Հարցազրույց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի հետ։
– Պարոն Հարությունյան, ժամանակակից բանաստեղծների համար այսօր որեւէ սահմանափակումներ կա՞ն, որոնք խնդիրների են հանգեցնում։ Ի՞նչն է, ըստ Ձեզ, խանգարում դրանց հաղթահարմանը։
– 1828 թվականի ապրիլի 22-ին Նիկոլայ Առաջին թագավորը հաստատեց գրաքննության երրորդ կանոնադրությունը:
Գրաքննության առաջին կանոնադրությունը, որը նախատեսում էր բոլոր գրքերի կամ ստեղծագործությունների նախնական գրաքննություն, ընդունվել էր 1804 թվականին: Հետագայում՝ 1826 թվականին, լուսավորության նախարար, ծովակալ Ա.Ս. Շիշկովը անցկացրեց գրաքննության նոր կանոնադրություն։ Այնուհետեւ այն փոխարինվեց գրաքննության մասին նոր կանոնադրությամբ, որը պատրաստել էր ներքին գործերի նախարար Վ.Ս. Լանսկին: Խորհրդային տարիներին առանց ցենզուրայի թերթ, ամսագիր, գիրք չէր տպագրվում։ Սա հին պատմություն է։ Այնքան հին, ինչքան աշխարհը։ Մենք ունեցել ենք նաեւ 1937 թվական, ապրել ենք առանց Չարենցի ու Բակունցի։ Սակայն այդ ամենն իմ պատկերացմամբ պայմանական է։
Ցենզուրան չխանգարեց Պուշկինին ու Հրանտ Մաթեւոսյանին ասել այն, ինչ մտածում էին, մեր «Գարուն» ամսագիրը խորհրդային տարիներին տպագրվում եւ սպառվում էր հարյուր հազար տպաքանակով։ Չեմ կարծում, որ այսօր հայ գրողը նմանատիպ խնդիր ունենա։ Երեւի հակառակը. գրողին առավել չափով պետք է ներքին գրաքննություն։ Միշտ չէ, որ ասելիքն է կարեւոր, մատուցման ձեւն ու ոճը հաճախ իրենք են ստեղծում ասելիք։
– Գիտեմ, որ վերջին շրջանում նոր ստեղծագործություններ չեք գրում…
– Ես միշտ էլ բանաստեղծություն քիչ եմ գրել, գրել եմ ընդհատումներով, կամ՝ գրել-վառել եմ, տասնյակ տարիներ չեմ տպագրել գրածս։ Բայց միեւնույն է՝ ինչ-որ բան արել եմ. կինո, հոդված, սցենար, գրականագիտություն, փիլիսոփայություն եւ այլն։ Առաջին հայացքից դա երեւի լավ չէ։ Մի տեսակ ինքդ քեզ դուրս ես մղում ստեղծագործական պրոցեսից, բայց մյուս կողմից էլ՝ նորից, որ գրիչ ես վերցնում, զգում ես սկսնակի դողը, ասես նոր ես առաջին քայլերդ անում։ Նման դողերը մեր կյանքում քիչ են։ Արդեն քիչ են։ Ուրեմն նաեւ կարելի է դադարներ վերցնել, մանավանդ որ, բանաստեղծությունն այսօր քիչ պահանջված է։
– Շա՞տ եք հիասթափվում ներկայից…
– Սա իմ ժամանակն է՝ իմ կյանքի, իմ ապրելու ու մեռնելու ժամանակը։ Յուրաքանչյուր մարդ ունի իր ապրելու ժամանակը։ Ես փորձում եմ իմ բաժին կյանքը անցնել, որ նաեւ հիասթափությունների, ձեռքբերումների ու կորուստների ճանապարհ է։
– Առաջիկա ծրագրերի մասին խոսենք։ Հրատարակման պատրաստ գրքեր ունե՞ք, ի՞նչ սպասի ընթերցողը եկող տարում։
– Մեկ ամիս առաջ Իսպանիայում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կատալերեն լեզվով տպագրվել է իմ «Խաղաղ օրեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Եկող հունվարին Բարսելոնայում, Սանտա Կալոմա եւ այլ կատալոնական քաղաքներում կկայանա գրքի շնորհանդեսը։ Տա Աստված, այս օրերին Մեխիկոյում իսպաներեն լեզվով կտպագրի «Աստված մոլորվել է մեր մեջ» գիրքս։
Ըստ նախնական ծրագրի՝ եկող տարի «Ղիշա» հրատարակչությունը կտպագրվի հոդվածների ու էսսեների ժողովածուս` նվիրված կինո եւ գրականություն կապին, 60-70 ական թվականների հայ արձակի էկրանավորմանը։
Զրուցեց Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆԸ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրության բաժին, 4-րդ կուրս