You are currently viewing Հայոց լեզուն ոչ միայն մագաղաթների գրավորն է, այլև` այդ նույն մատյանների նկարազարդումները. Դավիթ Մուրադյան

Հայոց լեզուն ոչ միայն մագաղաթների գրավորն է, այլև` այդ նույն մատյանների նկարազարդումները. Դավիթ Մուրադյան


Իսպաներենով նկարում են այնպես, ինչպես… Գոյան: Գերմաներենով` ինչպես Դյուրերը: Հայոց լեզուն ոչ միայն մագաղաթների գրավորն է, այլև` այդ նույն մատյանների նկարազարդումները: Քոչարը հայերեն էր քանդակում: Մինասն իր վրձինը թաթախում էր հայոց լեզվապնակի մեջ: Որովհետև լեզուն միայն մեկը մյուսի հետ բացատրվելու կամ նույնիսկ` բանաստեղծության համար չէ: Այն սնում է մշակույթի ամբողջությունը, քանի որ դրված է մարդ-աշխարհ հարաբերությունների հիմքում:Մի խոսքով՝ մայր մեղու: Հակառակ դեպքում մնում ես անփեթակ: Բայց փեթակն էլ, ինչպես կանխորոշել է բնությունը, չի փակվում լոկ իր մեջ: Իհարկե, դեռ մինչև օրս ապրում են լեզուներ, որոնց իմացաբանական սահմանը սեփական կենսամիջավայրն է ու վերջ: Այդ լեզուներով Կանտ կամ Արիստոտել չի թարգմանվում: Ոչ էլ Շեքսպիր կամ Ֆիրդուսի: Մերի մեջ`աշխարհի լրիվությունն է: Մեր լեզվով շարադրվում է ուզածդ գիտություն: Յուրացվում ցանկացած մշակույթ` դառնալով ազգային կենսափորձի մաս: Հայկական լեզվագիտակցության ունիվերսալիզմ: Հայկական կենսագիտակցության իմունիտետ …


Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Արձակագիր, կինոգետ