You are currently viewing ՄԱՀԸ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

ՄԱՀԸ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Համաձայն Եկեղեցու հայրերի՝ մահն այլ բան չէ, քան հոգու զատումն իր ժամանակավոր հանգրվանից՝ մարմնից: Երբ Աստված արարեց աշխարհը և վեցերորդ օրը արարչագործությունն իր լրմանը հասցրեց, մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ, օժտեց բանականությամբ, խոսելու կարողությամբ և եղածից նորն արարելու շնորհքով, պատվիրեց չճաշակել միայն չարի և բարու գիտության ծառի պտղից: Այդ արգելքով ազատակամություն պարգևեց և վարժեցրեց պահեցողության: Բայց երբ մարդն անտեսեց Եդեմի այգու բոլոր պտուղները և նախընտրեց ուտել միակ արգելվածը, անխուսափելիորեն դատապարտվեց իր համար սահմանված մահվանը: Այլ կերպ ասած՝ երբ մենք անհնազանդ ենք գտնվում տերունական պատվիրաններին, դատապարտվում ենք մահվան և՛ աշխարհի վրա և՛ հանդերձյալում: Աշխարհի վրա մահը պայմանավորված է մարմնից զատմամբ, որովհետև մարմինը հոգու նավն է, որի ծերացումը և կենսաբանական պրոցեսների դադարեցումը տանում է ֆիզիկական մահվան: Այն ոչ մի կերպ չի կարող բերել մարդու վերջնական գոյության դադարեցմանը: Այդ մարմնի հետ նրբորեն շաղկապված է հոգին, որ աննյութական, լուսեղեն գոյություն է: Այն ունի սկիզբ՝ ինչպես մարմինը, և չունի վերջ: Աստված չունի սկիզբ և չունի վախճան, ըստ սուրբգրային խոսքի, որ ասում է. «Ես եմ Ալֆան և Օմեգան, սկիզբն ու վերջը աշխարհի»:


Հավիտենական Աստված, մարդուն ֆիզիկական մահ պարգևելով, զերծ է պահում հավերժական տանջանքից և պարգևում հավիտենաձիգ երջանիկ կյանք՝ Իր խաչելությամբ, ըստ այն խոսքի, որ ասում է. «…որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ո՛վ որ Նրան հավատա, չմեռնի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):


Շատերի համար սա անհասկանալի արտահայտություն է: Եթե մենք պատասխան տայինք մեր գործած բոլոր «մեծ ու փոքր» մեղքերի համար, ոչ ոք չէր փրկվի: Ահա թե ի՛նչ է ասում Աստված Ադամին արգելված պտղի մասին. «…եթե ուտես, մահով պիտի մեռնես» (Ծննդոց 2:16): Մեզանից և ոչ ոք չէր կարող պատասխան տալ նույնիսկ իր գործած մեղքերի համար և արդարացած մտնել արքայություն, ոչ ոք չէր փրկվի, որովհետև «ամենքը մեղք գործեցին»: Ուրեմն պետք էր մեկը, որ անմեղ լիներ և իրավունք ունենար այլոց մեղքերը ներելու: Այդպիսին միայն Աստված է՝ Կատարյալ, Անմեղ և իրավասու ներելու ոչ թե մի քանիսի, այլ համայն մարդկության մեղքերը: Այդ պատճառով Հայր Աստված Իր Որդուն ուղակեց երկիր: Հիսուս խոնարհվեց Իր երկնավոր փառքից, մարդացավ, ծնվեց սուրբ կույս Մարիամից և Իր կատարյալ աստվածությունը միավորեց կատարյալ մարդեղությանը: Քրիստոս մարմնի մեջ լինելով, այն է թե ցավ, ցուրտ, քաղց զգալով, պահպանեց Իր անմեղությունը և, Կատարյալ Աստված լինելով, աշխարհի վրա բազմաթիվ փորձությունների ենթարկվեց: «Իր մահվամբ մահվանը հաղթեց» և համայն մարդկությանը հավիտենական կյանք շնորհեց, քանի որ իրավունք ուներ մեղքերի թողություն և քավություն տալու անկեղծ զղջացողներին: Նա է զրկողը, Նա է պարգևողը, Նա՝ է ընծայողը: Ուրեմն, Քրիստոս մարդուն ֆիզիկական մահ շնորհելով՝ փրկեց երկրորդ մահվանից, որ հոգու հավիտենական տառապանքն է՝ դժոխքի տարբեր տանջարաններում: Կատարվեց այն խոսքը, թե. «Քրիստոս խաչը ելավ, որպեսզի նրան հավատացողը կյանք ունենա և առավել ևս կյանք ունենա» (Հովհաննես 10:10):

Պատրաստեց
Նաիրա ՊԵՊԱՆՅԱՆԸ

Սկզբնաղբյուրը՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ