You are currently viewing Մարտակերտում տեղի ունեցավ հայորդյաց տան խորհրդանշական հիմնարկեքը

Մարտակերտում տեղի ունեցավ հայորդյաց տան խորհրդանշական հիմնարկեքը

Արցախում և աշխարհի բոլոր ծագերում երեխաների իրավունքներն աստվածընծա են։ Ցավոք, պատերազմները, բնական ու բանական աղետները հաճախ խոչընդոտում են երեխաների՝ ազատության ու խաղաղության իրավունքը։

Հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Մարտակերտ քաղաքում տեղի ունեցած ապագա հայորդյաց տան խորհրդանշական հիմնարկեքը սահմանամերձ շրջկենտրոնի և հարակից համայնքների երեխաների քրիստոնեական կրթության ու դաստիարակության իրավունքի պաշտպանության շրջանակներում էր։

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և «Սոս Արևելքի Քրիստոնյաներ» կազմակերպության տնօրեն Բենջամին Բլանջարդի նախորդ տարվա փետրվարին Երևանում կայացած հանդիպման ժամանակ է ուրվագծվել Արցախի թեմին պատկանող կիսակառույց շենքերից մեկի կապիտալ վերանորոգման ծրագիրը։

— Հիմնանորգվելուց հետո շենքում կբացենք հայորդյաց տուն։ Հայորդյաց տները գործում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ,- ասում է ԱԹ առաջնորդը։- Այստեղ երեխաները կստանան քրիստոնեական կրթություն և դաստիարակություն, կսովորեն արվեստ ու արհեստ։ Մեր նպատակն է ներկայիս շահառուներին ապագայում տեսնել որպես կայացած մարդկանց ու առաջնորդների։

Աղ ու հացով հյուրերին դիմավորելուց հետո Վրթանես Սրբազանի և Բենջամին Բլանջարդի կողմից ստորագրվեց շենքի հիմնանորոգման մասին հուշագիրը, որը զետեղվեց զենքի դատարկ պարկուճների մեջ և դրվեց շենքի հիմքում։ Սրբազան հոր խոսքով՝ պարկուճների մեջ հուշագրի տեղադրումը խորհրդանշում է զենքի՝ բացառապես խաղաղ նպատակներով օգտագործելու գաղափարը։

2013 թվականին Ֆրանսիայում հիմնադրված «ՍՈՍ Արևելքի Քրիստոնյաներ» կազմակերպության տնօրեն Բ. Բլանջարդն ասում է՝ իրենց առաքելությունը մարդասիրական է և միտված է Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Կովկասի մի շարք պատերազմ տեսած երկրներում փոքրամասնություն կազմող քրիստոնյա ժողովուրդների արտագաղթը կանխելու և հայրենիքում մնալու գաղափարին։

— Իհարկե, Հայաստանի և Արցախի օրինակը մի քիչ այլ է. գիտենք, որ այստեղ բռնությունը դրսից է գալիս,- ներկայացնում է բարեգործական կառույցի պատասխանատուն։- Եվ Մարտակերտ քաղաքում հայորդյաց տան հիմնանորոգումը մի փոքրիկ մասն է այն վեց տարբեր ոլորտների (շտապ օգնություն, առողջապահություն, կրթություն և երիտասարդություն, մշակութային ժառանգություն, տնտեսական զարգացում, մարդկանց բնօրրան), որտեղ իրականացվում են մեր ծրագրերը։

Հայ-ֆրանսիական բարեկամական ու բարեգործական այս համագործակցության հաստատման մեջ իր ներդրումն ունի ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը։

— Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու ներքո համակարգվող հայորդյաց տների գործունեությունը կնպաստի հոգենորոգ շրջադարձերին,- ասում է Լ. Ղարախանյանը։- Մանուկների և պատանիների շրջանում հոգևոր-մշակութային արժեքների փոխանցմամբ կամրապնդվի նաև սոցիալական կամ ժամանակակից մշակույթի բաղադրիչը, օրինակ՝ թիրախ խմբերի հետ հոգեթերապևտիկ ծրագրերի իրականացումը։

Ծրագրի կազմակերպիչները վստահեցնում են` շինարարության մեկնարկը չի ուշանա, և հիմնանորոգված երկհարկանու նորամուտով կտրվի Արցախում առաջին հայորդյաց տան պարապմունքների մեկնարկը։

Արցախի թեմի առաջնորդի ուղեկցությամբ բարեգործական կազմակերպության տնօրենն ու ղեկավար կազմի անդամներն այցելեցին Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, ծանոթացան եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի գործունեությանը։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ