Այս կյանքում մենք միշտ հարցերի ու պատասխանների կարիք ենք ունենում։ Երբեմն չենք գտնում այն մարդկանց, որոնց կարող ենք ուղղել մեր հարցերն ու գոհացուցիչ, լիարժեք պատասխան ստանալ: Նման դեպքերում ինձ օգնության է հասնում գրականությունը: Որքան շատ եմ կարդում, այնքան համոզվում եմ, թե մարդու համար ինչքան կարեւոր է նախ ինքն իրեն հասկանալը, ճանաչելն ու ներդաշնակություն ձեւավորելը: Գրականությունը միշտ օգնում է մարդուն:
Ահա Դավիթ Սամվելյանի «4-րդ փողոց» գիրքը, որը կարճ ժամանակահատվածում սիրվեց ընթերցողների կողմից: Այն եկել է պատմելու, գոտեպնդելու եւ մի շարք կարեւոր երեւույթների մասին խոսելու: Գրքում տեղ են գտել հեղինակի՝ 2015-2020 թվականներին գրված 14 պատմվածք ու 4 էսսե, որոնց հերոսներն իրար են կապում քաղաքն ու Չորրորդ փողոցը, անցյան ու ապագան՝ նույն խնդիրներով եւ անորոշությամբ, եղանակներն ու տրամադրությունները, խենթություններն ու հիասթափությունները:
Արձակագիրն իր անհատական ձեռագիրն ունի, որի շնորհիվ նրա պատումի հստակ իրապաշտական միջավայրը դառնում է քեզ շատ մոտ մի տարածք, որտեղ գլխավոր կամ առնվազն գործող անձերից մեկը ինքդ ես դառնում։ Տեղի է ունենում ապրումակցման գործընթաց: Իրականությունից գեղարվաստականություն ընթացող ուղին «4-րդ փողոց» գրքում առանձնահատուկ պատկերավորմամբ է ներկայացված։ Կարեւոր է նշել, որ հեղինակի վերաբերմունքը բոլոր պատկեր պատմություններում ակնհայտ է։ Եթե սովորաբար արձակ ստեղծագործությունը զարգանում է գործողությունների շնորհիվ, դրանց փոփոխմամբ, անսպասելի շրջադարձային պահերով, ապա Դավիթ Սամվելյանի պատմվածքներում շարժիչ ուժը հերոսների հոգեվիճակն է, որտեղ, ինչպես նշեցի, առկա է հեղինակի ընդգծված վերաբերմունքը:
«Այս քաղաքում հատված բոլոր ծառերի լացը քո մասին է, Անաբելլ, պուրակներն այրվում են կարոտից ու մոխրանում: Քաղաքի վրա գարշահոտ է, փտում են քեզ հետ կապված հիշողությունները։ Բույրդ տարածվել է ամենուր, լցրել է բոլոր անհրապույր փակուղիներն ու նրբանցքները, խառնվել է մոխրացող ծառերից բարձրացող ծխին ու կարոտի փոխարեն լցվում է ռունգերս։ Օրերով անձրեւ չի գալիս. տեղումեր չկան, մարդիկ էլ դոփում են տեղում ոչինչ չեն կարողանում անել: Ոտնահարվածների, մաշված կոշիկների տակ կոշտացել ու ճաք է տվել հողը: Անձրեւի փոխարեն ակոսներով ու ասֆալտի ճաքերով կարոտ ու հիշողություններ են հոսում: Ինքս ինձ եմ սկսում կարոտել: Կարոտելը հաճելի է, երբ գիտես, որ վերադարձ կա:Աստված չանի՝ վերադարձին կարոտ մնաս: Ինքնակործանում…»:
Սա մի հատված էր «4-րդ փողոցից»: Կարծում եմ այս գրքից դուք էլ կստանաք ձեր բաժին ջերմությունը։
Վ. Արզումանյան, «Եթեր» շաբաթաթերթ, N49, 2022