You are currently viewing ԱՅՍՕՐ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆՆ Է

ԱՅՍՕՐ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆՆ Է

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է,

իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն:  (Ա Կորնթ. 1:18)

Սկսած առաքելական ժամանակներից՝ Քրիստոսի Խաչը՝ որպես հարգանքի և երկրպագության առարկա, կարևոր տեղ է գրավում քրիստոնեական բոլոր եկեղեցիների պաշտամունքում: Հայ Եկեղեցին նույնպես ունի Խաչին նվիրված տոներ, որոնցից մեկը՝ Խաչվերացը, Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և տոնվում է ամեն տարվա սեպտեմբերի 14-ին մոտ կիրակի օրը: Տոնը հաստատվել է Խաչի՝ գերությունից դեպի Երուսաղեմ վերադարձի պատմական դեպքը պանծացնելու և Խաչի զորությունը գովերգելու համար: Ինչպես ընդունված է Հայոց Եկեղեցում՝ տոնի հաջորդ երկուշաբթի օրը ննջեցյալների հիշատակության օր է:

ՏՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տոնը սաահմանվել է 335 թ. ՝ Երուսաղեմի Ս. Հարության տաճարի նավակատիքի հաջորդ օրը,   ի փառս Տիրոջ գտնված կենարար խաչափայտի: Ի տես բոլոր հավատացյալների՝ Խաչափայտը հանդիսավոր կերպով վեր բարձրացվեց (այստեղից էլ տոնի անունը՝ Խաչվերաց, այսինքն՝ խաչի վեր բարձրացում) և դրվեց Գողգոթայի խորանում:

Հետագայում այս տոնի հետ սերտորեն կապվեց 610 թ. պարսից Խոսրով թագավորի կողմից գերեվարված Խաչափայտը  628-ին Երուսաղեմ վերադարձնելու հիշատակությունը:

 610 թվականին Պարսկաստանի Խոսրով թագավորը, կամե նալով իրեն հպատակեցնել Բյուզանդիայի Հերակլ կայսերը , հարձակվում է Բյուզանդիայի վրա: Պարսկական զորքերը՝ Խոռեմ զորավարի գլխավորությամբ, հաղթանակ են տանում և 614 թ. մտնում են Երուսաղեմ: Երբ պարսից զորքը մտավ քաղաք, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց  57000  և գերի վերցվեց  35000 մարդ: Գերեվարվեց նաև  Զաքարիա հայրապետը՝ բազմաթիվ քահանաների հետ : Ապա պարսիկները մտան սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները: Զորավարը պատվական Խաչը տարավ Պարսկաստան: Երբ զորքը մոտենում էր թագավորանիստ քաղաքին, Խոսրով թագավորն ընդառաջ ելավ՝ դիմավորելու Տերունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվեց: Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատվով մտավ քաղաք, պարսից թագավորն այն մեծ պատվով պահեց իր գանձարանում և Խաչի առջև մի անշեջ կանթեղ էր մշտապես պահում:

Քրիստոնյաները, զրկվելով իրենց սրբությունից, հայտնվեցին այնպիսի անմխիթար վիճակում, ինչպես ժամանակին հայտնվել էին հրեաները, երբ փղշտացիները գերեվարել էին Աստծու Ուխտի տապանակը: Սակայն Տիրոջ խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացավ, ինչպես և Տապանակն Ազոտոսում (տե՜ս Ա Թագ. Ե): Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերվում էին մեծ երկյուղածությամբ և ասում, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել: Դրանից նրանց սրտերն այնպիսի ահով էին տոգորվում, որ հեթանոս լինելով հանդերձ՝ չէին համարձակվում վնասել խաչափայտը, և նույնիսկ չէին դիպչում նրան: Շատերն էլ այդ ահից դիմում էին տեղաբնակ քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը, քրիստոնեություն ընդունում:

Այնուհետև  Հերակլ  կայսրը Խաչափայտը վերադարձնելու համար 628թ. պատերազմի դուրս եկավ Խոսրով արքայի դեմ: Հերակլին իր ռազմական օժանդակությունն էր բերում նաև հայկական կողմը՝ զորավար  Մժեժ Գնունու գլխավորությամբ, ում միացան նաև պարսկահպատակ հայերը: Սակայն Հերակլ կայսրը մեծ պարտություն կրեց: Այդ պարտությունից հետո նա քուրձ հագավ, հանեց իր թագն ու թագավորական ծիրանին և մոխրի վրա ընկնելով՝ երեք օր շարունակ աղոթեց՝ բարեխոս ունենալով Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նա ստացավ աղոթքի պտուղը. տեսիլքով նրան հայտնվեց, որ պետք է հաղթի այդ պատերազմում: Եվ իսկապես, ճակատամարտում Հերակլը հաղթեց, Խոսրովը սպանվեց, իսկ նրա բանակի մնացորդը փախավ: Հերակլ կայսրը վերցնում է Խաչը և հանդիսավոր թափորով տեղափոխում Կոստանդնուպոլիս, այնուհետև՝ Երուսաղեմ:

Գերեդարձության ճանապարհին Խաչը գրեթե ամեն տեղ բարձրացվում է և ամենուր ցնծություն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի հարության: Այդ դեպքերն էլ պատճառ դարձան «Խաչվերացի» տոնի հաստատման համար:

Ճանապարհն անցնում էր հայոց Կարին քաղաքով, և Խաչափայտը ժամանակա-վորապես հանգրվանեց Կարինում: Տեղական ավանդությունը պատմում է, որ Խաչը հանձնելուց հետո պարսիկները կրկին փորձում են այն ետ վերցնել, և այդ նպատակով  հարձակվում են, երբ Խաչը Կարինում էր գտնվում: Հայերը, խաչափայտն այնտեղ թողնելով, ետ են մղում պարսկական կողմի հարձակումը և երբ վերադառնում են խաչափայտը վերցնելու, տեսնում են, որ Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում: Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ կոչվում, իսկ լեռների ստորոտում կա Խաչկա վանքը, ուր Խաչվերացի սքանչելի տոնի առիթով ժամանակին բազում ուխտավորներ էին այցելում:

Կայսրը խաչափայտը սրբությամբ 3 տարի Կոստանդնուպոլսում պահելուց հետո՝ 628թ. այն անձամբ Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով՝ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և մեծ հանդիսավորությամբ տոնվում է խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը։

ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Խաչվերաց բառը, ինչպես իմացանք, նշանակում է Խաչի բարձրացում, կանգնեցում: Խաչվերացի տոնն ունի Քրիստոսի եկեղեցու անպարտելիության խորհուրդը, եկեղեցի, որի երկրի վրա կապածը կապած, իսկ արձակածը արձակած պիտի լինի երկնքում(Մատթ.18:18): Խաչվերացի տոնը կատարվում է մեծ եկեղեցական հանդեսով: Երեկոյան մի ափսեի վրա բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում  ռեհանով  ու բազմերանգ ծաղիկներով և վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու  գավիթ և դրանով տյառնագրում աշխարհի չորս կողմերը:

ԽԱՉԻՆ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ ԱՂՈԹՔ

Երբ լուսավոր ամպերի վրա երևաս Հոր փառքով, Քո Խաչը մեզ ապավեն թող լինի, Տեր Հիսուս: Այն ժամանակ մենք՝ Քեզ ապավինածներս, չենք ամաչի, այլ Քո մեծ զորությամբ, որպես լույսի որդիներ, կբերկրենք Քո աջ կողմում:

Պատրաստեց Արթուր կսրկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ՀԱԵ Արցախի թեմի ՔԴՔԿ փոխտնօրեն