You are currently viewing ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ` ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՂԹԱՅԻ ՍԿԻԶԲ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ` ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՂԹԱՅԻ ՍԿԻԶԲ

Հայ նորարար երիտասարդներին իրենց գաղափարը սոցիալական ձեռնարկություն դարձնելու ճանապարհին աջակցում է Social Impact Award-ը, որն այս տարի անցկացվում է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Միջազգային ամենամյա ծրագիրն իրականացվում է 20-ից ավելի երկրներում: Հայաստանում մրցույթն իրականացվում է 2019 թվականից`«Իմփաքթ Հաբ Երևանի» կողմից:

Այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի տարբեր մարզեր ներկայացնող 17 թիմեր, նրանցից 7-ն անցել է եզրափակիչ փուլ։ Ծրագրի շրջանակում իրականացվում են բնապահպանական, կրթական, առողջապահական և այլ ուղղվածությամբ սոցիալական ձեռնարկատիրական գաղափարներ:

Social Impact Award-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Նաիրի Մելքոմ Մելքումյանը մեզ հետ զրույցում հստակեցրեց, որ ծրագրի հիմնական առաքելությունը 15-30 տարեկան երիտասարդներին խրախուսել և քաջալերելն է, որ նրանք ծանոթանան սոցիալական ձեռնարկատիրության գաղափարներին: Նաիրի Մելքոմ Մելքոմյանի խոսքով` երիտասարդ տարիքում բոլորն են մտածում, «եթե ոչ ոք չի կարողացել, ապա ես կկարողանամ: Ես կարող եմ այդ փոփոխությունը կատարել»:

-Կարելի է ասել՝ ամրագրված փաստ է. փոփոխություն բերողները երիտասարդներն են: Երիտասարդներն ավելի լավ են ընկալում, թե ինչը պիտի փոխվի, ինչը բարելավվի, որպեսզի իրենց կյանքի որակը լավանա: Նրանք ավելի ոգևորված են, ավելի եռանդուն՝ խնդիրները նախանշելու և դրանք լուծելու գործում,- ասում է զրուցակիցս:

Վերջերս Վիեննայում կայացել է Social Impact Award-ի միջազգային գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանը։ Մեր մասնակիցները ներկայացրել են Մարմարաշեն գյուղում երիտասարդական մշակութային կենտրոն ունենալու մասին իրենց ծրագիրը։

-Շատ երկրների ներկայացուցիչների համար սա, թերևս, մի փոքր տարօրինակ էր, բայց շատ հետաքրքիր խորհուրդներ տվեցին: Շատ տպավորված էին: Հենց համայնքում իրականացվող ծրագրերն են երկրի զարգացման շղթայի սկիզբը,- համոզված է Նաիրի Մելքոմ Մելքոմյանը։

ԻԶԱ ԱՍԾԱՏՐՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրության բաժին, 4-րդ կուրս