You are currently viewing Ճարտարում նշեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

Ճարտարում նշեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը  կոչվում է նաև Զատիկ: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Ճարտար քաղաքի Արա Ավանեսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում համադպրոցական «Զատկական փառատոն» են կազմակերպել՝ ընդգրկելով տարբեր դասարաններում սովորող աշակերտների, ինչպես նաև ուսուցիչներին: Ճարտարի սուրբ Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Հարոյանն օրհնել է զատկական սեղաններն ու խոսել օրվա խորհրդի մասին: Իսկ տարբեր դասարանների աշակերտներ հանդես են եկել տարբեր գեղարվեստական համարներով՝ պար, երգ, ասմունք, ինչպես նաև խաղաղության կոչ արել՝ Արցախում ապրելու և արարելու հավատով:

Դպրոցի տնօրեն Զինաիդա Արզումանյանը «Զատկական փառատոնի» վերջում շնորհակալություն է հայտնել աշակերտներին և ուսուցիչներին՝ պատասխանատվությամբ և ջանասիրաբար համադպրոցական փառատոնը կազմակերպելու համար, այնուհետև տարբեր անվանակարգերում պարգևատրել մասնակիցներին:

Նշենք, որ «Զատկական փառատոնին» ընդգրկված էին նաև Կիրակնօրյա դպրոցի սաները:

ՖՈՏՈՇԱՐՔ