You are currently viewing Թումանյանը և Արցախը

Թումանյանը և Արցախը

Հայոց Արևելից կողմը հանդիսացող Արցախի պատմության, մշակույթի վերաբերյալ վերջին տարիներին հրատարակված ուսումնասիրությունները Թումանյանի երազանքների իրականացումն են: Աշխարհին ի ցույց, թուրք պատմաբանների կեղծիքի հանդեպ պատնեշներ են Լեոյի ծանրակշիռ աշխատությունները Ղարաբաղի պատմության, մշակույթի, դպրոցական գործի և այլ բնագավառների վերաբերյալ, Ստ. Լիսիցյանի «Լեռնային Ղարաբաղի հայերը» ազգագրական ակնարկը, Կ. Դավթյանի «Ղարաբաղի բարբառի քարտեզը», Բ. Ուլուբաբյանի «Խաչենի իշխանությունը 14-16-րդ դարերում», «Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմութեան», «Գանձասար» ուսումնասիրությունները, Հ. Հակոբյանի «Արցախ-Ուտիքի մանրանկարչությունը 13-14-րդ դդ.», Մ. Ղազարյանի «Արցախի արվեստի գանձերը», Մոսկվայում հրատարակված «Ղարաբաղի հրեշտակը» (հեղինակ` Բ. Բարաթով) նկարազարդ ալբոմ-ժողովածուն և այլ գործեր: Այդ ամենը դեռ քիչ է: Պետք է հասնել Մեծ Լոռեցու խորհրդի ամբողջական իրականացմանը: Անհրաժեշտ է վեր հանել Արցախի նյութական և հոգևոր գանձերի հայաշունչ շերտերը` դրանով իսկ ջախջախիչ հարված հասցնելով ադրբեջանցի վայ-գիտնականների զավթողական արշավանքներին:
«Հիշողություններ Հովհաննես Թումանյանի մասին» հոդվածում Լեոն ներկայացնում է Մեծ Լոռեցու հետ իր հանդիպումների շարքը, գորովանքով ընդգծում իրենց երկարամյա բարեկամությունը: Լեոն գրում է, որ 1903 թ. առաջին անգամ առիթ է ունեցել ճանապարհորդելու Ալեքսանդրապոլի նորակառույց երկաթուղով և «Մշակ» թերթի մեջ խանդավառ սքանչացումով նկարագրել է Լոռու ձորը: Լեոյի այդ փոքրիկ ակնարկը մեծ հաճույք է պատճառել Հովհ. Թումանյանին: Բանաստեղծը Լեոյի մեջ տեսավ իր պես մի լեռնցու, որին հաջողվել է հարազատ կերպով վերարտադրել Լոռու բնությունը: Այստեղից էլ ծնունդ է առել Մեծ բանաստեղծի երազանքը` տեսնել Ղարաբաղը: «Այն ժամանակներից,- նշում է Լեոն,- Թումանյանը ինձ շատ ու շատ անգամ է կրկնել, թե իր փափագն է գեթ մի անգամ տեսնել Ղարաբաղը: Բայց այդ փափագը, ուրիշ շատերի հետ, նա տարավ գերեզման» (Թումանյանը ժամանակակիցների հուշերում, Եր., 1969, էջ 52):
Լեոյի` դեպի հայրենի Ղարաբաղն ունեցած կարոտը, Ղարաբաղը տեսնելու Թումանյանի բաղձանքը խաչաձևվել և դարձել էին երազանքի մի հոգեզմայլ թրթիռ: Եվ լեռնային ինչ տեղանքում լինում էին, անպայման Ղարաբաղն էին պատկերացնում, փափագում Ղարաբաղը:
Իր հիշողություններում Լեոն պատմում է լեռնային Մարց գյուղ կատարած շրջագայության մասին:
Մարց գյուղը շատ վաղուց Լոռի է տեղափոխվել Ղարաբաղից: Գյուղի մոտ, ծառախիտ անկյունում վեր է բարձրացված հսկայական տապանաքար խաչարձանի ձևով, որի մի երեսն ամբողջովին ծածկված է արձանագրությամբ: Այդ գրության մեջ նշված է արձանի կանգնեցման ժամանակը. «Ի դառն եւ նեղ ժամանակիս, հորում թաթարն տիրեր»: Դժվար չէ կռահել, որ գյուղը Արցախից այդ անառիկ վայրն է տեղափոխվել մոնղոլ-թաթարական տիրապետության շրջանում: Գյուղից վեր` Արփաթալա կոչվող լեռնային բարձրության վրա, ուր գերում-հափշտակում են բնության ընտրյալ տեղի բազմաթիվ հմայքները, Հովհ. Թումանյանը ձգտում է իմանալ Լեոյի ստացած տպավորության մասին: Լեոն հուշերում բերում է իր պատասխանը. «Ես փառաբանում եմ նրա հայրենի բնությունը, իմ խորին զմայլանքն եմ հայտնում և ասում եմ, որ տեղը շատ նմանություն ունի Ղարաբաղի Թթու-ջրին և կարող է դառնալ առաջնակարգ կլիմայական կայարան» (նույն տեղը, էջ 91): Նման պահերին ավելի է բորբոքվում Թումանյանի` Ղարաբաղ այցելելու երազանքը:
Հովհ. Թումանյանին գերել էր Լեոյի գիտելիքների պաշարը հայագիտության, կովկասագիտության բնագավառներում: Բանաստեղծի դուստրը` Ն. Թումանյանը, գրում է, որ երբ Լեոն գալիս էր հոր մոտ, խոսում էին պատմությունից: Կովկասագիտությունը և հայոց պատմությունը նրանց զրույցի նյութն էր, գուցե հենց այդ էր պատճառը, որ նրանք արագ մտերմացան, բարեկամացան: «Զրույցի ժամանակ,- ընդգծում է նա,- հայրիկը կովկասագիտության պահարանից հանում էր կովկասյան պատերազմների հայտնի պատմագիր-գեներալ Պոտտոյի հատորները, Մաևսկու “ԹՈվրՍՌռ ՉՌսՈպՑ” և ուրիշ գրքեր»: Կովկասագիտությունը հատուկ տեղ էր գրավում նրա հետաքրքրությունների մեջ, կարելի է ասել` կենտրոնական տեղ, քանի որ կապված էր ժողովրդի պատմության, նրա հարևան ժողովուրդների հետ: «Վերք Հայաստանին» ուսումնասիրելիս հաճախ էր դառնում կովկասագիտական գրքերին, Պոտտոյի հատորներին» (Հովհ. Թումանյան, Հուշեր և զրույցներ, Եր., 1969, էջ 77): Հայտնի է, որ Պոտտոյի երկերում զգալի տեղ է գրավում Ղարաբաղի մելիքների, հարյուրապետների, հերոսական մարդկանց անմոռանալի գործերի նկարագրությունը:
Լեոյի հարգանքը Թումանյանի հանդեպ պարզ էր, անմիջական ու սրտացավ: Հետաքրքիր է հետևյալ դեպքը: 1912 թ. Թումանյանին կանչել էին Պետերբուրգ` դատավարության: Բացակայության ժամանակ որդիներից Արտիկը գրել էր «Վան-Դեյկ» պիեսը, իսկ Համլիկը` «Ի՞նչ է գեղարվեստը» հոդվածը: Նրանք բանավեճ էին սկսել Մուշեղ Աղայանի հետ գեղարվեստի շուրջ: Լեոն «Հորիզոնում» տպել էր նրանց ակնարկները: Երբ Թումանյանը վերադարձավ Թիֆլիս, մի օր Լեոյին ասաց. «Ա՛յ մարդ, ամբողջ աշխարհը կանգնել է ու չի կարողանում ապացուցել, թե ինչ է գեղարվեստը, ավելորդ ենք համարում խոսել: Ասենք սրանք սարսաղ են, գրում են, դու ահագին մարդ, ի՞նչ ես սրանց խելքին ընկել, տպել»: Լեոն ասել էր ծիծաղով. «Դե ասի, հերները բանտարկված է, տպեմ, սիրտները չկոտրեմ»: Իսկ իր տղաներին Թումանյանը դիտողություն էր արել. «Նախքան էդ տեսակ հարցերի մասին գրելը պետք է կարդալ, շատ կարդալ գեղարվեստի մասին, ճաշակ զարգացնել, հետո գրել» (նույն տեղը, էջ 107):
Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Թումանյանը կորցրել էր հանգիստն ու քունը: Լեոն պատմում է, թե ինչպես բանաստեղծը գերմանական միսիայի պետ ֆոն Կռեսի մոտ, Հայրենակցական միությունների անունից խնդրել է՝ գերմանական միսիան միջոցներ ձեռք առնի, որպեսզի տաճիկ փաշաները Լոռիում, Ախալքալաքում ու Ղարաբաղում չնեղեն ժողովրդին:
Հովհ. Թումանյանի անկեղծ ու մեծ բարեկամներից էր նաև ականավոր բժիշկ, շուշեցի Գրիգոր Սաղյանը, որը բժշկական կրթություն էր ստացել Բեռլինի և Յենայի համալսարաններում, հետագայում իր նպաստը բերել հայ բժշկագիտության զարգացմանն ու հարստացմանը: Գ. Սաղյանը XX դարի սկզբից մինչև Մեծ Լոռեցու մահը հետևել է բանաստեղծի առողջությանը, մասնակցել Թիֆլիսում նրա առաջին վիրահատությանը, 1923-ին ուղեկցել Մոսկվայի հիվանդանոց, բոլոր դժվարին ու վտանգավոր պահերին մնացել մոտը: Ն. Թումանյանն իր «Հուշեր և զրույցներ» գրքում հանգամանորեն պատմում է, որ Սաղյանը հաճախ էր այցելում պոետին, նույնիսկ Թիֆլիսից դուրս գտնվող առողջարաններում հանգստանալիս: Դա սոսկ բժշկի այցելություն չէր: Թումանյանի հետ Սաղյանի յուրաքանչյուր հանդիպում վերածվում էր զրույցների, երգերի, անեկդոտների հետաքրքիր երեկոների:
Բժիշկ Գ. Սաղյանի և Հովհ. Թումանյանի եղբայրական, անկաշկանդ բարեկամության մասին է վկայում նաև բանաստեղծ Վաղարշակ Նորենցը: Հանդիպումների ժամանակ նրանց զրույցի թեման Ղարաբաղն էր: Վ. Նորենցը գրում է. «Թումանյանի նման Սաղյանն էլ սիրում էր ժողովրդական զրույցներ և անեկդոտներ, և հիանալի պատմող էր: Մի քանի անգամ ներկա եմ եղել բանաստեղծի և բժշկի մրցմանը` անեկդոտներ պատմելիս: Բանաստեղծը անեկդոտներ պատմում էր լոռեցիների կյանքից` համեմված Լոռու բարբառի բնորոշ արտահայտություններով, իսկ բժիշկը` Ղարաբաղի կյանքից և Ղարաբաղի բարբառի համեմունքով: Երկուսն էլ վարպետ էին և արժանավոր մրցակիցներ: Անհնար էր զսպված ծիծաղով լսել այդ մանր և սրամիտ զրույցները» (Թումանյանը ժամանակակիցների հուշերում, Եր., 1969, էջ 865):
Հովհ. Թումանյանի համար Սաղյանը Արցախի ժողովրդական կենսափորձից ծնված բարության օրինակ էր: Պատահական չէ, որ մեծ բանաստեղծը, Վ. Նորենցի վկայությամբ, Սաղյանին է նվիրել իր հետևյալ փիլիսոփայական քառյակը.
– Էս է, որ կա… Ճիշտ ես ասում,
թասըդ բե՛ր:
Էս էլ կանցնի` հանց երազում,
թասըդ բե՛ր:
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալէն,
Մեկն ապրում է, մյուսն՝ ըսպասում,
թասըդ բե՛ր:
Հովհ. Թումանյանն իր ղարաբաղցի ընկերներից առնում էր մեր լեռնաշխարհի կարոտը, մտովի տեսնում նրա գեղեցկությունները, զգում հայաշունչ Արցախի ժողովրդական իմաստությունն ու խոսքի հմայքը:

***
Հովհ. Թումանյանի սիրտը միշտ Ղարաբաղի լեռներում էր: Նրա հոգում ծփում էին արցախյան կուսական անտառները, խոխոջում զուլալ աղբյուրները, նրան հմայում էին ղարաբաղցու կամքի ուժը, իմաստությունը, վեհությունը, ազգային արժանապատվության խոր զգացումը: Նույնիսկ անձնական կյանքին սպառնացող ամենավտանգավոր պահերին Հովհ. Թումանյանին հուզում էին Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, պաշտպանում էր Արցախի իրավունքներն ու շահերը:
1905-1907 թթ. հեղափոխությունից հետո, ինչպես գրում է Լեոն, ամպեր էին կուտակվում Ռուսաստանի հայ մտավորականության գլխին: Ցարական գարշելի բյուրոկրատիան կազմակերպել էր հայ-թուրքական կոտորածները, այնուհետև հալածում էր հայերին` նրանց կազմակերպած ինքնապաշտպանության համար: Սպիտակ տեռորը տարածվել էր հայ ժողովրդի վրա` իբրև վրեժ այն խայտառակ պարտության, որ ցարական կառավարությունը կրել էր հայ ժողովրդից եկեղեցական կալվածքների հարցում: Գործը սկսում էր իբր թե միայն Դաշնակցական կուսակցության դեմ, բայց իրո՛ք պատուհասվում էր հայ մտավորականությունը: Ռուսաստանի գրեթե բոլոր հայաբնակ վայրերում սկսվեցին խուզարկություններ, ձերբակալություններ: Եվ ահա այդ օրերին բանտարկվում է նաև Հովհ. Թումանյանը: Բանաստեղծին առաջին անգամ բանտարկեցին 1908 թ. դեկտեմբերի 24-ին, որդու` արական երրորդ գիմնազիայի 8-րդ դասարանի աշակերտ Մուշեղի հետ և տարան Մետեխի բանտ:
Հովհ. Թումանյանին բանտարկել էին 1905-1906 թթ. գործունեության համար, երբ հայ-թուրքական ընդհարումների ժամանակ ձիավորներով գնացել էր Ղազախ` թուրքերի հետ հաշտություն կնքելու, և իր միսիան ավարտել էր հաջողությամբ: Բայց նախնական քննության ժամանակ մի շարք թուրքեր, ինչպես նաև այգեհատցի Շահբազ Շահվերդյանը, շատ աննպաստ ցուցմունք էին տվել, իբր Թումանյանը շրջել է թուրք գյուղերով և առաջարկել միանալ հայերի հետ` տապալելու ռուսական կառավարությունը: Գործը հանձնված էր քննիչ Լիժինին, որը հայատյաց մի սրիկա էր: 1909 թ. հունիսին Մուշեղին բաց թողեցին, իսկ Թումանյանին ժամանակավորապես ազատեցին գրավականով:
1911 թ. սեպտեմբերին լուր է տարածվում, թե Թումանյանի «գործը» քննվելու է Պետերբուրգում, տարվա վերջին: Դա նոյեմբերի 1-ն էր: Դեկտեմբերի 9-ին բանաստեղծի դուստր Աշխենի ամուսինը` Գևորգ Խատիսյանը, պաշտոնապես նշանակվում է մեղադրյալ Հովհ. Թումանյանի պաշտպան: Դեկտեմբերի 26-ին Թումանյանն Աշխենի հետ մեկնեց Պետերբուրգ: Այդ ժամանակ Մուշեղը (որդին) Պետերբուրգի համալսարանի բնագիտական բաժնի երկրորդ կուրսի ուսանող էր: Հունվարի սկզբին Թումանյանը և Աշխենը հասան Պետերբուրգ: Թումանյանին տարան Սենատի շենք, նախնական կալանքի տուն: Մեծ Լոռեցին արդարացվեց: 1912 թ. Պետերբուրգից Ն. Թումանյանին գրած նամակում բանաստեղծը հայտնում է. «Լսեցիր, երևի, թե իմ ցուցմունքն ինչ խեղաթյուրումներով է լցված: Էսօր Աշխենն ու Մուշեղն էին մոտս… Երկուսն էլ շատ լավ են… Այժմ Գիգայի տրամադրությունը շատ է լավացել: Գիգան այնպես լավ պաշտպանեց Ղարաբաղի, Համազասպի և հաշտարխանցիների գործը, որ բոլորը զարմացան-միանգամայն հրաշալի, ամենաառաջնակարգների նման: Բոլոր փաստաբանները շատ գովեցին» (Ն. Թումանյան, Հուշեր և զրույցներ, Եր., 1969, էջ 388):

***
Հովհ. Թումանյանի ստեղծագործության կաթնաղբյուրը ժողովրդական բանահյուսությունն էր: «Հայոց դրամբյանիզմն ու ես» հոդվածում պատասխանելով վայ-քննադատ Դրամբյանին, նշել է. «Ես իմ լեգենդներն էլ եմ ժողովրդից առել, բոլոր հեքիաթներն ու զրույցներն էլ եմ ժողովրդից ու ժողովրդականիցն առել, ու միշտ աշխատել եմ և աշխատում եմ ինչքան կարելի է մոտիկ ու հարազատ մնալ, Սասունցի Դավիթը կազմելիս էլ եմ էդպես արել, նույնիսկ Անուշն էլ, Թմկաբերդն էլ, մյուսներն էլ, որտեղ քեֆս տվել է, օգտվել եմ ժողովրդական նյութերից, և շատ անգամ հենց ինչպես իրենք են ասում` բառացի» (Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու, հ. 4-րդ, Եր., 1969, էջ 198-199):
Ինչպես տեսնում ենք, Թումանյանը հայտնում է, որ «Անուշ» պոեմի նյութը ևս վերցրել է ժողովրդականից: Հետաքրքիր է, բանաստեղծը ինչպիսի՞ աղբյուրներից է օգտվել իր անմահ պոեմը գրելիս: Պարզվում է, որ «Անուշը» ունեցել է ղարաբաղյան ակունք:
1881 թ. Րաֆֆին շրջագայել է Արցախի գյուղերում: Կուսապատում իջևանել է բժիշկ Աղասարյանի տանը: Վերջինս խնդրել է անվանի գրողին` գրի առնել իրենց տոհմի հետ կապված Անուշի, Սարոյի և Մոսիի ողբերգական պատմությունը, որը տեղի է ունեցել իրենց գյուղում: Րաֆֆին կատարել է նրա ցանկությունը և ձեռագիրը նվիրել բժշկին: Տարիներ անց, 1930-ական թթ., մոխրաթաղցի բանահավաք Ասատուր Բաբայանը, ծանոթանալով այդ ձեռագրին, իր հետ բերել է Երևան և ներկայացրել Ավ. Իսահակյանին: Վարպետը խորհուրդ է տվել պահպանել ձեռագիրը և հարմար պահին հանձնել տպագրության: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ արգելված էին Րաֆֆու, Չարենցի ստեղծագործությունները: Ա. Բաբայանը Րաֆֆու ձեռագիրը Չարենցի գրքերի հետ պահ է տալիս Մեծ Շենցի իր զոքանչին, ապա մեկնում ռազմաճակատ: Վերադառնալով պատերազմից՝ Ա. Բաբայանն իմանում է, որ Սարգիս անունով իր բարեկամի խորհրդով Րաֆֆու ձեռագիրն ու Չարենցի երկերը ոչնչացվել են: Հետպատերազմյան շրջանում Ավ. Իսահակյանը Երևանում Ա. Բաբայանին հիշեցնում է Րաֆֆու ձեռագրի մասին: Բայց ավա՜ղ, այդ թանկարժեք գանձն արդեն ոչնչացվել էր: Հարց է առաջանում. Անուշի, Սարոյի, Մոսիի ողբերգության պատմությունը ինչպե՞ս է հասել Թումանյանին: Կան տեղեկություններ, որ շատ կուսապատցիներ, դրանց թվում և Աղասարյանների տոհմի մի մասը, 19-րդ դարում տեղափոխվել է Լոռի, Շուլավերի կողմերը` իրենց հետ տանելով և այս պատմությունը, որն էլ աղբյուր է ծառայել Մեծ Լոռեցու անմահ պոեմի համար (այս մասին տե՛ս Բ. Կարապետյանի «Հարիւր տարուայ երկխօսութիւն» գրքում, Եր., 1991 թ.): Անուշն իրականում իրեն կախել է: Ավանդությունը պատմում է, որ Անուշը թաղված է Կուսապատի հին գերեզմանոցում:
Հովհ. Թումանյանի` ղարաբաղցիների հանդեպ ունեցած ջերմ սիրո մասին է խոսում հետաքրքիր մի պատմություն, որ բացահայտվել է բոլորովին վերջերս: Դեպքը տեղի է ունեցել 1918 թ.: Երեսուն երիտասարդ ղարաբաղցիներ, որոնց մեջ է եղել Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղի բնակիչ Գրիգոր Աբրահամյանը, ցարական բանակում ավարտելով ռազմական ծառայությունը, Թիֆլիսից վերադառնում էին հայրենիք: Ճանապարհին` Գանձակում, թուրքերը շրջապատում են նրանց և գերի վերցնում: Ութ տանջալի օրերից հետո, նրանց հաջողվում է քանդել ձիանոցի պատը և հետ փախչել Թիֆլիսի զորանոցը, որ մոտ էր Հովհ. Թումանյանի բնակարանին: Մեծ բանաստեղծը, լսելով ղարաբաղցիների ոդիսականի մասին, այցելում է զորանոց, զրուցում նրանց հետ: Մինչև այդ հանդիպումը, բանաստեղծն իր ընկերներից մեկի տանը տեսել էր մի գեղեցիկ օրորոց և իմացել, որ այն պատրաստել է ղարաբաղցի այդ տղաներից մեկը` Գրիգոր Աբրահամյանը: Բանաստեղծը նրան հրավիրում է իր տուն: Ստեղծվում է մի ջերմ մթնոլորտ Թումանյանի ընտանիքի և Գրիգորի միջև: Բանաստեղծի կինը` Օլգան, հանձին Գրիգորի, տեսնում էր իրենց որդուն` Արտավազդին, և ամեն անգամ սեղան նստելիս կրկնում էր. «Լրացել է իմ տաս երեխաների թիվը»:
Որպես երախտագիտության տուրք՝ Գրիգորը մի օրորոց է պատրաստում և նվիրում Թումանյանի նորածին թոռանը: Իսկ փոխարենը Թումանյանը լամպ-լուսամփոփ է ընծայում: Մեծ դժվարությամբ բանաստեղծի նվերը հասցվում է Պողոսագոմեր:
Յոթանասուն տարի անց, վաստակաշատ ուսուցչուհի Մարգո Ահարոնյանը, Աբրահամյանների օջախում, Գ. Աբրահամյանների այրուց` Վարդանուշ մայրիկից, լսում է այդ պատմությունը: Ուսուցչուհին խորհուրդ է տալիս լամպը նվիրել Երևանի Հովհ. Թումանյանի անվան թանգարանին, սակայն ընտանիքի անդամները հրաժարվում են` չցանկանալով բաժանվել այդ սուրբ մասունքից (տե՛ս Մ. Ահարոնյան, «Թումանյանի լապտերը», «Խորհրդային Ղարաբաղ», 1990 թ., մարտի 21):
Տեղի է ունենում անսպասելին: Ադրբեջանցի օմօնականները` խորհրդային զինվորների օգնությամբ, տեղահան են անում Մարտակերտի շրջանի գյուղերը: Պողոսագոմերը ազատագրելուց հետո, Աբրահամյանների առաջին հոգսը Թումանյանի լամպի որոնումն էր: Սակայն ապարդյուն: Ադրբեջանցիներն ավար էին տարել նաև լամպը: Իմանալով այդ մասին՝ խորհեցի. գուցե ադրբեջանցի ասկյարները Թումանյանի լամպի լույսով մարդ դառնան և հրաժարվեն վայրենությունից, չէ՞ որ հենց նրանց մասին է ասված Մեծ Լոռեցու քառյակը.
Բերանն արնոտ մարդակերը էն անբան,
Հազար դարում հազիվ դառավ
Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա
դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

***
«Երեկվա պատմությունը և այսօրվա իրականությունը», «Ահա՛ թե ինչու», «Փորձիչը», «Հայկական հարցն ու իր լուծումը» և այլ հոդվածներում Թումանյանը խոր իմացությամբ քննարկել է Հայկական հարցի պատմական արմատների, հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպման, քաղաքական կողմնորոշման և այլ կարևոր խնդիրներ: Այդ հարցերի արծարծման ընդհանուր խորապատկերի վրա, Մեծ Լոռեցին մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Ղարաբաղին: Նա ներքին խանդաղատանքով է ընդգծում, թե ինչպես դեռևս 17-րդ դարից Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են Ղարաբաղի մելիքությունների ազատագրական ոգորումներին: 19-րդ դարում Գանձասարը դարձել էր ազատագրական շարժումների կենտրոն: Դարասկզբին Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանի շուրջն էին համախմբվել շարժման ղեկավարները: Սկսած 1703-1704 թվականներից, Գանձասարից Ռուսաստան են հղվել դիմումներ ու նամակներ` թուրք-պարսկական լծից ազատագրվելու խնդրանքով: «Շատ շուտով,- գրում է Թումանյանը,- փորձն ու գործն էլ ցույց տվին, որ միայն Ռուսաստանը կարող էր վճռել խնդիրը: Եվ թե՛ Օրին ու հայ հոգևորականությունը, թե՛ հայ ժողովուրդը էն օրվանից երեսներն արին դեպի Ռուսաստան: Եվ ընդմիշտ դեպի Ռուսաստան: Մինչև էսօրվա օրը» (Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու, հ. 4-րդ, Եր., 1969, էջ 163):
Հաստատված է, որ Թումանյան տոհմը սերվել է Մամիկոնյան սպարապետական տնից, որի մի մասը 10-րդ դարում Լոռի է տեղափոխվել Տարոնից: Բանաստեղծը դեռևս պատանեկության տարիներին գրել է իրենց տոհմի պատմությունը՝ «Գիրք հարանց» վերնագրով: Մեծ Լոռեցին այստեղ հիացմունքով է ներկայացնում Ուզունլար գյուղից մի ծերունու պատմածը ղարաբաղցի քաջերի մասին. «Երևանու պատերազմի ժամանակ հայերից ևս զորք ժողովեցին: Այդ ժամանակ Ղարաբաղու Մելիք-Ջումշուդը գտնւում էր Դսեղ, որ ուներ իւր առանձին ժողովուրդը… Զորահաւաքից յետոյ նորա զորքի գլխաւորներ ընտրեցին Մելիք-Ջումշուդին, Հովակիմ եուզբաշուն և ուրիշ մեծանուն ու քաջ անձանց Լոռու: Ես ևս մասնակցում էի այդ պատերազմին,- ասաց ծերունին» (Ա. Ինճիկյան, Հովհ. Թումանյան, Եր., 1969, էջ 32):
Ինչպես տեսնում ենք, 1826-1828 թթ. բազմաթիվ ղարաբաղցիներ մասնակցել են ռուս-պարսկական պատերազմին` ցուցաբերելով խիզախություն և քաջություն, որը և չէր կարող վրիպել Հովհ. Թումանյանի ուշադրությունից: Մեծ Լոռեցին կարևորություն է տվել հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Եվ եթե նա կոչ էր անում և ձգտում հաշտության ու խաղաղության` հայերի ու թուրքերի միջև, դա չի նշանակում, որ նա մոռանում էր ինքնապաշտպանության խնդիրը:
1918 թ., երբ ռուսները թողել էին Կովկասը, Թումանյանը շատ էր մտահոգվել հայ ժողովրդի վիճակով, երկրամասի ուժերի հարաբերությամբ: Նրան հուզել էին ռուսների` հայերին թողնված ռազմաճակատի գործերը, բերդերում եղած ռազմական և այլ պարենավորման հսկայական պահեստների և դրանց օգտագործման խնդիրները:
Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ Լևոն Եվանգուլյանին գրած նամակում (տե՛ս Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, Եր., 1969, էջ 435-437) բանաստեղծը բարձրացնում է Քուռ և Արաքս գետերի միջև գտնվող Հայկական լեռնաշխարհի ապահովումը զենքերով և զինամթերքով: Որպես Լոռու, Փամբակի, Ղազախի, Շամշադինի և Բորչալուի ընդհանուր լիազոր ներկայացուցիչ՝ նա նպաստել էր հայերի ինքնապաշտպանության կազմակերպմանը, առանձնահատուկ հետևել Ղարաբաղի ուժեղացմանը` այն համարելով էական խնդիր: Թումանյանն արդարացիորեն բարձրացնում էր Մեծ Հայաստանի ընդարձակ նահանգը հանդիսացող Արցախի պաշտպանության, հայ ժողովրդի հետ նրա համատեղ կյանքի ապահովման հարցերը: Այն տարիներին, երբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանում ամեն գնով ձգտում էին Ղարաբաղը պոկել Հայաստանից, բանաստեղծը վրդովվել էր: 1919 թ. Լենինի զինակից Ա. Միկոյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պիտի լինի, իսկ Թումանյանը Թիֆլիսում կազմակերպել էր ցույցեր ու ազգահավաքներ` Ղարաբաղը Հայաստանից խլելու անարդարացի քաղաքականության դեմ: Այսօր, երբ արցախցիները, ամբողջ հայ ժողովրդի աջակցությամբ, անզիջում և վճռական պայքար են մղում հանուն անկախության և ազատության, մի նոր իմաստ են ստանում Մեծ Լոռեցու հետաքրքրությունն ու սերը մեր լեռնաշխարհի հանդեպ, նոր ուժով է հնչում նրա իմաստությունը. «Ամեն մի ժողովուրդ… բաղկացած է կենդանի մարդկանցից, հորից, մորից, քրոջից, եղբորից, ամուսնուց, որդուց… Դրանք հավիտյան չեն կարող տանել թե՛ իրենց և թե՛ իրենց հարազատների տանջանքն ու անպատվությունը:
Մարդկային կարողությունն ու համբերությունը, ինչքան էլ մեծ լինի, մի սահման ունի» (Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու, հ.4-րդ, Եր., 1969, էջ 146-147):
Համբերության այս սահմանից էլ հնչել է հանճարեղ արվեստագետի վճռական խոսքը. «Հայաստանը պետք է խոսի վերջապես: Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, որ ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար» (նույն տեղը, էջ 286):
Հովհ. Թումանյանը շատ է երազել, որ հայ ժողովուրդն ունենա համալսարան: Արդ, Երևանի պետական համալսարանին զուգահեռ, մեր ժողովուրդն ունի իր երկրորդ համալսարանը Արցախում: Եվ կրկնակի խորհրդանշական ու այժմեական է հնչում 1918 թվականին Շուշիում Ղարաբաղի Հայոց թեմական հոգևոր դպրոցի հիմնադրման 75-ամյա հոբելյանի առթիվ Մեծ բանաստեղծի հղած հեռագիրը. «Այսօր, երբ պատմական Ղարաբաղը հայրենի բարձունքներում այնպես ուժգնորեն ամրացնում է իր հոգևոր կրթության միջնաբերդը՝ տոնելով նրա գոյության 75-ամյակը, ես հրճվում եմ:
Թող նրա որդիները լինեն բարձր ու անսասան, ինչպես նրա սեգ լեռներն են» (Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու, հ. 4-րդ, Եր., 1969, էջ 286):

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր