You are currently viewing ՍՊԱՍՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ

Նորից զանգի եմ սպասում։ Ժամանակն անցնում է, բայց ինձ մոտ մի սպասում կա, որը միշտ անսպասելի է գալիս։ Չգիտեմ՝ ինչ սպասում է։ Ինձ թվում է՝ ինչ-որ մի տեղ լույս եմ վառել ու մոռացել հանգցնել և մի տեղ ծորակը բաց եմ թողել ու գնացել։ Կյանքս արդեն փոխվել է, բայց անհետ կորածի ներկայությունն ինձ անընդհատ հետապնդում է։ Երևի սպասում եմ, որ մի օր ժամանակը հետ կգնա և ես կունենամ իմ սպասումը։ Այլ կերպ անհնար է։ Ժամանակն արագ առաջ է գնում ու ես զգում եմ, թե ինչպես է տեղում դոփող սպասումն ավելի ու ավելի հեռանում ինձնից։ Գուցե երբեք էլ չանցնի այս սպասումը և ողջ կյանքում ինձ հետ քայլի անհայտ շողքը… և ես սպասեմ նրա երևալուն, ինչպես կանաչ լույսին եմ սպասում, կամ էլ՝ արևի դուրս գալուն։ Երբեմն ինձ բռնացնում եմ նրա վրա, որ այդ սպասմանը ստորադասվում են ինձ կարևոր թվացող իրականությունները, բայց դրանից ոչ մի օգուտ չկա։ Ենթագիտակցությանս մեջ արմատացած անցյալի հուշերն ինձնից խլում են իմ ներկան։

Երբ չեմ սպասում ինչ-որ բանի, ակամայից արդեն հաղթած եմ զգում,  չհասկանալով, որ կյանքի սովորական տեմպառիթմով ապրելուց հաղթած զգալն արդեն սպասման վառ ներկայությունն է ի ցույց դնում։ 
Ես պայքարում եմ ինքս իմ դեմ։ Թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում ես, միևնույն է, պարտվում եմ… 
Անընդհատ նույն կետին բերող այս պայքարն ինձ գործարանային հաստոցի է նմանեցրել։ Ժամանակին համապատասխան սնվում եմ, որ յուղը տեղը լինի ու կարողանամ աշխատել, անըդհատ նույն բանն արտադրեմ։ Փողոցում կանգնած, կամ էլ զբոսնելիս նայում եմ շուրջս, էլի սպասում եմ, որ սպասումս շենքի պատի մյուս  կողմում գտնվող, դեռևս ինձ անտեսանելի աշխարհից դուրս գա։ Մի քանի քայլ էլ եմ առաջ գնում ու տեսնում, որ այդ աշխարն էլ ավելի է լցված սպասումով։ 


Բոլոր գրքերի մեջ նույնպես սպասում կա։ Էջերը թերթելիս սպասում եմ, որ սպասված տեղեկությունս գտնեմ, բայց ամեն նոր էջ էլ ավելի շատ է սպասեցնել տալիս․․․ Երբ գիտես, որ սպասումդ քեզ չի էլ սպասում և իրականում դու բավականաչափ տեղեկացված ես սպասումիցդ, հասկանում ես, որ ինչ-որ անկառավարելի աշխարհում ես պայքարում, որտեղ ամեն մի նոր միտք ու զգացում սկզբից մինչև վերջ թյուրիմացություն է։ Այդ աշխարհում ցանկացած լավ, վատ, արժեքավոր ու անպիտան բան քո դեմ է աշխատում, և եթե դուրս չգաս այդ առօրյայից,  իսկապես իրատեսական սպասումներդ կյանքիդ որևէ կետում կցնդեն, կզրոյանան ու դու նորից կլցվես սպասումով։

Ժամանակը հետ կգնա ու դու կարդարացնես քո սպասումները, բայց ժամանակն ի հեճուկս քեզ, անխնա կտրորի մտքիդ թռիչքն ու կսկսի էլի ու էլի նույն գործընթացը, նույն հաստոցը… 
Իրականությունը պետք է ստեղծել։  Իսկ միակ բանը, ինչին ցանկանում եմ սպասել, իմ ստեղծած իրականության արդյունքում առաջացած վայր գնացող տրանսպորտն է.․․


Հովսեփ ՂԱՐԻԲՅԱՆ 
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի

«Սցենարադրամատուրգիական արվեստ» բաժնի 2-րդ կուրսի ուսանող