You are currently viewing ՄԱՐԴ, ՈՎ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՍԵՐ Է ԵՎ ՆՎԻՐՈՒՄ

ՄԱՐԴ, ՈՎ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՍԵՐ Է ԵՎ ՆՎԻՐՈՒՄ

Խալիսա Բախշիի Արզումանյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 22-ին, Ճարտար գյուղում: Ուսում է ստացել տեղի միջնակարգ դպրոցում, ապա այն շարունակել Ժդանովի շրջանի Թազաքենդ գյուղում: 1950-54 թվականներին սովորել է Ստեփանակերտի բժշկական տեխնիկումում, որն ավարտել է գերազանցությամբ: 1954 թվականին ընդունվել է Ադրբեջանի պետական բժշկական համալսարանը և ավարտել 1960 թվականին: 1960-88 թվականներին իր մասնագիտությամբ աշխատել է Թազաքենդ գյուղում: 1988 թվականին, Արցախյան շարժման հետ կապված, ընտանիքով տեղափոխվել է Ճարտար: 1988 թվականից մինչև օրս աշխատում է Ճարտարի տեղամասային հիվանդանոցում: Աղջիկն` Էլզան ևս ընտրել է բժշկի մասնագիտությունը և աշխատում է Երևանում:


Ինձ համար ամենաիսկական հայուհին իմ տատիկն է` Խալիսա Արզումանյանն, իմ շատ բարի տատիկը` հարազատ մարդ, ով նաև սիրելի, ուշադիր ընկեր է, հոգատար և սիրող մայր:Տատիկս ամեն անգամ ասում է, որ մազերը սպիտակել են, արդեն ծերացել է, էլ առաջվանը չէ: Բայց այդ խոսքերն ես չեմ սիրում: Չնայած նրա ձյունաճերմակ մազերին ու դեմքի խորշոմներին` նա գեղեցիկուհի է, բարի և կամեցող, ուշադիր և սիրառատ մարդ:Տատիկս ունի ոգեղեն մի մեծ ուժ, որը նրան ուղեկցել և ուղեկցում է մինչև այսօր: Նրա կյանքում եղել են ծանր պահեր, մեծ կորուստներ, անժամանակ կորցրել է ամուսնուն, սակայն երբեք չի կոտրվել: Կորստի ցավը հաղթահարելով` մեծացրել և կրթել է իր չորս զավակներին, նրանց դարձրել արժանի մարդիկ:Բոլորը շատ են սիրում տատիկիս ժպիտը, այն իրենում ինչ- որ մի կախարդանք է պարունակում, ձգում, հանգստացնում, հուսադրում և ուրախություն պարգևում դիմացինին: Մեկ-մեկ մտածում եմ, որ հենց այդ ժպիտի մեջ է կայանում նրա ուժը, նրանով է արտահայտվում նվիրումն այն ամենին, ինչ իր համար կարևոր է: Բժշկուհի տատիկս կանչ է գնում նաև գիշերվա ցանկացած ժամի, ուշադրություն չդարձնելով եղանակային պայմաններին, և ամենակարևորը, առանց մերժելու, առանց դժգոհության: Տատիկս ամեն անգամ ինձ ասում է, որ դա իր մասնագիտությունն է, իր պարտքը, կենսակերպը, և ցանկացած մասնագետ պետք է նվիրված լինի իր աշխատանքին: Իմ զարմանքին ու հետաքրքրությանը տատիկս պատասխանում է, որ բժշկի մասնագիտությունը շատ պատասխանատու է, որ մարդկային կյանքն ամենաթանկն է, որի փրկությանն է նա նվիրվել, մի բան, որ առաջին հերթին է պահանջվում բժշկից: Տատիկս շատ է սիրում իր գործընկերներին և հիվանդներին, նա իր աշխատանքի նվիրյալն է: Գուցե նաև այս սիրո մեջ է կայանում նրա հաջողության գրավականը:Տատիկիս հուշերից ամենատպավորվածն իմ մեջ այն է, որ նրա սովորելու տարիներին լույս չկար, ամեն գիշեր մայրն ասում էր, որ քիչ կարդա, լամպն անջատի, վառելիքը խնայի: Այսօր այլ և լրիվ տարբեր ժամանակներ ենք մենք ապրում, ինչի համար իր ուրախությունն է հայտնում: Տատիկիս երազանքն է եղել դառնալ պատմաբան, սակայն ճակատագրի բերումով դարձել է բժշկուհի: Ինձ համար մեծ հպարտություն է, որ բժշկուհի Արզումանյանի թոռնիկն եմ: Սիրում եմ ազատ ժամանակ տատիկիս հետ խաչբառ լուծել և գրքեր ընթերցել: Շատ եմ սիրում տատիկիս խրատները և ճառերը, որոնք իմ մշտական ուղեկիցներն են: Տատս իմ ամենակարևոր և մշտական ուսուցիչն է: Չնայած արդեն պատկառելի տարիքին` շարունակում է մնալ իր գործի նվիրյալը, մնալ գիտելիքների անսպառ աղբյուր, լավի ու բարու սերմնացան: Իմ և աշխարհի բոլոր տատիկներին ցանկանում եմ երկար տարիների կյանք, առողջություն, ղարաբաղյան երկարակեցություն և անհոգ ծերություն: Թող նրանք անպակաս լինեն մեզանից:               

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Ամարաս» շրջանային թերթ, հունվարի 16, 2018 թ.