You are currently viewing Մի նոր նամակ «Նրան, ով նամակներ չի կարդում»

Մի նոր նամակ «Նրան, ով նամակներ չի կարդում»

Արվեստն իր բազմաժանրությամբ մշտապես կարողացել է համախմբել մարդկանց: Գրականությունն այս առումով բացառություն չէ: Եվ եթե ոմանք պնդում են, թե մեր օրերում պակասել են գիրք կարդացողները, մենք էլ կարող եք փաստել, որ քիչ չեն այն մարդիկ, ովքեր սիրում են կարդալ եւ նախընտրում են հայ ժամանակակից գրողների գրքերը: Ընթերցողների մի լայն շրջանակ արդեն հասցրել է ընթերցել Օֆելի Դալաքյանի «Նրան, ով նամակներ չի կարդում» գիրքը, որում խտացված են երիտասարդ աղջկա հոգու եւ մտքի գույները: Օֆելին, ունենալով նուրբ դիտողականություն եւ ինքնատիպ լեզվամտածողություն, կարողանում է նկատել իրականության միջանցքներում հանդիպող տարատեսակ երեւույթներն ու ներկայացնել ընթերցողին` անցկացնելով այդ ամենն իր միջով, իր անկեղծությամբ գրավելով ընթերցողին:


Երիտասարդ հեղինակ Օֆելի Դալաքյանի ուշադրության կենտրոնում իր  գրական հերոսներն են` իրենց բնավորության ու հոգեբանության առանձնահատկություններով: Պատմվածքների հերոսներն այնքան իրական են, որ չես էլ մտածում` հեղինակն է ստեղծել նրանց, թե ապրում են մեր կողքին: Խոսուն են նաեւ նկարագրությունները, գունեղ են պատկերները, ինչն էլ ապահովում է արձակի «շնչառությունը», թեթեւ  ընթացքը:


Օֆելի Դալաքյանի գեղարվեստական պատումները հակիրճ կարելի է բնութագրել` ծավալով` փոքր, ասելիքով` բազմաշերտ: Իմ ընկալմամբ` հեղինակի համար առաջնահերթ են «ես»-ի տիրույթում ընկալվողի եւ իրականում կատարվողի հակասությունները, դրանց որակային եւ արժեքային հարաբերությունները:


Մի փոքրիկ դիտարկում եւս.երկար վերնագրերը, որոնք հաճախ բացահայտում են պատմվածքի ընթացքը, հանգուցալուծումը: Հեղինակն այս դեպքում իր հուզազգացական մուտքը սկսվում է վերնագրով, բայց երբեմն երկարաշունչ վերնագիրը կարող է պատճառ դառնալ, որ նվազի հետաքրքրությունը բուն պատմվածքի հանդեպ:


«Նրան, ով նամակներ չի կարդում» գիրքը, ըստ իս, մարդկային «ես»-ի տիրույթը գծագրելու եւ ինքդ քեզ նայելու նոր հնարավորություն է ընձեռում՝ մարդկային արժեքներն անխաթար ակունքներում պահելու ձգտումով:

Վ. Արզումանյան

«Եթեր» շաբաթաթերթ, 16.06.2022