You are currently viewing «Բեմական լեզուն արժեք է». ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյան

«Բեմական լեզուն արժեք է». ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյան

  • Post author:
  • Post category:Արվեստ

Լույս է տեսել  ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանի «Բեմական խոսքի ուսուցման համակարգը» գիրքը, որը հասցեագրված է ապագա դերասաններին և ոչ միայն: Գիրքը երեք մասից է բաղկացած. «Խոսքը և բեմը»՝ տեսական և գործնական բաժիններով, «Բանավոր խոսքի լեզուն» և «Բեմական խոսքի արվեստը»:

Մեզ հետ զրույցում Գրետա Մեջլումյանն ասաց, որ ուսանողը պետք է նաև տեսական գիտելիքներ ստանա, և իմանա իր օրգանիկան, արտասանական օրգաններն ինչպես են աշխատում, որն ինչ ֆունկցիա է կատարում և այլն: Դրան էլ միտված է գիրքը՝ տեսական և գործնական մասերով:

«Տարիներ շարունակ պրպտումների մեջ եմ: Դրան շատ օգնել է մանկավարժական աշխատանքս. ամեն անգամ ինքս էլ մի բան գտել, ըմբռնել եմ, թե ինչն ինչպես անել, որ ուսանողը կարողանա հաղթահարել: Ցանկացել եմ նաև այս կերպ օժանդակել ուսանողներիս,-նշել է Գրետա Մեջլումյանը, անդրադառնալով նաև հայոց լեզվի դերին ու նշանակությանը,-Մեր լեզուն աստվածային, հարուստ, արքայական լեզու է: Բեմական խոսքը հենվում է լեզվի վրա: Եթե լեզվի օրինաչափությունները մենք գիտենք, ապա ամեն ինչ ավելի դյուրին է դառնում: Սակայն մի բան՝ լեզուն արժեք է, որը մինչև կյանքի վերջ պետք է սովորել, քանզի մարդն անընդհատ կատարելագործվում է, անընդհատ վերահսկում, կառավարում է իր լեզուն»:

Գրետա Մեջլումյանը մեծ ուշադրություն է դարձնում բանավոր խոսքի լեզվին, որին նաև գրքում է անդրադարձել: «Եթերը, հատկապես սերիալները, համացանցը շատ է ավերում մեր լեզուն»,-մտահոգված է մեր զրուցակիցը: Նա նշեց, որ եթերի ղեկը վարողները նախ և առաջ պետք է հարգալից լինեն մայրենի լեզվի նկատմամբ: «Ովքեր հարգալից են, իսկույն երևում է, որ այդ հաղորդումը, ֆիլմը կամ սերիալը տարբերվում է մյուսներից և այլ մակարդակում են գտնվում»,-հավելեց նա:

Զրուցակիցս համամիտ չէ այն կարծիքին, որ երբեմն ասում են՝ այդպես բնական չէ խոսքը, ինչու «է»-ով խոսել, ոչ թե «ա»-ով:  «Ո՛չ, բնական չէ: Բնականը դերասանի ներքին զգացողությունից է գալիս և կերպարը ճիշտ ըմբռնելուց»,-վստահեցնում է Գրետա Մեջլումյանը, օրինակ բերելով «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, որտեղ միլիցիոները՝ Սոս Սարգսյանը, ասում է՝ ուսիդ կեղտը մաքրիր, իսկ Իշխանը (դերակատար Մհեր Մկրտչյան) պատասխանում է՝ սա կեղտ չի, սա թրիք է:

«Նա չի ասում՝ սա թրիք «ա», այլ ասում է՝ թրիք «է»: Նույնն էլ «Աշնան արև» ֆիլմում, որտեղ Աղունը նույնպես «է»-ով է խոսում: Բայց տեսեք՝ ինչ բնական ու օրգանական է»,-նշեց մեր զրուցակիցը:

Թատերագետ, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյան-Արծրունու կարծիքով՝ ակնհայտ է, որ մեր առջև արժեքավոր և լուրջ աշխատանք է: «Գրքի նորարարությունը հեղինակի կողմից առաջարկվող բարդ վարժանքների շարքն է, որը, իր իսկ խոսքով, ամբողջությամբ սեփական նախաձեռնության արդյունք է: Ակնհայտ են հեղինակի՝ մայրենիի ու գրական հայերենի հանդեպ պաշտամունքն ու մեծ պատկառանքը, հայրենասիրությունը, որը փորձում է ներարկել իր ընթերցողին»,-գրավոր կարծիքում նշել է Անուշ Ասլիբեկյան-Արծրունին, ավելացնելով, որ իսկապես անհրաժեշտ ուսումնական ձեռնարկ է: Իսկ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը գրել է, որ «հեղինակի դերասանական և մանկավարժական հարուստ փորձը իսկապես հնարավորություն է տվել ստեղծելու բեմական խոսքի մասնագիտական խորքերը բացահայտող գիրք»:

Հարցին՝ հայ թատրոնը որտեղից ուր է գնում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ միշտ մտածում է՝ երբ գալիս է մի վառ անհատականություն, տաղանդաշատ մարդ, նա թատրոն է ստեղծում և տանում  իր հետևից:

«Թատրոնը պետք է լինի տաղանդների խումբ՝ իրենց բեմադրիչով: Եվ այդ թատրոնը պետք է ծաղկի, առաջ գնա: Վառ օրինակ բերեմ. այսօր ամենալավ վիճակում Համազգային թատրոնն է, որտեղ ամեն անգամ հետաքրքիր, ինքնատիպ, տարբերվող և նորովի մատուցմամբ ներկայացումներ են բեմադրվում: Նրանք հանգիստ չունեն, անընդհատ աշխատում և ստեղծում են: Կարող եմ ասել՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի ներկայացումները համաշխարհային ցանկացած բեմում վստահաբար կարող են բարձր պահել հայ թատրոնի պատիվը»,-եզրափակեց Գրետա Մեջլումյանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ