You are currently viewing Որտե՞ղ է Նատաշայի երազանքը

Որտե՞ղ է Նատաշայի երազանքը

«Մի երազեք մանրուքների մասին, այդպիսի երազանքները չեն հուզում մարդկանց սրտերը»,-Գյոթեն իրավացիորեն է բանաձևել, որովհետև մարդկանց սրտերը հուզող երազանքները մեծամասամբ կյանքի հետ առնչվող կարևորագույն երևույթներ են, կամ էլ՝ արժեքներ: Իսկ թատրոնն այդ երազանքները «կիսելու» լավ միջավայր է:

«Բաբելոն» թատրոնում նոր մոնոներկայացում էր՝ «Նատաշայի երազանքը», ռուս ժամանակակից դրամատուրգիայի ներկայացուցիչ Պուլինովիչ Յարոսլավայի պիեսի հիմքով, նորովի մեկնաբանությամբ (ռեժիսոր՝ Գայանե Անդրեասյան):

Մոնոներկայացում, որը սկսվում է սպասասրահից, որտեղ պատմողը հանդիսատեսին նախ հարցնում է՝ գիտե՞ն, թե որն է Նատաշայի երազանքը, ապա պատրաստում կոկտեյլ՝ միաժամանակ փոքր-ինչ ներկայացնելով Նատաշայի կյանքը: Ապա ուղեկցում է դահլիճ, որտեղ պարանների վրա ճոճվում է Նատաշան՝ սպիտակամաշկ, փոքրամարմին ու ճկուն երիտասարդ աղջիկը (դերակատար՝ Սրբուհի Բալայան): Ամբողջ ներկայացման ընթացքում այդ պարանները դերասանուհուն են «ենթարկվում»՝ երազանքից զատ իրականությունն առաջ բերելով:

«Նատաշայի երազանքը» ամբողջովին պլաստիկ ներկայացում է և այստեղ շատ կարևոր է դերասանի վարպետությունը, կարողությունները: Իսկ այս առումով, կարելի է ասել, որ ներկայացումը հաջողել է դերասանուհի Սրբուհի Բալայանի խաղով: Անգամ աչքափայլը, արցունքը, գեթ մեկ շարժումը՝ մտածված, յուրովի, ամբողջական:

Իր սիրո՝ Վալերայի մասին խոսելիս իրականությունից կտրվում է, ընկնում երազանքների աշխարհը, որտեղ ամեն ինչ պատմում է՝ սկզբից մինչև վերջ: Եվ տպավորություն է, որ նրա հետ քայլում ես նույն փողոցով, նույն շենքի բակում ես հայտնվում և մեկ-մեկ էլ մտածում՝ ինչո՞ւ է այսքան երկար ու տառապալի երազանքին հասնելու ճանապարհը:

Միայն ներկայացման վերջում է Նատաշան իջնում պարաններից՝ վազում աջ ու ձախ, խելագարված ու իրականության մեջ իր տեղը չգտնելով այս ու այն կողմ նետվում: Բայց պարանները ճոճվում են… երևի «գետնից բարձր» ավելի հեշտ են երազանքին հասնում:

Ապրումներ, սպասումներ, իրականություն. թերևս այս բառերով հնարավոր լինի ամբողջականացնել «Նատաշայի երազանքը» մոնոներկայացումը, որը չունի հստակ պատասխան՝ երիտասարդ աղջիկը երազանքին հասա՞վ, թե դեռ փնտրում է… Այս մոնոներկայացումը հարցադրում է՝ ինչպե՞ս հասնել երազանքին՝ չանտեսելով և ապրելով նույն իրականության մեջ:

Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ