You are currently viewing «Համոզված եմ` հաղթանակ կկերտեն նաև գալիք սերունդները». Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

«Համոզված եմ` հաղթանակ կկերտեն նաև գալիք սերունդները». Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Այսօր մայիսի 9-ն է: Մեր հաղթանակներին հետահայաց ենք նայում: Հնչելիք շնորհավորանքների, բարեմաղթանքների փոխարեն լռում ենք մեկ րոպե, կարկամում: Բայց եղել է Շուշիի ազատագրումը, եղել է հաղթանակը… Եվ դա մերն է:

Մեկ րոպե լռություն: Լռության ուղեկիցը եկեղեցու զանգն է: Աղոթքը: Ցավը: Մրմուռը: Տարանուն հույզերը: Մերն էր ու մերը չէ: Կար ու չկա: Բոլորի մտորումներում Շուշին է` բերդաքաղաքը: Մեր հարազատը, սիրելին, գեղեցկուհին…

-Քրիստոսի Սուրբ Հարությունից առաջ նույնպես լռություն էր, քաոս, և միանգամից լույս ծագեց, և հրեշտակն ազդարարեց. «Այստեղ չէ, այլ` հարություն առավ»,-ասում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը,-այս լռությունը ստիպում է մեզ նորովի մտածել, վերհիշել պատերազմում` Մեծ հայրենականում հայերիս ունեցած պայքարը, ներդրումը, որտեղ նահատակվել են մեր պապերը, բայց հաղթանակ են կերտել, ուսուցանել են, դաստիարակել են սերունդ, որը նույնպես հաղթանակ պիտի կերտեր: Եվ կերտեց: Համոզված եմ` հաղթանակ կկերտեն նաև գալիք սերունդները:

Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի լռության մեկ րոպեից հետո Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստի կարգ` ձեռամբ Վրթանես Սրբազանի և մասնակցությամբ հոգևոր դասի:

Այնուհետև առաջնորդանիստ Մայր Տաճարից Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի պատմական Սուրբ Խաչի առաջնորդությամբ ձգվեց խաչերթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Արցախում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների, երիտթևերի, ուսանողական միությունների, աշակերտական կոլեկտիվների ներկայացուցիչներն ԱՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի բաժնի հետ համատեղ «Ննջեք խաղաղությամբ, ձեր գործը շարունակում ենք» խորագրի ներքո ծաղկեպսակ դրեցին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատան մեր նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

-Հավերժ փառք հերոսներին,-շշնջում էին նրանք:

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ