You are currently viewing ԿԵՍ ԴԱՐ «ԴԻՐՔԵՐՈՒՄ»

ԿԵՍ ԴԱՐ «ԴԻՐՔԵՐՈՒՄ»

 
Դյուրին չէ լրագրային փոքրիկ հոդվածի շրջանակներում տեղավորել կեսդարյա աշխատանքային կենսագրությունը ունեցող, ժողովրդի վստահությունն ու սերը վայելող բժշկուհու անցած ուղին, տալ մասնագետի և մարդու նրա նկարագիրը։ Կես դարի ուղիղ կեսը Խալիսա Արզումանյանն աշխատել է Ճարտարի տեղամասային հիվանդանոցում։ Նրա մասնագիտական գործունեության աշխարհագրությունը, սակայն, Ճարտարով չի ավարտվում։ Բժշկուհուն այցելում կամ հիվանդականչի են տանում հարևան Կարմիր Շուկա ավանից, Սոս, Խնուշինակ և այլ գյուղերից։ Իսկ մասնագիտական ուսումնառությունն սկիզբ առավ Ստեփանակերտի բժշկական տեխնիկումից, որն ավարտեց գերազանցությամբ։

Մասնագիտական կողմնորոշմանն օգնեց Թամարա Քամալյանը, ում անունն է այսօր կրում Ստեփանակերտի բժշկական կրթօջախը։ Բժշկական բարձրագույն կրթություն ստացավ Բաքվում, ուր լսեց հույն, հրեա և ռուս մասնագետների դասախոսությունները։ «Ոչ մի ադրբեջանցի գիտնական չկար»,-հիշում է բժշկուհին։ 

Ավարտեց, ամուսնացավ, չորս զավակ ծնեց, դաստիարակեց։ -Ձեր կյանքի ամենաուրախ և ամենատխուր օրերը ,-հարցնում եմ։ Ամենաուրախ օրերը նա համարում է իր առաջին թոռան ծնունդը, երբ տատիկ դարձավ, իսկ տխուր օրերը շատ են եղել։ -Շատ ծանր եմ տանում հիվանդիս մահը։ Հնարավոր և անհնարին ինչ անհրաժեշտ է, թեև կատարում եմ, բայց էլի հոգիս ալեկոծվում է` գուցե ամեն ինչ չեմ արել, մտատանջվում եմ,-ասում է նա։

Վաստակաշատ և փորձառու բժշկուհին կարևորում է վերապատրաստման դասընթացները և պարտադիր մասնակցում է, քանի որ բժշկությունն անընդհատ զարգացող գիտություն է, և կյանքի առաջընթացից հետ չի մնում։ Փնտրված մասնագետ է բժշկուհի Խ. Արզումանյանը, նրա տված ախտորոշումը միշտ անսխալ է, այն հաստատում են և՛ Ստեփանակերտի , և՛ Երևանի բժիշկները։

Առայսօր դիրքերում է նա, աշխատում է Ճարտարի տեղամասային հիվանդանոցում, և դժվար է պատկերացնել այդ մեծ գյուղի ու նրա հարակից բնակավայրերի ժողովրդի վիճակն առանց նրա։ Չի հոգնում, հիվանդականչի է գնում օրվա բոլոր ժամերին։ Եթե ճանապարհը մեքենայի համար անանցանելի է, ոտքով է հասնում, առանց տրտնջալու` հավատարիմ Հիպոկրատի երդմանը։

«Երիտասարդական ավյուն սնող երակը ժողովրդի սերն է, հիվանդներիս երախտագիտությունը։ Մարդկանցից պահանջված լինելը պարտավորեցնում է լինել առողջ և սպասարկել հանրությանը։ Այնքան զբաղված եմ, ոչ օրվա իմ գրաֆիկի մեջ հիվանդությունը սողանցք չի գտնում»,-ասում է։ 

Տարբեր տարիներ պատվոգրեր է ստացել։ Նման մասնագետը, մեր կարծիքով, գնահատանքի է արժանի։ Նրա փորձը, տասնամյակներով կուտակած գիտելիքներն այսօր անհրաժեշտ են ոչ միայն հիվանդներին, որոնց նա բուժում է , այլև երիտասարդ մասնագետներին, ովքեր դրա կարիքն ունեն։

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազատ Արցախ» հանրապետական թերթ, 6 ապրիլի 2013 թ.

ОтветитьПереслать