ԳԱԼԻՍ ԵՄ

ԳԱԼԻՍ ԵՄ

Մենախոսություն

Գործող անձ

Ռիչարդ (կարճ՝ Ռիչչի): 35 տարեկան, բարձրահասակ տղամարդ, գրող, դրամատուրգ: Աչքերը՝ կանաչ, անքնությունից և անկանոն սնվելուց մի փոքր փոս ընկած են և կարմրած: Ձախ աչքի տակ կա փոքրիկ խալ: Մազերը՝ շագանակագույն, խառնված, հազիվ հասնում են ուսերին: Հագին՝ չարդուկված վերնաշապիկ, որի մի մասը դրված է սև տաբատի տակ, որը նույնպես արդուկված չէ: Ոտքերին գուլպա չկա, միայն հողաթափերն են:

Չհավաքված անկողնուց մի փոքր հեռու դրված է սեղանը: Վրան դրված է թղթերի կույտ, գրական ամսագրերի մի քանի համարներ, Շեքսպիրի սոնետները, մի քանի հատ գրիչ, սուրճի դատարկ բաժակ և մի կնոջ նկար: Սեղանի կողքին կա աղբարկղ, որի մեջ և շուրջն ընկած են ճմրթված թղթեր:

Նստում է սեղանին դրված նկարի առաջ:

Բարև, ես եմ։ Ներիր, որ երկար ժամանակ չեմ խոսել հետդ։ Չէի կարողանում վեր կենալ անկողնուցս. անտանելի էր։ Երեկ գիշերը շատ ուշ քնեցի։ Նստած էի միացրած հեռուստացույցի դիմաց։ Չգիտեմ էլ, թե ինչ էր գնում… Ուղղակի նայում էի էկրանին։ Հետո վեր կացա և մոտեցա պատուհանին։ Ականջիս հասավ ծովի ձայնը։ Աչքերս փակեցի և շունչ քաշեցի։ Ծովի օդը ամբողջովին ողողեց թոքերս։ Հետո գնացի և պառկեցի՝ նայելով դատարկ առաստաղին…  Ժամը առավոտվա հինգն էր, որ վերջին անգամ նայեցի… Ու չգիտեմ՝ քանիսին արթնացա։ Գիտեմ՝ դու միշտ ստիպել ես, որ հետևեմ քնիս գրաֆիկին։ Կներես… անկարող եմ,  շատ եմ թուլացել։ Այս վերջին օրերս ընդհանրապես ոչինչ չեմ կարողանում անել, սիրելիս։ Հիմնականում…  դե՜, գնում-գալիս եմ սենյակում, գրում եմ իմ պիեսը,  որն այդքան ցանկանում էիր տպված տեսնել։ Արդեն վերջին արարվածի վերջին տեսիլն եմ գրում…

Փորփրում է կույտը: Մի թուղթ է գտնում, որի վրա գրել էր վերջին հատվածը: Սկսում է խոսել՝ թուղթը ձախ ձեռքում բռնած, աջ ձեռքը օդում կտրուկ շարժելով:

Կուզե՞ս իմանալ, թե ինչ է լինելու։ Ռոզան ձայն կտա Ջեյմսին, կքայլի ծովից վեր։ Կգոռա նորից՝ Ջե՜յմս։ Տխմարի՛ մեկը, ախր ասել էիր, որ երբեք սիրտս չե՛ս խոցի, չես թողնի ինձ մենակ։ Բայց դու գնացի՛ր։

Հետո մազերը կփետի, այ այսպե՛ս։ (փետում է մազերը, ցավից գոռում է) Գրո՛ղը տանի։

Հետո կբացի թևերը այսպես և կգոռա. ես գալի՛ս եմ,  Ջե՛յմս, լա՛յն բացիր գիրկդ, քանզի թռիչքս ուժգին է լինելու, վայրէջքս՝ հավերժ։ (կախում է գլուխը)

Սիրուն է,  չէ՞։ Գիտեմ, սիրունս, դու միշտ էլ չես սիրել տխուր ավարտներ։ Ասել ես քո Ռիչիին, որ ուրախ պիեսներ էլ գրի, բայց միայն ողբերգությունն էր քո Ռիչիի հոգուն հարազատ։

Գրկում է ինքն իրեն:

Այսօր մի տեսակ ցուրտ է… հետաքրքիր է՝ ամսի քանի՞սն է, արդեն ձմե՞ռ է, թե՞ դեռ հոկտեմբերի մեջ ենք։ Ծովից եկող քամին լցվել է սենյակս. դրանից մենությունս ավելի սարսափելի է դառնում։

Կտրուկ նայում է նկարին և անկանոն շարժումներով բղավում է.

Դե խոսի՛ր, ի՞նչ ես քարացել, գրո՛ղը քեզ տանի։ Արդեն քանի օր է՝  այստեղ նստած՝ քեզ եմ դիմում, քանի օր է՝ խոսում եմ հետդ, բայց դու միայն սիրունիկ աչքերդ ես հառել դեմքիս։ Խոսի՛ր, խոսի՛ր, բացի՛ր բերանդ։ Դե՛։

Ի՞նչ եմ ասում, չէ՞ որ դու չես կարող խոսել։ Վերջին բառդ, որ ասացիր, անունս էր… այդ ինչպե՜ս արտասանեցիր այն. «Ռիչչի»։ Այնքան հե՜զ, այնքան նո՛ւրբ… դողացող ժպիտը՝ գունատ շուրթերիդ։ Այդ ժպիտդ… Հերի՛ք է, ասես ծաղրես ինձ, չես կարող խոսել, գոնե մի՛ ժպտա։ Դե՛, փակի՛ր ատամներդ։

Դեմքն առնում է ձեռքերի մեջ:

 Անտանելի է, այս ցավն այնքան անտանելի է, ժպիտդ, ժպի՜տդ։ Ո՜նց է սպանում…

Հենց ժպիտն էլ դեմքիդ իջար ցած, երազներիս էլ գալիս ես նույն ժպիտով։ Միայն ժպտում ես, մի բառ չես ասում։ Տանջում ես ինձ, ա՜խ, ինչքա՜ն ես տանջում։ Ժպտում ես ապակու հետևից… (Վերցնում է նկարը) սառն ես դու։ Մազերդ եմ ուզում շոյել, դեմքդ սեղմել կրծքիս, բայց ի՜նչ սառն ես։ Միայն անվերջ ժպտում ես ապակու հետևից։

Չգիտեմ, թե ինչ կլինի այսօր, բայց սիրտս ասում է, որ արդեն ավարտվել է պիեսը… ողբերգությունը՝ Ռոզայի մահով։ Նա Ջեյմսի մոտ գնաց, չէ՞։

Այսօր երկինքն ամպամած է։ Ամպը գոռաց։ Լալիս է… Չէ, սիրտս վկայում է՝ այսօր մի բան կլինի, ահավոր բան…

Բորբոքվում է:

Լռությո՛ւնդ սպանում է ինձ։ Խոսի՛ր, սատանա՛ն քեզ տանի, խոսի՛ր, ա՛ռ քեզ։ (նկարը շպրտում է գետնին, ապակին կոտրվում է):

Դե, այդպես մնա ապակու կույտի մեջ…

Գնալով բարձրացնում է ձայնը:

Նայեք,  դեռ ժպտում է… Ժպտո՜ւմ է նա (ոտքով մի քանի անգամ հարվածում է նկարին: ) Դե՛,  ա՛ռ, ա՛ռ։ Մի՛ ժպտա։

Մի ժպտա… (ձեռքը դնում է կրծքին) Մի խոցիր սիրտս, սիրելի՛ս։ Ինչո՞ւ չես հասկանում, որ այդ ժպիտդ ինձ ստիպում է… մոտդ թռչել։

Ինչ ուժգին է լալիս երկինքը, կայծակը սարսուռ է շանթում…

Այդ սիրտս է ճայթում, սի՛րտս։

Ընկնում է ծնկների վրա:

Ոչ, ոչ, լաց մի՛ եղիր։ Այս ի՞նչ արեցի։ Նորից ցավեցրի քեզ, նորից, նորից։ Ների՛ր ինձ, ների՛ր։ (հավաքում է ապակու կտորները։ Ապակու կտորը կտրում է ձեռքի ափը, և արյան մի կաթիլ ընկնում է նկարի վրա։ Մի պահ լուռ նայում է նկարին)

Ես հասկացա… այո՛։ Երբ դու վերջին անգամ անունս տվեցիր, ես զգացի, որ ինչ-որ բան էիր ուզում ասել։ Ուզում էիր, որ գամ քեզ հետ, այնպես չէ՞։

Չէ՞ որ մենք երդվել էինք միասին լինել։

Ես հիմա հասկանում եմ։

Ապակու մի կտոր է վերցնում:

Լսո՞ւմ ես։  Ծովն է։ (Մոտենում է պատուհանին) Կատաղած խփում է ափերին։ Հետաքրքիր է՝ շուտով կգտնի՞ իր նախկին հանգստությունը։ Քանի օր է՝ այսպես է։ Երեկ հարցրի, թե ինչու է այդքան անհանգիստ, բայց, երևի, չլսեց։  Շարունակ տրտնջում էր։ Դե լավ չգիտեմ՝ երբ, բայց ուզում եմ, որ, ինչքան հնարավոր է, շուտ գտնի իր հանգիստը։ Չէ՞ որ դու նրան միշտ խաղաղ ես սիրել… քեզ վշտացրել են նրա ցնորքները…

Բացում է պատուհանը: Քամին մտնում է ներս:

Հուսով եմ՝ ինձ էլ դու հանգստություն կբերես։

Բարձրացնում է ապակու կտորը և աչքերով զննում այն: Քամին թափում է սեղանին դրված թղթերը: Թղթի մի կտոր ընկնում է Ռիչարդի ոտքերի առաջ: Ռիչարդը  վերցնում է այն և կարդում:

«Հարգելի Ռիչարդ Մորենո: Ձեր կինը և իմ մտերիմ ընկերուհին՝  Աննա Մորենոն, ինձ պատմել է ձեր մասին և ձեր ստեղծագործություններից ցույց է տվել մի անավարտ պիես՝  «Գալիս եմ»  վերնագրով: Ասեմ, որ շատ հավանեցի: Եթե երբևէ ցանկանաք հրատարակել այն, կարող եք դիմել ինձ: Կցանկանայի հանդիպել ձեզ հետ: Նամակի վերջում կթողնեմ իմ տպագրատան հասցեն»:

Մի պահ լուռ նայում է շուրջը: Հետո փակում է պատուհանը: Դրսում լսվում են ճայի ձայներ: Մի պահ հայացքով հետևում է ճայի շարժումներին, հետո ապակու կտորը գցում է աղբարկղը, ջղաձիգ շարժումներով հավաքում է թղթերը և զգուշորեն դնում սեղանին:

Գիտեմ, որ ինձ չես ների, եթե անավարտ թողնեմ գործս:

(Վերցնում է թուղթը: Կարդում է:)             

«…Բայց դու գնացիր»:

Բարձրացնում է թուղթը վեր՝ հայացքը վրայից չկտրելով: Հետո բարկացած պատռում է այն ու գցում աղբարկղի մեջ: Խորը շնչելով՝ նայում է թղթի կտորներին: Մաքուր թղթի կտոր ու գրիչ է վերցնում և սկսում է գրել:

Կարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ,

«Սցենարադրամատուրգիական արվեստ» 2-րդ կուրս