You are currently viewing «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի»

«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի»

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» աջակցությամբ հուլիսի 23-ից 27-ն իրականացվեցին «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագրով հանդիպումներ` Սյունիքի և Արցախի երաժիշտների, երաժշտական կրթօջախների ուսանողների, երաժշտասերների հետ: Արցախում հանդիպումներ տեղի ունեցան Աղավնոյում, Ճարտարում, Մարտունիում և Ստեփանակերտում: Սայաթ- Նովայի անվան երաժշտական քոլեջում ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագրով ծրագիրը ցույց է տալիս, որ մշակույթն ու արվեստը սահմանապահ ժողովրդի կողքին են,- ասաց Լ. Հովհաննիսյանը:- Մշակույթը հզոր զենք է: Մշակույթով պայքարը կարևոր պայքարներից է դիվանագիտության և զենքի կողքին: Մշակույթով կարելի է պայքարել ու հաղթել: Եվ մենք ուզում ենք, որ կոմոպոզիտորների միության նախաձեռնությունը վարակիչ դառնա նաև մյուս ստեղծագործական կազմակերպությունների համար:

Երևանից ժամանած կոմպոզիտորներն ու երգիչներն անմիջական շփումներ են ունեցել Սյունիքի և Արցախի սահմանամերձ համայնքների շահառուների հետ: Նրանց համերգացանկում ներառված էին ինչպես ունկնդրին ծանոթ երգեր ու երաժշտություններ, այնպես էլ հեղինակային նոր երգեր ու կատարումներ: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի համար ևս մշակույթը զենք է ու պայքարի ազդեցիկ միջոցներից մեկը:

-Մենք պայքարում ենք երգով,- ասաց Ա.Սաթյանը,- մենք հնչեցրինք երգեր, որոնք գրվել են Արցախի համար ու Արցախի մասին: Մեր կոմպոզիտորների նոր երգերը պատերազմի, խաղաղության, խոհերի, հույսի մասին են և արցախյան բեմում հնչեցին առաջին անգամ: Խաղաղությունն այն ժամանակ է պաշտպանված, երբ մեր ձեռքին ունենում ենք զենք: Մեր զենքը մեր երաժշտությունն է, որի ազդեցությունն առավել քան հզոր է:

Կոմպոզիտորների միության Սյունիք և Արցախ ժամանած երաժշտական բանակը` Արամ Սաթյան, Մարտին Վարդազարյան, Էդգար Գյանջումյան, Նարինե Զարիֆյան, Աշոտ Ղազարյան, Վահե Հայրապետյան, Էդմոնդ Մակարյան, Լուսինե Կզոչյան, Մարիա Խանդանյան, Արմեն Մկրտչյան, Արման Աբրահամյան, ունկնդրին հրամցնում էր բարձրակարգ երաժշտություն, միաժամանակ փորձում ձևավորել ճաշակ ու ներարկել սեր առ Հայրենիք, առանց որի անհնարին է տեղ ունենալ արևի տակ:

-Բայց առաջնայինն այս դեպքում համերգային ծրագիրը չէր,- ասաց կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:- Առաջնայինն այն էր, որ մեր երիտասարդ սերնդի կոմպոզիտորներն են մասնակցում այս հանդիպումներին, իսկ դահլիճում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն են: Մանավանդ ներկա ժամականահատվածում այս կոնտակտը շատ կարևոր է ստեղծագործողի և ունկնդրի համար, որը ստեղծվում է երաժշտական շփման միջոցով: Եթե մենք նույն երգն ենք երգում, մենք նույն միասնությունը կարող ենք ունենալ, որը շատ կարևոր է այս բարդ պայմաններում: Նույնիսկ մեկ շփման արդյունքում կարող ենք հասնել միասնականության, և դա այս հանդիպման ամենահիմնարար գաղափարն է:

Ես անհամբերությամբ եմ սպասում մեր ամեն մի հանդիպման, որը կայացավ վեցերորդ անգամ: Մենք լիցքեր ենք հաղորդում մեր ունկնդիրներին, բայց նաև ստանում ենք,-նկատեց Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտորների միության անդամ, բազմաժանր ստեղծագործող Նարինե Զարիֆյանը:- Դա մեզ աշխատելու, ստեղծագործելու ուժ է տալիս, հույս ու ոգի ներշնչում: Ես և Սյունիքում, և Արցախում զգում եմ ինչպես տանը: Իմ արցախցի ուսանողներն էլ են եկել այս հանդիպմանը, ու ես ինձ երջանիկ եմ զգում: Մենք անպայման պետք է ամրացնենք մեր ստեղծագործական կապերը, հաճախակի հանդիպենք, համերգներ ու կոնֆերանսներ կազմակերպենք:

Այս գաղափարը պաշտպանեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, և կոմպոզիտորների միության նախագահի հետ պարբերական հանդիպումների բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց:

«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագրով նախագծի վերջին ակորդը Մարինե Ալեսի «Երգեր և ռոմանսներ» գրքի շնորհանդեսն էր, որ տեղի ունեցավ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում:

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ