You are currently viewing Արցախն ապրում է

Արցախն ապրում է

Մեր երազանքների աստղը, որին, ըստ ներկայացման, պայմանականորեն և խորհրդանշորեն փնտրում ենք 44 աստիճանի վրա, անփոփոխ է իր աշխարհագրական ու հոգևոր դիրքերով։ Վկան «Արցախն ապրում է» մշակութային մեծ փառատոնն է, որի մեկնարկը հայկական երկրորդ հանրապետությունում տրվել է մայիսի 19-ին։

Genesis Armenia — Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն- հիմնադրամի ձեռնարկով փառատոնի շրջանակներում մայրաքաղաքում և Արցախի մի շարք համայնքներում նախատեսված և ընթացքի մեջ են մշակութային ցուցադրությունները: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանները «44 աստիճանի վրա», «Լոռեցի Սաքոն» և մանկական «Գծավորը» ներկայացումներով շրջել են Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի, Ճարտար քաղաքներում և Աղավնո համայնքում։ Նրանք ամենուրեք ընդունվել են կարոտով, սիրով ու ծափահարություններով։

— «44 աստիճանի վրա»․ ցավոք սրտի, հին ու նորից նոր պատմություն, ես կուզենայի՝ այս թեման իրեն սպառեր, բայց դա պատմականորեն մեզ հետապնդող թեմա է՝ արտագաղթը,- ասում է Համազգային թատրոնի գեղարվեստակա ղեկավար Նարինե Գրիգորյանը։

— Մենք պետք է մեզ ճիշտ գնահատել կարողանանք, ու նկատենք մեր սխալները, ճիշտ վերլուծենք դրանք ու փոխվենք։ Հարցեր լուծելու ելք ու տարբերակներ միշտ էլ կան։ Նարինե Գրիգորյանը չի ձանձրանում կրկնել՝ Արցախը միշտ էլ սիրված հասցե է իր ու Համազգային թատրոնի դերասանների համար։ Եվ չնայած «44 աստիճանի վրա»-ն երրորդ, թե չորրորդ անգամ են ցուցադրում արցախյան բեմում, բայց սիրով են արձագանքել են Genesis Armenia -ի առաջարկին։

Արցախի հարցում, ինչպես նշում է Ն. Գրիգորյանը, ջենեսիսականներն ու համազգայնականները մեկ թիմ են։ «Արցախն ապրում է» խորագրով փառատոնի անմիջական հովանավորն է Genesis Armenia-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը՝ արցախցի տիկնոջ՝ Աննա Դադասյանի հետ միասին։ Մշակութային փառատոնը տեղի է ունենում Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի բարձր հովանու ներքո։

Ս. Վարդանյանը տեղեկացնում և նորից հայտարարում է.

— Genesis Armenia անկուսակցական նախաձեռնություն ուղեղային կենտրոն- հիմնադրամը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս և ի նպաստ հայ ժողովրդի ազգային շահերի։ Եվ հիմնադրամի հնարավորությունների 90 տոկոսն Արցախում է, իսկ ծրագրերն այստեղ շարունակական են լինելու։ «Արցախն ապրում է» փառատոնը կավարտվի մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։ Ռազմահայրենասիրական երգերի համերգային մեծ ծրագրին կմասնակցեն ՀՀ վաստակավոր արտիստներ, ժողովրդական երգիչներ:

«Արցախն ապրում է»։ Արցախն ապրում է մնացողաց այրումով։ Արցախն ապրեցնում է նվիրյալների կորովը։ Անկասկած։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ