You are currently viewing Երջանկությունն այստեղ և հիմա

Երջանկությունն այստեղ և հիմա

20-րդ դարի ֆրանսիական գրականության ինքնատիպ ոճ ունեցող հեղինակ Բորիս Վիանի «Օրերի փրփուրը» սիրավեպի հետ Հայաստանում առաջին բեմական հանդիպումը «Թատրոն տանիքում» է։ Բորիս Վիանն այս վեպով ստեղծել է գեղարվեստական մտածողության նոր մոդել՝ միախառնելով տարբեր ժանրեր ու ոճեր։
Հեղինակի ձեռագրի յուրահատկությունը հակադրությունների իմաստաբանական խտացումների մեջ է՝ ֆանտաստիկի ու իրականի, կատակերգության ու ողբերգության, ծաղրի ու անկեղծության, կերպարների պարզության եւ տառապանքի մեջ մարդկային կյանքի ճշմարտությունների փնտրտուքի։ Հեղինակն իր ժամանակից առաջ էր, ուստի նրա ստեղծագործությունն առանձնացավ դարաշրջանի հիմնական միտումներից։ Էքզիստենցիալիզմի հսկայական ստվերը, որը մարմնավորում էր եվրոպական գիտակցության ճգնաժամը, մթագնում էր Բ. Վիանի նորարարական գեղագիտական նվաճումների կողքին։ Նրա ստեղծագործություններում, ինչպես Գյունտեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» վեպում, մի շարք իրողություններ անուղղակի արտահայտված էին ոչ թե դարաշրջանի ցավոտ կետերի նկարագրության մեջ, այլ լեզվախաղում, պատկերացումներում, մտահանգումներում։ Գրողի աշխարհայացքը «կորուսյալ դրախտի» հանդեպ, իր կարոտը, երջանկության եւ ազատության ցանկությունը, ստի, կեղծավորության եւ հարմարվողականության մերժումը ներկայացնում է ռոմանտիկ մոդելի վերակառուցմամբ՝ իր մտածական ու հոգեբանական փոխակերպումներով, լեզվի ուժը՝ որպես գիտակցությանը ներազդելու հզոր միջոց գործածելով։

Պատաֆիզիկայի սկզբունքը, որը երեւակայական լուծումների է հանգեցնում, հեղինակի միջամտությամբ ցանկացած գեղարվեստական իրավիճակ հասցնում է աբսուրդի աստիճանի եւ բացահայտում երջանկության անհամատեղելիությունը հասարակական կյանքի իրողությունների հետ։ Այս սկզբունքով է ընթացել նաեւ Տաթեւիկ Մելքոնյանի «Օրերի փրփուրը» բեմադրությունը։ Բեմադրիչը կարեւոր բաղադրիչ է ընտրել գրական հիմքի լեզվաոճական ցուցիչները, որոնք հաջողությամբ վերարտադրվել են խաղային իրականությունում։ Մարմնական եւ տարածական փոփոխությունները ներդաշնակորեն միահյուսվում են, երբեմն ընթացիկ երեւույթները ներթափանցում են գործող անձանց կերպարների մեջ, ընթանում զգացմունքային գծերով, ներգործում մարդկային հոգիների վրա, հոսում մեկը մյուսի միջով, բայց վերջում դեֆորմացվում եւ դառնում անհեթեթություն։ Շատերի մտքով էլ չի անցնում, որ սերը կարող է լինել անհեթեթ եւ կործանարար։ Բայց բոլորը գիտեն սիրո ուժի մասին…

Քաղաքին նայող մեծ պատուհանները տրամադրող միջավայր են ստեղծում։ Բեմահարթակին դեկորացիա չկա։ Ներկայացումն սկսվում է Հիսուս-Միշա Հակոբյանի խորհրդավոր մուտքով, որը զանազան ընկալումներ է հարուցում մեզ մոտ, թե այն հանդիսատեսը, որը չի ընթերցել վեպը՝ ինչպե՞ս կհասկանա այս կերպարի բովանդակությունը, որը գրեթե չունի խոսք եւ միջամտություն՝ ընթացող գործողություններին։ Սակայն նաեւ ենթադրելի է, որ բեմադրիչն այդ կերպարն ավելի խորհրդանշական դարձնելու համար խաղարկում է ներկայացման լարված հատվածներում՝ ցույց տալով լինելիությունն ու կարեւորությունը։ Հիսուսը մասնակցում է եւ զույգի միավորմանը, եւ նրանցից մեկի թաղմանը, ժամանակակից երանգավորմամբ է ներկայացված՝ ինքնավստահ, երբեմն էլ՝ վրդովված ինքնավստահությամբ։ Իսկ ահա հարուստ եւ երջանիկ ապրող գլխավոր հերոսի՝ Կոլեն-Հարություն Սարգսյանի արարքներն ու մոտեցումը կյանքի երեւույթներին դառնում է ցնցող թեմայի սկզբնակետը, որն էլ հիմնված է սիրո ընկալման եւ սերը նաեւ որպես կործանման պատճառ ընդունելու փաստի հետ։ Այսինքն՝ սերը տեսնում ենք բոլոր կողմերից։ Կոլենի հաջողված կերպարն այս ներկայացման խաղաքարտերից է։ Եվ կերպարի ամբողջականությունն ապահովելու համար դերասան Հարություն Սարգսյանն իր ամբողջ մարդկային էներգիան, վարպետությունը համադրում է, ինչն էլ օգնում է նաեւ ստեղծել կերպարային տիպականություն, ռիթմիկ ընթացք, ձեւավորել հանդիսատեսին ձանձրության չհասցնող միջավայր։ Հարությունը խոսքի եւ ֆիզիկական պատրաստվածության բարձր աստիճանով կարողանում է իր առանձնահատուկ մոտեցումը ցուցաբերել եւ կերպարին բնորոշ բնավորության գծերը պահել ամբողջ ներկայացման ընթացքում։ Դերակատարի շուրջ ձեւավորվում է մի աննկարագրելի պարզություն, որը կարծես նորահայտ է եւ գրական հիմքից ամբողջովին տարբերվող։ Սա ինքնին բարդ գործընթաց է, որը երիտասարդ դերասանին հաջողվել է դերասանական վարպետության շնորհիվ։ Եվ այսպես, ներկայացման ամբողջականության մեջ տեսնում ենք երկու իրարից տարբեր աշխարհների՝ հարստության եւ աղքատության ընթացքը, ներքին հակադրությունը, որը չափազանց արդիական է նաեւ մեր ժամանակներում։ Կոլենի կնոջ՝ Քլոեի թոքերում սկսում է ջրաշուշան աճել, եւ այդ հիվանդությունը կոտրվելու պատճառ է դառնում երիտասարդի համար։ Այդտեղից էl սկսվում է այն, ինչը ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Լուսավոր ու բարեկեցիկ կյանքը գնալով մթագնում ու վերածվում է իրական քաոսի։ Քլոե-Աննա Մկրտչյանի կերպարայնությունն ընդգծվում է թեթեւության մեջ, երբեմն զգայուն հումորն ու ծանր երեւակայությունը չեն խանգարում կերպարային գիծը մինչեւ ավարտակետ տանել։ Բեմադրիչը փորձել է հնարավորինս զուսպ արտահայտչամիջոցների շնորհիվ ներկայացնել կերպարների վարքագծերն ու ներդաշնակ հանգուցալուծման հասցնել։ Բժշկի դերակատար Մինաս Ասրյանն ընտրել է էքսցենտրիկ-գրոտեսկային խաղաոճ։ Նա բացի հիվանդին զննելուց, կարող է կատակել, անգամ ծխել հիվանդի հետ՝ ամուսնու աչքի առաջ։ Կերպարային գծերն ընդգծված են՝ խտացված գունապնակով։

Բացահայտելով առօրյա իրականության անհեթեթությունը՝ բեմադրիչն օտարում է այն՝ ստեղծելով գլխավոր հերոսի փակ աշխարհը, որի կարգախոսն է՝ «երջանկությունն այստեղ եւ հիմա»։ Սակայն ներկայացման ընթացքում պարզ է դառնում, որ սեփական աշխարհներում փակված են նաեւ մյուսները՝ Քլոե-Աննա Մկրտչյանը, Շիկ-Վիլեն Սարգսյանը, Ալիզ-Տաթեւ Հովակիմյանը, Նիկոլա-Գրիգոր Գրիգորյանը, Իսիս-Սոնա Վարդանյանը: Իրենց աշխարհում նրանք չեն ճանաչում սոցիալական տարբերությունները, չեն մտածում փողի մասին, չեն գնում եկեղեցի, չեն նվաստացնում իրենց իշխանություն ունեցողների առաջ։ Այս հերոսների երիտասարդական մաքսիմալիզմը կայանում է նրանում, որ մերժում են այն ամենը, ինչը չի համապատասխանում նրանց երջանկության պատկերացումներին։ Մանկական գիտակցության պաշտամունքը հետզհետե դառնում է իրականության գերակշռող մասը, ինչը հանգեցնում է հարմարվողականության: Նրանց յուրաքանչյուրի խաղային պոետիկան որոշում է նաեւ կյանքում նրանց տեղի ու դերի պայմանականությունը։ Ալիզ-Տաթեւ Հովակիմյանը սեւի մեջ էլ աչք է շոյում՝ առանձնակի թեթեւությամբ ու կրքով գրավելով Կոլեն-Հարություն Սարգսյանին։ Դերասանուհու հոգեբանական ճշգրիտ ու տպավորիչ անցումները պայմանավորված են նաեւ բեմադրիչի բեմական տարածքը կազմակերպելու եւ միզանսցեն կառուցելու կարողության հետ, ինչը, կարծում ենք, հաջողությամբ փոխլրացվում է նաեւ երաժշտական ձեւավորման շնորհիվ։

Ներկայացման ընթացքում փոխադարձ սիրահարությունները շարունակականություն էին ստանում կրքոտ պահերի միջոցով՝ մարմնական ցանկության անտրամաբանական խորությամբ, կրքոտությամբ, չվերջացող համբույրով… Հերոսներ, որ ունեն ամեն ինչ, բայց կարծես փնտրում են օրվա մեջ դարձյալ ամեն ինչ… Չվերջացող փնտրտուքի մեջ գայթակղություններին չտրվելն անխուսափելի է։

Այս ներկայացման կարեւոր կողմը նաեւ գրական հենքին հավատարիմ մնալն է, որը մի շարք հնարավորություններ է բացում բեմական միջավայրում։ Գլխավորն այն է, որ ցանկացած իրավիճակում աշխարհը բացահայտվում է խոսքով, իսկ այդ բացահայտումները կարող են ենթարկվել ժամանակային ու տարածական պատրանքների, երբեմն հակադրվել, երբեմն մնալ անբացատրելի ու անընկալելի։ 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

Հ.Գ. Այս թատրոնում ներկայացումներ նայելիս տպավորություն է, որ երկնքին շատ մոտ ես։ Իսկ երբ քաղաքային անցուդարձը տեսնում ես վերեւից եւ քաղաքի շենքերի լույսերն այդ ընթացքում վառված են լինում՝ ներսումդ սկսում է անվերջ ապրելու եւ կյանքը վայելելու ցանկությունն ավելի մեծանալ։ Տանիքում երազանքները ե՛ւ ծնվում են, ե՛ւ ապրում, ե՛ւ փշրվում…