You are currently viewing ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՊԱՏԱՐԱԳ Է ՄԱՏՈՒՑԵԼ

ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՊԱՏԱՐԱԳ Է ՄԱՏՈՒՑԵԼ

Ինչպես 782 տարի առաջ, այնպես և այսօր՝ Տիրոջ 2022 տարվա հուլիսի 24-ին, Գանձասարում մեծահանդես տոնակատարվեց ՀԱԵ տաղավարներից Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որի խորհուրդն Աստծո պատվերն է. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»։ Տոնական, սուրբ և անմահ պատարագով հիշատակվեց Հիսուս Քրիստոսի` Թաբոր լեռան վրա Աստվածային փառքով երևումը, որը նկարագրված է Ավետարաններում: Պատարագիչը՝ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, քարոզում Գանձասարը համեմատեց Թաբոր լեռան հետ, որտեղ տեղի է ունեցել մեր Տիրոջ Պայծառակերպությունը։

— Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու. «…լեռ ելավ՝ աղոթքի կանգնելու»,- ներկաներին ասաց Սրբազան Հայրը՝ ամբողջացնելով ավետարանական դրվագը։- Երբ աղոթքի կանգնեց և Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքն այլակերպվեց», և Հիսուս աշակերտներին երևաց իր աստվածային փառքով: Սքանչելի տեսարանից զմայլված` Պետրոս առաքյալը բացականչում է. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք. մեկը Քեզ համար, մեկը` Մովսեսի, մեկն էլ` Եղիայի»։ Մինչ նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»։

Վրթանես Սրբազանի մեկնաբանությամբ՝ 1240 թվականին, երբ հանդիսավորապես օծվեց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, եկեղեցու հիմնադիրը՝ ժամանակի ռազմաքաղաքական առաջնորդ Հասան Ջալալ Դոլան և իր կինը՝ Խորիշահը, որոշեցին և նորաօծ սքանչելիքը դարձրին իրենց իշխանության հիմնասյունը։ Դա արեցին՝ խորապես զգալով Աստվածային Հայտնության օրհնաբեր ազդեցությունն ազգային կյանքից ներս։ Եվ պատմությունը հավաստում է, որ Աստծո շուրջ համախմբված Արցախն էր, որ ամենաերկարը պահպանեց իր ինքնուրույնությունը հայկական բոլոր իշխանությունների համեմատ։

Սրբազան Հայրը քարոզի առանցքում կարմիր թելի պես պահում էր հոգևոր աղերսն իրականության ու տերունական խորհուրդների հետ։ Որքան էլ անցյալի հերոսական դրվագները շատ են, անգերազանց, մենք չպետք է դառնանք նրա պահակները, այլ՝ պահապանները,- ընդգծեց թեմակալ առաջնորդը,- որովհետև պահակը հոգևոր կապվածություն չունի իրեն վստահված տնտեսության հետ, իսկ պահապանն անգամ իր արյունը կտա, որովհետև արյամբ ու հոգով է միաձուլված իր տնտեսությանը։

Պատարագիչ հոգևորականի քարոզը մի շատ կարևոր ուղերձով առանձնացավ․ մեր ազգը Պայծառակերպության կարիք ունի, և մենք նորից պետք է վերանորգենք մեր ուխտն Աստծո հետ՝ ամրագրելով հետևյալ կենսական ճշմարտությունները․

— Հավատը՝ շաղախված մեր ինքնության հետ,- թվարկեց Սրբազան Հայրը։- Գանձասարը վկա է Աստծո հետ արցախահայության նորոգվող ուխտի։ Գանձասարը Թաբոր լեռն է Արցախի Պայծառակերպության։ Գանձասարն արցախահայության ազգային գաղափարախոսության առանցքն է։ Գանձասարն այս հողի վրա Արցախի անկախության, պետականության խարիսխն է։ Իսկ Աստված Թաբոր լեռան վրա համախմբված առաքյալներին ուղղված խոսքի միջոցով մեզ ցույց է տալիս ճանապարհը․ «Դա՛ է Իմ սիրելի Որդին, Դրա՛ն լսեցեք»։ Այլ ճանապարհ և փրկության բանալի մենք չունենք։ Աստված է վկա։

Օրվա հոգևոր արարողությունները Քրիստոսի փառաբանության և օրհներգության խորհուրդն ունեին։ Սրբավայրի հոգևոր միջավայրը զորացավ ևս մեկ խաչքարով։ Բարերար, մի քանի անգամ եկեղեցու տարվա խաչքավորի պարտականությունները ստանձնած Արամ Ֆրանկյանը խաչքար է կանգնեցրել իր ծնողների հիշատակին։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ