You are currently viewing ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծեց պատերազմական լայնածավալ գործողություններ եւ աղետալի իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում, որի հետեւանքները ողբերգական եղան մեր ժողովրդի համար։

Ծանր մարտերում Ադրբեջանի կիրառած արգելված զինատեսակների՝ կասետային և ֆոսֆորային զենքերից զոհվեցին, վիրավորվեցին և հաշմանդամ դարձան հազարավոր զինվորականներ, քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներ, խոշտանգումների ենթարկվեցին խաղաղ բնակիչներ, տեղահանվեցին և անօթևան դարձան տասնյակ հազարավոր արցախցիներ։ Նպատակային թիրախավորմամբ Արցախում հրթիռակոծվեցին բնակելի շենքեր, հիվանդանոցներ և ծննդատներ, եկեղեցիներ, մշակութային, գիտական և ուսումնական կենտրոններ, բազմաթիվ հոգևոր ու պատմական հուշարձաններ։

Պատերազմի օրերին սրբավայրերի ռմբակոծությունները և ավերումը, որի դրսևորումները եղան նաև պատերազմից հետո, վկայում են Արցախից հայկական հետքը ջնջելու՝ Ադրբեջանի քաղաքականության մասին, ինչպես որ 2003 թվականին հիմնավորապես ոչնչացվեցին Ջուղայի հայկական գերեզմանոցի ավելի քան վեց հազար խաչքարերը, և տարածքը վերածվեց հրաձգարանի։

44-օրյա պատերազմի պայմանական ավարտից օրեր անց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ մի շարք նախաձեռնություններով։ Նախ՝ հիմնեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվող գրասենյակ, որը միջազգային զանազան կառույցների հետ համագործակցությամբ հետևողականորեն արձանագրում և քայլեր է ձեռնարկում բռնազավթված տարածքներում հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության համար։ Գրասենյակը տարաբնույթ հոդվածներով շարունակաբար ծանուցում է միջազգային կառույցներին պատմության խեղաթյուրման, պատմամշակութային արժեքների ոչնչացման կամ ձևախեղման և տարատեսակ այլ խախտումների մասին։ Այս առումով խիստ անհրաժեշտ են միջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների ջանքերը՝ կանխելու մշակութային եղեռնը, ապահովելու կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությունը։

Այնուհետև, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինն ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսորներ՝ Յասմին Դում-Տրագուտի, Քրիստինա Մարանցիի, Սերջիո Լա Պորտայի՝ «Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը» (Ադրբեջանի կողմից ներկայիս բռնազավթած տարածքում գտնվող նշանավոր սրբավայրերը) գրքույկը։ Այն նկարագրական եւ հանրամատչելի եղանակով անգլիախոս ընթերցողին է ներկայացնում Արցախի նշանավոր սրբավայրերը, եկեղեցիները, վանքերը եւ դրանց հարակից ու օժանդակ կառույցները, որոնք 2020 թ. նոյեմբերին հայտնվեցին ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո: Ինչպես գիտենք, պատերազմից հետո ավելի քան 2000 եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, ամրոցներ, գերեզմանոցներ, պատմաճարտարապետական այլ հուշարձաններ մնացել են Ադրբեջանի բռնազավթած տարածքներում։ Եվ այս գրքույկի հեղինակները իրենց աշխատության միջոցով միջազգային հանրության ուշադրությունն են ուզում հրավիրել Արցախի հայկականության փաստին և տեղի դարավոր մշակույթին։ Հեղինակների հետազոտությունների առանցքում տարիներ շարունակ քրիստոնյա արևելքին, հայերին, Հայաստանին և Հայոց եկեղեցուն առնչվող տարբեր թեմաներ են՝ պատմությունից մինչև ճարտարապետություն, աշխարհագրությունից մինչև մշակույթ։ Գրքույկում տեղ են գտել սրբավայրերի հիմնադրման պատմությունները, աշխարհագրական տեղորոշման հստակ նկարագրությունները, եկեղեցիների ճարտարապետական և մշակութային առանձնահատկություններն ու արժեքը, իսկ որոշ դեպքերում ազգագրական կարևորություն ունեցող հանգամանքները։ Ներկայացված են նաև առանձին սրբավայրերի հիմքում գտնվող սրբազան մասունքների կամ այդ սրբավայրերի հետ կապված սրբերի պատմությունները։ Զետեղված նյութերը համալրված են եկեղեցիների և վանքապատկան այլ շինությունների գունավոր լուսանկարներով ու հատակագծերի ճշգրիտ գծանկարներով։

Անգլերեն այսպիսի աշխատության առկայությունն, անշուշտ, խիստ կարևոր է նախևառաջ միջազգային հանրությանը կրկին անգամ Արցախի հայկականությունը փաստելու և նշված շրջաններում Հայոց եկեղեցու դարավոր մշակույթը ներկայացնելու տեսանկյունից։

Պատերազմից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կատարած աշխատանքի մի կարևոր մասն էլ գիտաժողովների, սեմինար-քննարկումների անցկացումն է, որոնց առանցքում դարձյալ Արցախի պատմական, հոգևոր գանձերի պահպանությունն է և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծավալած գործունեությունը Արցախի մշակութային հուշարձանների պահպանության գործում։ Վերջին նմանատիպ կլոր սեղան-քննարկումը տեղի ունեցավ սույն թվականի ապրիլի 19-ին՝ կազմակերպված ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում։ Հանդիպումը համախմբել էր Արցախի մշակութային ժառանգության հարցերով զբաղվող գիտնականների, հետազոտողների, ոլորտով հետաքրքրվող մասնագետների։

Սեմինար-քննարկման մասնակիցները կարևորեցին այն փաստը, որ միջազգային կառույցները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խումբը օր առաջ այցելի բռնազավթված տարածքներ և այդ տարածքներում մշտադիտարկում իրականացնի հայկական հուշարձանների ներկայիս վիճակի վերաբերյալ, որպեսզի փաստական տվյալներով հնարավորություն ստեղծվի ապագայում համեմատություն անցկացնել և դրանով ապահովել այդ հուշարձանների պահպանությունը և բացառել հետագա քանդման վտանգները։

Այս պահին հոգևոր անվտանգությանն առնչվող հարցերն առաջնային են, և միայն պետության և եկեղեցու անմիջական փոխգործակցությամբ կարող են լուծում ստանալ։ Մենք քար առ քար, գյուղ առ գյուղ, վանք առ վանք պիտի ճանաչենք մեր հայրենիքը, չդառնանք անհաղորդ դրանց կորստին։ Այսինքն՝ մեզ համար սովորական չլինի մեր հայրենիքի կորուստը։ Սովորական չընկալենք դա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով զբաղվող գրասենյակը առաջիկա ամիսներին կանցկացնի միջազգային գիտաժողովներ՝ նվիրված Արցախի հոգևոր-մշակութային հուշարձանների պահպանության խնդիրներին, որոնք տեղի կունենան Ավստրիայում, Ռուսաստանի Դաշնությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Հայ ժողովուրդը իր հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ այսօր ևս կկարողանա հաղթահարել առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները՝ կերտելով գալիք սերունդների համար ապահով, խաղաղ և բարօր երկիր։ Սերը, համերաշխությունը և ազգի միաբանությունն է, որ կարող է բարիք պարգևել ազգային ու հայրենական մեր կյանքին։

Հասմիկ ՄԱԴՈՅԱՆ