You are currently viewing ԻՆՉՊԵ՞Ս ԱՂՈԹԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ԱՂՈԹՔԸ ԼՍԵԼԻ ԼԻՆԻ

ԻՆՉՊԵ՞Ս ԱՂՈԹԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ԱՂՈԹՔԸ ԼՍԵԼԻ ԼԻՆԻ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ տալիս է Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին իր ճառում:

Աղոթքի մասին

Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս:
Աստված և’ տալիս (խնդրածը) և չի’ տալիս, և’ այն, և’ այս անում է օգուտի համար, այնպես, որ ստացար կամ չստացար` դու ստանում ես շնորհիվ այն բանի, որ չստացար, հաջողեցիր կամ թե չհաջողեցիր` դու հաջողեցիր շնորհիվ այն բանի, որ չհաջողեցիր:
Երբեմն օգտակար է չստանալը: Եթե մեզ համար հաճախ օգտակար չլիներ չստանալը, Աստված անկասկած կտար, այնինչ օգուտով չստանալը նշանակում է ստանալ: Եկեք չտրտնջանք խնդրածն ստանալու ուշացման համար, այլ այդ առիթով ցուցաբերենք մեծ համբերատարություն և կամք:
Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը: Բայց Նա չի շտապում, որպեսզի հենց մեզնից առիթ ստանա արդարաբար արժանացնել մեզ Իր խնամքին:
Այն պատճառով կստանանք մեր խնդրածը, թե չենք ստանա, համառ լինենք մեր խնդրածներով և երախտագետ լինենք ոչ միայն հաջողելու, այլև չհաջողելու դեպքում:
Չստանալ, երբ այդպես է կամենում Աստված, կնշանակի ոչ պակաս, քան ստանալ, որովհետև ինքներս այնպես չգիտենք, թե ինչն է օգտակար մեզ համար, ինչպես Նա գիտի:
Ուրեմն, կստանանք թե չենք ստանա, մենք պետք է հավասարապես երախտապարտ լինենք և ուրախությամբ ընդունենք այն, ինչ Նրան հաճո է:

Այդ պատճառով չէ Աստված դանդաղում կատարել մեր խնդրածները, որ մերժում է դրանք, այլ կամենում է ուսուցանել մեզ անհողդողդություն և գրավել առ Ինքը: Այդպես է վարվում որդուն քնքշորեն սիրող հայրը` հաճախ հավանություն չտալով որդու խնդրանքներին ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում տալ, այլ դրանով կամենում է նրան համառությամբ ամրապնդել:
Աղերսվածը ստանալը կախված է, առաջին` այն բանից, թե մենք արժանի՞ ենք ստանալ, երկրորդ` թե մենք աղոթում ենք Աստծո օրենքների համաձա՞յն, երրորդ` թե աղոթում ենք անդադա՞ր, չորրորդ` թե առօրեական բա՞ն չենք խնդրում, հինգերորդ` թե մեր կողմից կատարո՞ւմ ենք, այն, ինչ հարկ է, և վերջապես` թե օգտակա՞ր բան ենք խնդրում: Ինչպես այս պայմաններից է կախված աղոթքի չլսվելը, այդպես էլ հակառակ պայմաններից է կախված չլսվելը, թեկուզև աղոթողները արդարամիտ լինեն:
Ո՞վ էր Պողոսից ավելի արդար: Բայց երբ անօգուտ բան էր աղաչում, չլսվեց. «Եվ դրա համար, — ասում է առաքյալը, — երեք անգամ աղաչեցի Տիրոջը… բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բավ է» (Բ Կորնթ. 12: 8-9):
Նախապես ո՞վ է ավելի արդար, քան Մովսեսը: Եվ նա նույնպես չլսվեց, և Աստված նրան ասաց` բավական է (Բ Օր. 3:26):Քանի որ նա խնդրում էր, որ մտնի ավետյաց երկիր, իսկ դա անօգուտ կլիներ, ապա և Աստված թույլ չտվեց:

Բացի այդ` մենք չենք լսվում նաև այլ պատճառով, որ մեղքերի մեջ ենք հենց այն ժամանակ, երբ խնդրում ենք:

Այդ մասին Աստված ցույց է տալիս, երբ հրեաների մասին ասում է Երեմիային. «Իսկ դու մի’ աղոթիր այդ ժողովրդի համար… Չե՞ս տեսնում, թե ինչե’ր են կատարում» (Երեմիա 7:16-17): Նրանք, ասում է Նա, պիղծ բաներ են անում, իսկ դու նրանց համար խնդրում ես: Բայց Ես չեմ լսելու քեզ: Հավասարապես, երբ մենք մեր թշնամիների դեմ ինչ-որ բան ենք խնդրում, ապա ոչ միայն չենք լսվում, այլև բարկացնում ենք Աստծուն:
Աղոթքը բժշկություն է, սակայն երբ չգիտենք, թե ինչպես օգտագործել այդ բժշկությունը, ապա չենք կարող օգտվել նրա բուժական զորությունից:

Այսպիսով, մեծ բարօրություն է աղոթքի մշտականությունը, ինչպես ուսուցանում է մեզ քանանուհու հետ կատարվածը. իրոք, այն ինչին համաձայն չէր Քրիստոս, երբ Նրա առաքյալները խնդրում էին, քանանուհին հաջողեց՝ իր համառությամբ հասնելով խնդրածի իրագործմանը:
Աստված ավելի շատ կամենում է, որ մենք խնդրենք մեր մեղքերի համար, քան ուրիշներն անեն դա մեր փոխարեն: Երբ խնդրում ենք մարդկանց, մեզ հարկ է լինում և’ դրամ ծախսել, և’ ստրկաբար շողոքորթել, և’ շատ անգամ գնալ-գալ, և նեղություններ քաշել, որովհետև հաճախ անհնար և անմատչելի է լինում անմիջապես զրուցել վերևում կանգնածների հետ, այլ նախ անհրաժեշտ է լինում և’ դրամով, և’ զանազան զրույցներով գրավել նրանց ծառաների, կառավարիչների և վստահված անձանց ուշադրությունը և նրանց միջոցով ստանալ խնդրածը:
Իսկ երբ տեսնում է ուժգին և ջանասեր խնդրողին, ապա տալիս է և այն, ինչ նա չի ստացել մեզանից, իսկ երբ տեսնում է ծույլին, ապա Ինքն է հապաղում:

Այդպես են վարվում նաև քնքշորեն սիրող հայրերը. նրանք նույնպես խնդրանքի կատարման հետաձգումով անհոգ երեխաներին ջանասիրության են վարժեցնում:

Լսվո՞ւմ է քո խնդրանքը: Երախտապարտ եղիր, որ լսվել ես: Չի՞ լսվել: Եղիր համառ, որպեսզի լսվես: Դու միջնոդների կարիք չունես ոչ նեղություն քաշելու, ո’չ որևէ մեկին շողոքորթելու, ընդհակառակը, թեկուզև կատարելապես մենակ լինես, թեկուզ չունենաս հովանավոր, դու անպայման կհասնեն քո ուզածին, եթե ինքդ խնդրես Աստծուն:
Սովորաբար այդպիսի ակնածություն չունի Աստված, երբ Նրան մեր փոխարեն խնդրում են ուրիշները, քան երբ ինքներս ենք Նրան խնդրում, թեկուզ և լեցուն լինենք անհամար չարություններով: Թող ինձ լսեն նրանք, ովքեր աղոթում են անփութորեն և տրտնջում խնդրած պարգևի ուշացման համար:
Երբ ես ասում եմ` կանչիր Աստծուն, խնդրիր, աղաչիր Նրան, դու պատասխանում ես` ես խնդրեցի մեկ, երկու, տասը, հարյուր անգամ և չստացա:

Սակայն մի դադարիր, քանի դեռ չես ստացել, երբ կստանաս, այդժամ դադարիր կամ ավելի ճիշտ մնա աղոթքի մեջ: Եթե չես ստացել, ապա աղոթիր, որ ստանաս, եթե ստացել ես, ապա շնորհակալ եղիր, որ ստացել ես:
Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստված լսի՞: Ծնրադրեցի, ասում ես: Սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ` դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ` տոկոսներ էր հաշվում, պարտավորություններ, առևտրական շրջագայություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ:
Սատանան լինելով նենգ և իմանալով, որ աղոթելիս մեծ հաջողությունների ենք հասնում, այդ պահին գալիս է մեզ մոտ, չէ՞ որ հաճախ, անհոգորեն մահճակալին պառկած, մենք ոչ մի բանի մասին չենք մտածում, իսկ գալով աղոթքի, հենց այդ պահին մեր գլխին են թափվում բազում մտածումներ, որպեսզի մեզ զրկեն աղոթքի պտուղներից և դրանք կատարելապես ապարդյուն դարձնեն:
Եվ հաճախ է պատահում, որ ավարտելով աղոթքը` մենք հեռանում ենք` չլսելով այն, ինչ ասել ենք:

Այսպիսով, երբ նկատում ենք, որ այդպես է, ապա անմիջապես պետք է կրկնենք աղոթքը, իսկ եթե մեզ հետ նորից պատահում է նույնը, ապա վերստին պետք է աղոթենք երրորդ, չորրորդ անգամ և չդադարեցնենք այնքան ժամանակ, քանի դեռ խնամքով և սթափ հոգով սրտներս Աստծո առջև չենք բացել:
Եթե գալով որևէ մարդու մոտ, մեր մեջ հայտնաբերում ենք այնպիսի ինքնասուզություն, որ անգամ չենք նկատում կողքի կանգնածներին, այլ կենտրոնանալով խորհում ենք միայն այն մասին, ում մոտ եկել ենք, ապա առավել ևս նույնը պետք է անենք Աստծո հանդեպ. պետք է ուշադիր լինել աղոթելիս և չմտածել այլ բաների մասին:
Եթե լեզուն արտասանում է բառեր, իսկ միտքը թափառում է այլուրեք` խորհելով տան և հասարակաց գործերի մասին, ապա մեզ համար ոչ միայն օգուտ չի լինի, այլ հակառակը` դատապարտությունն ավելին կլինի:
Եթե մարդկանց այդքան ժամանակ ենք հատկացնում` ծառայելով բանակում, տանելով բազում դժվարություններ և ստրկաբար կատարելով պարտավորություններ, և վերջ ի վերջո, հաճախ կորցնում ենք անգամ հույսը, ապա մի՞թե մեր Տեր Աստծո համար, Ումից անպայմանորեն կստանանք պարգևներ, առավել շատ արդյունքներ, արիություն չունենք նույն կերպ վարվել: Եվ ի՞նչ պատժի արժանի բան է դա:
Չէ՞ որ անգամ չստանալու դեպքում Աստծո հետ մշտական զրույցն ինքնին բազում բարիքներ է պարունակում: Իսկապես մեծ բարիք է աղոթելը և դրա միջոցով Աստծո հետ զրուցելը: Եթե առաքինի մարդու հետ զրուցելն օգտակար է, ապա ինչ հաճույք է ստանում նա, ով արժանանում է Աստծո հետ զրուցելուն:
Անմտությո՞ւն չէ ծառաներին հրամայել, որ անդուլ ծառայեն մեզ, իսկ ինքներս փոքր-ինչ ժամանակ չենք տրամադրում Աստծուն:

Դու քո օգուտը չգիտես, մա’րդ, և հաճախ վնասակարն ու խաբեականն ես խնդրում: Սակայն նա, ով ավելի է մտահոգ քո փրկությամբ, ոչ թե աղոթքներին է ուշք դարձնում, այլ դրանից առաջ նախատեսում է քո օգուտը:
Արդարև, եթե մարմնավոր հայրերն իրենց երեխաներին իսկույն չեն տալիս նրանց խնդրածը և ոչ այն պատճառով, որ զանցառում են խնդրողին, այլ որովհետև, հակառակը, ավելի հոգածու են, ապա առավել ևս այդպես է վարվում Աստված, Ով բոլորից շատ է սիրում և բոլորից շատ լավ գիտի, թե որն է մեզ համար օգտակար:

Երբ դու նվազեցնում ես աղոթքիդ ջերմեռանդությունը, որովհետև չես ստանում, ապա հիշիր, թե քանի անգամ քեզ դիմեց աղքատը, և դու չլսեցիր նրան, մինչդեռ նա դրա համար չատեց և չվիրավորեց քեզ, ընդ որում դու դա արեցիր դաժանորեն, իսկ Աստված անում է մարդասիրաբար:
Այսպիսով, եթե դու ինքդ քո դաժանության պատճառով չլսեցիր թշվառին և քեզ մեղավոր չես ճանաչում, ապա ինպե՞ս ես մեղադրում Տիրոջն, Ով մարդասիրաբար զանցառում է:
Եթե երանելի Դավիթը, լինելով թագավոր և խրված հոգսերի ու բազմազբաղության մեջ, օրվա ընթացքում յոթ անգամ աղոթում էր Աստծուն, ապա ի՞նչ արդարացում և ներում ունենք մենք, որ այդքան պարապ ժամանակ ունենք և Նրան մշտապես չենք աղոթում, քանի որ կարող ենք դրանից մեծ օգուտներ ստանալ:
Ակունքի ջրերն այդքան ծաղկուն չեն դարձնում այգին, ինչպես արցունքի ակունքը, ոռոգելով աղոթքի ծառը, այն հասցնում է մեծագույն բարձրության և աղոթողին կանգնեցնում Աստծո առջև:
Հենց ամենից շատ դրանից է կախված մեր ձայնի տեղ հասնելը: Հիրավի, նա, ում մարմինն այն ժամանակ, երբ մեկնված է գետնին և բերանն անիմաստորեն բարբառում է, հոգին թափառում է ամենուր` տանը, հրապարակներում, նա կարո՞ղ է ասել, որ աղոթում է Աստծուն:
Աղոթքով սկսվող ու ավարտվող սեղանից ոչինչ չի պակասի և, ինչպես հորդառատ աղբյուրից, մեզ կտրվեն բոլոր բարիքները:

Տարօրինակ է, որ մեր ծառաները, մեր սեղանից ինչ-որ բան ստանալով, շնորհակալություն են հայտնում և բարի խոսք ասելով` հեռանում, իսկ մենք, հաճույք ստանալով այդքան առատ բարիքներից, Աստծուն այդպես չենք փառաբանում:
Այդ պատճառով մեր և հասարակաց, և անձնական գործերն ընթանում են հակառակ մեր սպասման, որովհետև սկզբից ոչ թե հոգևոր գործերի մասին ենք հոգ տանում, այլ առօրեական: Թե՞ դու չգիտես, որ եթե գալիս ես երկրպագելու Աստծուն և մասնակցություն ես բերում այստեղի (եկեղեցական) գործերին, ապա քեզ համար ավելի հեշտ կդառնան սպասվող (առօրեական) գործերը:
Սակայն դու ունե՞ս առօրյա գործեր: Հենց դրանց համար էլ արի այստեղ, որպեսզի այստեղ գալով՝ գրավես Աստծո բարեհաճությունը, անվտանգ դուրս գաս, որպեսզի ունենաս Աստծո դաշնակցությունը, որպեսզի երկնային Աջի օգնությամբ դևերի համար անհաղթահարելի դառնաս:
Եվ թող ինձ չասեն, թե ծառայության մեջ գտնվող աշխարհիկ մարդու համար անհնար է մշտապես աղոթել ցերեկով և եկեղեցի գալ: Հնարավոր է, և այն էլ` բավական հեշտ: Եթե հեշտ չէ եկեղեցի գալը, ապա կարելի է աղոթել առանց թողնելու ծառայությունը` կանգնելով այնտեղ` դատարանի դռների առջև: Եվ այդպես հաճախ շատերն են վարվում:
Աղոթքի համար այնքան բառերը կարևոր չեն, որքան միտքը, ոչ այնքան ձեռքերի շարժումներն են պետք, որքան հոգու լարվածությունը, ոչ այնքան մարմնի դրությունն է կարևոր, որքան հոգու տրամադրությունը:

Այդպես և Աննան՝ Սամվելի մայրը, լսելի եղավ ոչ այն պատճառով, որ արտասանեց պերճ և բարձրագոչ բառեր, այլ որովհետև շատ բաներ ոգեկոչեց ամբողջ սրտով. «Ձայնը լսելի չէր, բայց Տերը լսեց նրան» (Ա Թագ.1:13): Այդպես է վարվում Աստծո հետ նա, ով ցանկանում է որևէ բան ստանալ առանց պրկման և հորանջի, առանց քնկոտության, առանց լեզու քորելու և առանց անփութության: Մի՞թե Աստված չէր կարող տալ առանց աղոթքի: Մի՞թե Նա նրա խնդրանքից առաջ չգիտեր կնոջ ուզածը: Բայց եթե Նա տար խնդրելուց առաջ, ապա կնոջ ջանքը չէր բացահայտվի, չէր բացահայտվի նրա բարեպաշտությունը, և դրա համար այդպիսի պարգևի չէր արժանանա:

Իրոք, ոչ մի բան սիրտն այդպես չի դարձնում իմաստասեր, քան Աստծո համար տրտմությունն ու թախիծը:

Այդպիսով, մենք պետք է և’ խնջույքից առաջ, և’ խնջույքից հետո երախտապարտ լինենք Աստծուն: Ով իրեն պատրաստել է դրան, նա երբեք չի արբենա և անկարգություններ չի անի, երբեք չի կրի թունավորման հետևանքները, այլ աղոթքի սպասումով զսպելով իր դիտավորությունները և կարծես սանձելով իրեն` անհրաժեշտ չափով կօգտվի բոլոր առաջարկվածներից, և դրանով մեծ հաճույք կպատճառի և’ մարմնի, և’ հոգու բարեկեցությանը:
Եթե դու հաղորդակցվես հոգևոր աղոթքներին, եթե մշակես ընդհանուր աղոթքը, եթե առ քեզ գրավես Աստծո օգնությունը, եթե այստեղից դուրս գաս` պաշտպանված Աստծո զորությամբ, ապա քեզ հետ չեն համարձակվի առնչվել ո’չ սատանան, ո’չ էլ չարակամ մարդիկ, ովքեր ձգտում են վիրավորել ու զրպարտել քեզ: Եթե դու տնից դուրս գաս փողոց և զրկված լինես այդ զորությունից, ապա հեշտ թիրախ կլինես քեզ վիրավորողների համար:

Եկեք չարդարանանք` ասելով, թե աղոթելը հեշտ չէ այն մարդուն, ով թաղված է առօրյա գործերում և շրջակայքում մոտիկ աղոթատուն չի գտնում: Որտեղ էլ լինես` դու կարող ես ունենալ սեփական աղոթասեղան, դա ոչ մեծ տեղ է պահանջում, ոչ էլ երկար ժամանակ: Թեպետև դու ծնկի չես գալիս, կուրծք չես ծեծում, ձեռքերդ երկինք չես կարկառում, այլ լոկ ջերմ հոգիդ ես ցուցանում, ապա դրանով իսկ կատարում ես այն, ինչ անհրաժեշտ է աղոթքին: Չէ՞ որ կարելի է, ի վերջո, փողոց դուրս գալ և մեն-մենակ քայլելով` ջերմագին աղոթել: Կարելի է և նստել արհեստանոցում, կոշիկ կարել, սակայն հոգին բացել Տիրոջ առջև: Կարելի է և’ ծառայելիս, և’ առևտուր անելիս ներքև կամ վերև բարձրանալ-իջնելիս, խոհանոցում գործ անելիս, երբ անհնար է եկեղեցի գնալը, անկեղծ և ջերմագին աղոթել: Աստված չի խորշում տեղից, այլ միայն մեկ պահանջ ունի`բորբոք սիրտ և կենտրոնացած հոգի:
Այդպես և Պողոսը, ոչ թե աղոթատանը, այլ` զնդանում, ձեռքերը տարածած և չկարողանալով ուղիղ կանգել և ծնկի եկած, որովհետև դրան խանգարում էին ոտքերի կալանակոճղերը, գրեթե պառկած վիճակում, ջերմագին աղոթելով` ցնցեց զնդանը, սասանեց նրա հիմքերը, սարսափեցրեց զնդանի պահապանին, այնուհետև նրան հաղորդակից դարձրեց սուրբ խորհրդին: Ե’վ Երեմիան տիղմի և գուբի մեջ, և’ Դանիելը գուբի և գազանների մեջ, և’ Հովնանը կետի փորում կանչեցին Աստծուն և հաղթահարելով բոլոր սարսափելի աղետներն՝ ունեցան Նրա բարձր ողորմածությունը:

Ի՞նչ բառեր պիտի ասես, երբ աղոթում ես: Այն նույնը, ինչ քանանուհին: Իսկ նա ասում էր. «Ողորմի’ր ինձ, Տե’ր, աղջիկս չարարչար դիվահարվում է» /Մատթ.ԺԵ.22/ այդպես և դու ասա` ողորմիր ինձ, հոգիս դաժանորեն դիվահարվում է:
Մեղքը մեծ դև է: Դիվահարը գութ է առաջացնում, իսկ մեղավորը` ատելություն: Ողորմի’ր ինձ. կարճ խոսք է սա, սակայն առաջ բերեց ծով մարդասիրություն, որովհետև որտեղ ողորմածություն կա, այնտեղ ամեն տեսակ բարիքներ կան: Եթե եկեղեցում չես, ձայն տուր Աստծուն և ասա` ողորմի’ր ինձ, թեկուզ և չշարժելով բերանդ, այլ կանչելով մտքով: Աստված լսում է նաև լռողներին: Ոչ թե տեղն է կարևոր, այլ բարեպաշտության հիմքը:

Երեմիան թաղված էր տիղմի մեջ և գրավեց Աստծուն, Հոբը կորած էր պալարների մեջ և Աստծու մոտ ողորմություն գտավ, Հովնանը կետի փորում էր, և Աստված ուշք դարձրեց նրան:

Իսկ դու թեկուզ բաղնիքում լինես` աղոթիր, որտեղ էլ գտնվելիս լինես` աղոթիր: Դու Աստծո տաճարն ես, ուստի տեղ մի որոնիր: Ծովն առջևում էր, եգիպտացիք` ետևում, իսկ Մովսեսը մեջտեղում կանգնած լռում էր` աղոթելու մեծ դժվարություններ կային: Եվ Աստված ասաց նրան. «Ինչո՞ւ ես կանչում ինձ» (Ելք 14:15):
Աստված քեզ չի լսում այնպես, երբ դու մենակ ես աղոթում, ինչպես, երբ աղոթում ես քո եղբայրների հետ, որովհետև այստեղ էլ մի բան կա` միահամառություն և համաձայնություն, երեցների սիրո ու աղոթքի միություն: Երեցները հենց նրա համար են, որպեսզի ժողովրդի թույլ աղոթքը միանա իրենց ուժեղ աղոթքներին և դրանց հետ միասին բարձրանա երկինք:
Ոչ մի սխրանք չի կարող բավականաչափ մեծ լինել, եթե դրանից ուրիշների համար օգուտ չկա: Թեկուզև դու լինես ծոմապահ, թեկուզև քնես հողին, թեկուզև մոխրով կերակրվես, թեկուզև անդադար լաց լինես, սակայն եթե օգուտ չես բերում որևէ մեկին, դու մեծ գործ չես կատարում: Այսպիսով, սրբերի աղոթքներից օգտվելը լավ է մի պայմանով, որ ինքներս էլ պարապ չենք նստում, իսկ եթե այդպես չէ, ապա մեզ չի օգնի նաև ուրիշների օգնությունը, ընդհակառակը, դա ունենալով անգամ` կկորածանվենք:

Ի՞նչ օգուտ բերեց Երեմիան հրեաներին: Երիցս չդիմե՞ց Աստծուն և երիցս լսեց. «Մի’ աղոթիր այդ ժողովրդի համար, որովհետև քեզ չեմ լսելու» /Երեմիա 7:16/:

Եթե թշնամիներ ունենալն արդեն հանցանք է, ապա խորհիր, թե ինչ հանցանք է աղոթել ի վնաս նրանց: Դու ներում պետք է խնդրես առ այն, որ թշնամիներ ունես, իսկ դու դեռ մեղադրո՞ւմ ես նրանց: Իսկ դու ինչպե՞ս կարող ես ներում ստանալ, երբ մեղադրում ես ուրիշներին, ընդ որում այնժամ, երբ ինքդ մեծ ողորմածության կարիք ունես: Չէ՞ որ դու գալիս ես քո մեղքերի համար ներում խնդրելու, ուստի մի հիշիր ուրիշի մեղքերը, որպեսզի քո մեղքերը չհիշեցնեն:
Այնինչ, հարկ է վարվել ճիշտ հակառակ կերպ`աղոթել նաև թշնամիների համար, որպեսզի հանդգնես աղոթել նաև քեզ համար: Եթե դու աղոթես նրանց համար, թեկուզև քո մեղքերի մասին ոչինչ չասես, ուրեմն դու ամեն ինչ արել ես, ինչպես հարկն է:
Դու մարդ ես, ուստի իժի թույն մի’ թափիր: Դու մարդ ես, գազան մի’ եղիր: Բերանը քեզ տրված չէ, որպեսզի խոցես մարդկանց, այլ որպեսզի բուժես ուրիշների խոցերը: Հիշիր’, թե ինչ է ասում Աստված: Ես պատվիրել եմ քեզ թողություն տալ և ներել: Իսկ դու պաղատում ես, որ Ես էլ դառնամ քո գործակիցը: Իսկ Իմ պատվիրանները խախտելու գործում խժռում ես եղբորդ, լեզուդ թաթախում ես արյան մեջ դիվոտածների նման, որվքեր պատառոտում են իրենց իսկ մարմինը:
Ընդ որում, երբ մենք աղոթում ենք մեզ համար, ապա և’ քորվում ենք, և’ հորանջում ենք, և’ հրապուրվում հազարավոր դիտավորություններով, իսկ թշնամու կորստի համար աղոթում ենք առանձնակի ուշադրությամբ: Քանի որ սատանան այդ պահին գիտի, որ դրանով սուր ենք բարձրացնում ինքներս մեզ վրա, ապա նա չի ցրում մեր ուշադրությունը և մեզ չի կանգնեցնում, որպեսզի ավելի վնասի մեզ: Սակայն առարկում ես դու` ինձ վիրավորել ու վշտացրել են: Ապա այդ դեպքում աղոթիր սատանայի կորստյան համար, որովհետև նա անհամեմատ ավելի է վիրավորել մեզ. չէ՞ որ հենց սատանան է ծնել թշնամիներին: Եթե դու կաղոթես թշնամիներիդ կորստյան մատնելու աղոթքով, ապա դու կաղոթես մի աղոթքով, որ ցանկանում է սատանան, և ընդհակառակը` եթե դու կսկսես աղոթել թշնամիներիդ համար, ապա քո աղոթքը դեմ կլինի սատանայի ցանկությանը: Արդարև, միայն սատանան է մեր միակ թշնամին, իսկ մարդը, ինչ էլ նա արած լինի, մնում է մեր եղբայրն ու բարեկամը: Հապա ինչո՞ւ ես իսկական թշնամուն թողած՝ չարչարում սեփական մարմինդ:

Այսպիսով, սիրելիներս, իմանալով այդ` փորձենք վարվել ըստ Աստծո պատվիրանների և կամքի, որպեսզի մեզ հասու լինի երկնային արքայությունը, մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին փառք և զորություն` Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և հավիտյանս հավիտենից. Ամեն: