Ժամանակակից արվեստի և նորաձևության աշխարհներում ի հայտ եկող բրենդներից շատերի սկզբունքն է դառնում մարդկային մտքի ազատությունն արտացոլելը։Այդ սկզբունքով է առաջնորդվում նաև Հայաստանում արտադրվող «VOSKAN» բրենդը` նորաձև, թեթև, գունային ազատության իսկական արտահայտություն։ Բրենդի հիմնադիրը երիտասարդ նկարիչ Աշոտ Ոսկանյանն է։ Նա ընտրել է ինքնատիպ արտադրանք ունենալու ճանապարհը։
Ստեղծագործական մտահղացումն Աշոտի պարագայում խորը բովանդակային կողմ ունի, այդ իսկ պատճառով դետալային մանրակրկիտ աշխատանքը, հետաքրքիր լուծումները ստեղծում են քայլող արվեստ։
Զարմանալի կթվա, բայց արվեստում գույները կարող են քայլել իրականի ու երազայինի, գիտակցականի ու պատահականության ճանապարհով։ Բոլոր դեպքերում էլ կարևոր է, որ այդ ճանապարհը լինի հիմնավորված և արտաարվեստային աշխարհից անջատ ու անկախ։ «VOSKAN» հայկական բրենդի տեսականու գունային գամման պատահական ընտրության արդյունք չէ։ Այն առաջին հերթին փաստում է գունային համադրությունների հնարավոր տարբերակների մասին, երկրորդ հերթին՝ մարդկային մտքի ընկալման, ներքին կապի և մատուցման մասին։
«VOSKAN» հայկական բրենդը նաև առանձնանում է գունային էներգիայի ճշգրիտ համադրմամբ։ Նկար-տեքստ, թել-ջինս կոլաժները կարծես այս արտադրանքի մաս են դարձել, որը թեթև ու թափանցիկ ցանցային պատկերի ու գունային ալիքների շնորհիվ են ամբողջանում։ Շատերին կթվա, որ գունային շատախոսություն է այս բրենդը, սակայն՝ ոչ, այն, ինչ կա, հիմնավորված է բոլոր առումներով։ Դրանք նուրբ և կոմպոզիցիոն տարածությամբ ձգվող, ուժեղ գծային զգացողության համադրությամբ առանձնահատուկ աշխատանքներ են։
«VOSKAN»-ի տեսականու որոշ օրինակներ գուցե տարօրինակ թվան, բայց դրանք էլ հստակ ուղերձ ունեն՝ ինքնավստահ, տարբերվող և նորաձև լինել գույների մեջ և աշխարհին նայել «VOSKAN»-ի աչքերով։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ