You are currently viewing Լույս է տեսել «Բառը շարժման մեջ» գրախոսականների գիրքը

Լույս է տեսել «Բառը շարժման մեջ» գրախոսականների գիրքը

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի երաշխավորությամբ լույս է տեսել Վովա Արզումանյանի «Բառը շարժման մեջ» գրախոսականների ժողովածուն: Ժողովածուում տեղ են գտել «Գրական թերթում», Երուսաղեմի Հայոց Պատրիարքության «Սիոն» ամսագրում, «Առավոտ» օրաթերթում, «Գրեթերթում», «Լուսարար» եւ «Ստեփանակերտ» թերթերում տպագրված գրախոսականներ: Գիրքը հասցեագրված է ոչ միայն ուսանողներին, այլ նաեւ ժամանակակից գրականությամբ հետաքրքրվողներին: Գրքի խմբագիրը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը համոզված է, որ գեղարվեստական բարձրարվեստ գրականության հարստացումը մեծապես նպաստում է գրականագիտության զարգացմանը եւ ընդհակառակը:

«Ծանոթանալով երիտասարդ գրաքննադատ Վովա Արզումանյանի գրախոսություններին, երկշերտ գոհունակություն ու հպարտություն ապրեցի՝ այն առումով, որ հանձին երիտասարդ գրական գործչի, համոզվեցի, որ հայոց գրականագիտության նոր հորիզոններում հառնում է նման գրաքննադատ»,-նշել է Սոկրատ Խանյանը, ապա ավելացրել, որ գրախոսությունների սույն շարքը եկավ ապացուցելու, որ իրականանում է մեծն Ավետիք Իսահակյանի 1946 թվականին արտահայտած խորհուրդն այն մասին, որ հայ գրականության ստեղծման սահմաններն ընդգրկում են մայր Հայաստանը, ներքին եւ արտաքին Սփյուռքը՝ հավատարիմ «Մեկ ժողովուրդ, մեկ գրականություն» հասկացությանը: Վովա Արզումանյանը, լինելով ժամանակակից գրականության ջատագով, լավագույնս է տիրապետում գրական դաշտի ե՛ւ խնդիրներին, ե՛ւ բացթողումներին, ե՛ւ առավելություններին: Վստահ է՝ լեզուն, մշակույթը, գրականությունն ազգային դիմագիծը ճիշտ ձեւավորելու եւ պահպանելու կարեւորագույն հիմքերից են եւ պետք է ամեն գնով այն արժեւորել: «Փորձել եմ անդրադառնալ այնպիսի գրողների ստեղծագործությունների, որոնք նոր խոսք են բերում մեր գրականություն եւ փորձում դրանով մարդկային հոգու խորքերը ներթափանցել»,-նշել է Վովա Արզումանյանը, ավելացնելով, որ այսօր բարձրարժեք գրականություն կարդալը կարեւոր է, վերլուծելն ու եզրակացություններ անելը՝ ցանկալի:

«Բառը շարժման մեջ» գրքում նաեւ քիչ ուսումնասիրված մի կարեւոր ուղղության է անդրադարձել հեղինակը՝ «Աբսուրդի դրամայի դրսեւորումները հայ արդի գրականության մեջ»: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի պրոֆեսոր, դրամատուրգ, գրող Դավիթ Մուրադյանն է վստահեցնում՝ Վովա Արզումանյանին հաջողվել է ի մի բերել աբսուրդի ժանրային բնութագիրը կրող մի քանի պիեսներ, որոնք ասպարեզ են եկել հիմնականում նախորդ դարի վերջերից եւ ավելի նկատելի դարձել 2000-ականներին: «Հոդվածը պատկերացում է տալիս այդ գեղարվեստական պրոցեսի եւ կոնկրետ ստեղծագործությունների մասին»,-նշել է Դավիթ Մուրադյանը:

Հեղինակը նաեւ անմասն չի մնացել եւ ներկայացրել է երիտասարդ սերնդի մի խումբ ստեղծագործողների ստեղծագործությունների թեմատիկ եւ կառուցվածքային դրսեւորումները, դրանց գեղագիտական արժեքի ընդհանրացումներով ի ցույց է դրել ընդհանուր համապատկերը: Վովա Արզումանյանը վստահ է՝ ինչպես արձակը, այնպես էլ պոեզիան՝ ինքնատիպ բնավորություն են պահանջում: «Սակայն ցավալի է, որ այսօր մենք ականատեսն ենք մի իրականության, որտեղ մակերեսային պատկերացումները գերազանցում են խորը ընկալման բարդ գործին»,-գրում է նա:

Տաթևիկ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ