You are currently viewing «Ապրե՛լ»․ Սառա Նալբդանյանի ինքնակենսագրական պիեսը, Մարիամ Մանոյի համոզիչ խաղը

«Ապրե՛լ»․ Սառա Նալբդանյանի ինքնակենսագրական պիեսը, Մարիամ Մանոյի համոզիչ խաղը

  • Post author:
  • Post category:Արվեստ

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնահարկում կայացավ «Ապրե՛լ» մոնոներկայացումը` Սուրեն Շահվերդյանի բեմադրությամբ։ Դերակատարը Մարիամ Մանոն է, պիեսի հեղինակը` դրամատուրգ, կինոսցենարիստ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանը։ Ներկայացումը ռուսերեն լեզվով է։

«Հանդիսատեսը կարիք ունի բուռն զգացումների»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Սառա Նալբանդյանը։ Սա հստակ ուղենիշ է դառնում նաև ժամանակակից դրամատուրգի համար` դրամատիկ մտածողության նոր մոդելներ ստեղծելու տեսանկյունից։

Սառա Նալբանդյանի «Ապրե՛լ» պիեսն ինքնակենսագրական է։ Եվ այն հագեցած լինելով կյանքային նուրբ ու զգացմունքային տարրերով, դժվար իրավիճակները հոգեվիճակների վերածելու առանձնահատուկ մոտեցմամբ, դրամատուրգի վարպետության շնորհիվ և դերասանուհու մասնակցությամբ դարձել էր այդտեղ ու այդ պահին շոշափվող իրականություն։ Եվ այդ իրականության մեջ դերասանուհի Մարիամ Մանոյի համոզիչ, դինամիկ ու բնական խաղն ուղղակի աննկարագրելի է։

Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն այս պիեսը հետաքրքիր ռեժիսորական լուծումներով է բեմադրել` պահպանելով մարդու ներքին և արտաքին աշխարհների անքակտելի կապը, կարևորելով հուզաշխարհի ռիթմիկան ու բնականությունը։

«Ապրել» մոնոներկայացումը նայելիս անդադար մի բանի մասին ես մտածում` ի՞նչ է կյանքը, ինչի՞ համար ենք ապրում և պե՞տք է ապրել։ Վերջում հասկանում ես, նաև համոզվում, որ այո՛, պե՛տք է ապրել։ Ապրե՛լ…

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ