You are currently viewing Կարևոր առաքելությամբ գործող «Զարթոնք» արվեստի ակադեմիան Արցախում է. լուսանկարներ  

Կարևոր առաքելությամբ գործող «Զարթոնք» արվեստի ակադեմիան Արցախում է. լուսանկարներ  

Այս օրերին երաժշտության վերելքով Արցախում է «Զարթոնք» ակադեմիան։ 

Vardananq.am-ի թղթակցի հետ զրույցում կազմակերպիչները նշեցին, որ  հուլիսի 18-31-ը «Զարթոնքը» Ստեփանակերտում արդի ուսուցման զինանոցով անցկացնում է ամառային երաժշտական, ստեղծագործական արվեստի օրեր, որն այսօր իսկապես կարևոր է։ Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը, իսկ կազմակերպիչը՝ «Ատգեն Արմենյան» հիմնադրամը։

«Զարթոնք» արվեստի ակադեմիայում ներառված են վարպետության դասեր ժողովրդական, կամերային, դասական վոկալի և ջազ երաժշտության, գրաֆիկ դիզայնի և ստեղծագրության ոլորտներում։ 

 Ակադեմիայի տնօրեն, «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախագահ Վան Արմենյանը նշեց, որ «Զարթոնքը» առաջին անգամ Հայաստան է եկել 2019 թվականին և դասընթացը կազմակերպվել էր Վանաձորում՝ այդպիսով վարպետները պատանի երաժիշտների մասնագիտական կարողությունները զարգացրեցին: Վան Արմենյանը նաև ավելացրեց, որ Արցախում «Զարթոնքը» այս օրերին համերգներ է կազմակերպելու՝ բարձրորակ երաժշտությամբ հագեցնելով տեղի բնակչության առօրյան:

«Զարթոնք» ակադեմիայի վարպետների կազմը ձևավորված է Հայաստանից և արտասահմանից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներից: 

Ակադեմիայի նպատակը տարածաշրջանում պատերազմի, համաճարակի և քաղաքական իրադարձությունների թիրախ դարձած արցախցուն ոգեշնչելը, երաժշտությամբ, մշակույթով, արվեստով ապագայի դրական և գործնական ուղիներ բացահայտելն է: 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ