Ա․ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանի բացառիկ մենահամերգը, որն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Հանդիսատեսը ջերմորեն ընդունեց հայ տենորի ձայնի բնական հնչողությամբ բարձրարվեստ կատարումները։ Չդադարող ծափողջույնները փաստեցին, որ երկար էին սպասել Լիպարիտ Ավետիսյանի հետ հանդիպմանը։
Համերգի ընթացքում հնչեցին տենորի համար գրված լավագույն արիաները, սիրված երգերն ու ռոմանսներ։
Լիպարիտ Ավետիսյանն իր երգացանկում ընդգրկել էր արիաներ Դոնիցետտիի, Վերդիի, Մասնեի, Չայկովսկու օպերաներից, Ա․ Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Զ․ Դոլուխանովայի, Ֆ. Տոստիի, Է․ Կուրտիսի, Ա․ Լարայի ստեղծագործությունները, ինչպես նաև ուկրաինական ժողովրդական երգեր։ Նվագակցում էր դաշնակահար Արմեն Աղաջանյանը, որը նաև երգչի կատարումներն ընդմիջում էր դաշնամուրային ստեղծագործություններով։
Լիպարիտ Ավետիսյանի կատարումներն առանձնանում են ոչ միայն կատարողական բարձր վարպետությամբ, այլև մատուցման ինքնատիպությամբ։ Նա երկխոսության մեջ էր մտնում հանդիսատեսի հոգու և մտքի հետ, ստեղծում հոգեպարար մթնոլորտ։ Դահլիճի հետ այսպիսի կապ ստեղծելը հայ տենորի հաջողության կարևոր գրավականներից է։
Համերգի նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում Լիպարիտ Ավետիսյանը կարևոր իրադարձություն համարեց երևանյան մենահամերգը և խոստովանեց, որ մենահամերգներով հանդես գալն ավելի բարդ է, քան ներկայացումները։
«Ներկայացման ժամանակ խաղում ես մի կերպար, երեք ժամ ապրում ես այդ նույն կերպարի մեջ, փորձում ես վերապրել այդ կյանքը, բայց համերգի ժամանակ անընդհատ կերպարանափոխվում ես, ինչը բարդ է, քանի որ ոճային տարբերություններ են լինում՝ իտալական արիաներ, անմիջապես հետո Բաբաջանյան, ռուսական օպերայից հատվածներ։ Բայց այս ամենին զուգահեռ` շատ հետաքրքիր է»,- ասաց Լիպարիտ Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ վերջերս Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում կայացած Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի առաջնախաղում Լիպարիտ Ավետիսյանը հանդես է եկել Ֆաուստի դերերգով։ 2022-23 թթ. թատերաշրջանում Լիպարիտ Ավտիսյանն արտերկրում հանդես է եկել «Semperoper Dresden»-ում, Մարինյան թատրոնում (Ալֆրեդո, ‹‹Տրավիատա››), Թուլուզի «Théâtre du Capitole»-ում (Ռոդոլֆո, «Բոհեմ»), Մեծ թատրոնում (Կոմս Ալմավիվա, «Սևիլյան սափրիչ»): Առաջիկայում հանդես կգա Գլայնդբորնի փառատոնում (Նեմորինո, «Սիրո ըմպելիք») և Թագավորական օպերային թատրոնում, Քովենթ Գարդեն (Ալֆրեդո, «Տրավիատա»):
Համոզված ենք` հայազգի տենորի հաղթարշավը երկար է շարունակվելու, և ամենամեծ բեմերից ենք լսելու նրա անզուգական կատարումները, որովհետև Լիպարիտ Ավետիսյանն առաջնորդվում է արվեստի մեջ իր իսկ հաստատած չափանիշներով ու սկզբունքներով։
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ