You are currently viewing «Իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում Չարենցը խորհում էր չարի եւ բարու, մարդկային էության, Աստծո լինելության մասին». Անի Շիրինյան

«Իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում Չարենցը խորհում էր չարի եւ բարու, մարդկային էության, Աստծո լինելության մասին». Անի Շիրինյան

Վերջերս լույս է տեսել Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Շիրինյանի «Դիցաբանական եւ աստվածաշնչյան մոտիվները Եղիշե Չարենցի ստեղծագործության մեջ» գիրքը: «Եղիշե Չարենցի գրական հունձքը տիեզերական ընդգրկումներ ունի՝ առեղծվածային ու անսպառ: Ինչքան ժամանակը հեռացնում է մեզանից Չարենցի ապրած ու ստեղծագործական տարիները, այնքան աճում է հետաքրքրությունը մեծ գրողի նկատմամբ»,-«Վարդանանքի» հետ զրույցում ասել է գրքի հեղինակը, հավելելով, որ չարենցագիտությունը սկիզբ է առել դեռեւս բանաստեղծի կենդանության օրոք՝ հետագայում խորանալով եւ ընդգրկելով նրա գրական ժառանգության նորանոր ծալքերը: Գրականագետի խոսքով՝ այս ուսումնասիրությունը համեստ մի փորձ է՝ նոր կողմից բացահայտելու Չարենց-բանաստեղծին, փիլիսոփային, աստվածաբանին: «Այս տեսանկյունից ուսումնասիրել եմ միայն առանձին ստեղծագործություններ, չի քննվել Չարենցն իր ամբողջության մեջ: Եվ քանի որ բանաստեղծի գործերը դեռեւս վերծանման ու տպագրման փուլում են, այս աշխատանքը արդեն իսկ տպագրված էջերին անդրադարձ է հնարավորինս հանգամանորեն»,-նշել է Անի Շիրինյանը, ավելացնելով, որ Չարենցի խոսքը՝ չափածո թե արձակ, կենդանի է, ազդեցիկ ու զորավոր բոլոր ժամանակներում եւ Չարենցի յուրաքանչյուր գրվածք ապաշխարողի նման դողացող ձեռքերով պետք է բացել:

Գրքի հեղինակը մեզ հետ զրույցում ասաց, որ Չարենցի ստեղծագործությունները վերլուծելիս ուշադրություն է դարձրել հատկապես նրա «անգիտակցական ոլորտներին», խորհրդանշական իմաստներին ու նշանակությանը: «Իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում Չարենցը խորհում էր չարի եւ բարու, մարդկային էության, Աստծո լինելության մասին: Հավերժական հարցեր, որ ծնունդ են տվել միֆական պատմություններին ու կերպարներին»,-մասնավորապես նշել է մեր զրուցակիցը:

Գրքի մեջ ներկայացվում են Չարենցի ստեղծագործության դիցաբանական եւ սուրբգրային ոլորտները, այնտեղ առկա խորհրդանիշներն ու մոտիվները, դրանց դիմելու պատճառներն ու շարժառիթները:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի խոսքով՝ տարածաժամանակային առումով չարենցագիտությունն ունի հսկայական ուղեծիր, եւ նոր խոսք ասելու փորձը մեծ խիզախում է, միեւնույն ժամանակ՝ պարտավորեցնող քայլ: «Անի Շիրինյանը կատարեց այդ խիզախումը՝ նորովի բացահայտելով Եղիշե Չարենցին՝ հայ գրականության հանճարին,- նշել է Վարդան Հակոբյանը, ավելացնելով,-աշխատանքում զգացվում է նյութի իմացության բարձր աստիճան, ինչի շնորհիվ էլ հեղինակը կարողացել է Չարենցի ստեղծագործությունը քննել գեղարվեստական, փիլիսոփայական, դիցաբանական, աստվածաբանական, պատմական, ազգային, համամարդկային դիտանկյուններից, որից էլ աշխատանքը դարձել է առավել շահեկան»:

Զրույցի վերջում Անի Շիրինյանը հավելեց, որ Չարենցի ներկայացրած խնդիրներն ու կերպարները մեր օրերում եւս առկա են: «Բանաստեղծի գործերն իրենց մեծ խորքով հետաքրքրում են ոչ միայն գրականագետներին: Չարենցի խոսքը գերաչափ պահանջված է: Մեր այսօրվա ուսանողությունը, մեր երիտասարդությունը մեծ պատվով ու պատասխանատվությամբ են կրում հայ գրողի միասնականության «Պատգամը»՝ մնայո՛ւն, փորձվա՛ծ, ապացուցվա՛ծ… Կարծում ենք՝ չարենցյան թեման դեռ երկար է պահպանելու իր արդիականությունը»,-եզրափակել է մեր զրուցակիցը:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ