You are currently viewing ՉԱՐ ՄՇԱԿՆԵՐԻ ԱՌԱԿԸ

ՉԱՐ ՄՇԱԿՆԵՐԻ ԱՌԱԿԸ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

«Լսեցե՛ք մի այլ առակ. մի տանուտեր կար, որ այգի տնկեց և ցանկապատեց ու նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց. ապա այն վարձու տվեց մշակներին և գնաց հեռու երկիր։ Երբ պտղի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մոտ, որպեսզի բերքից իր բաժինն առնեն։ Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին քարկոծեցին։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թվով ավելի, քան առաջինները։ Եվ սրանց էլ նույնն արեցին։ Հետո նրանց մոտ ուղարկեց իր որդուն և ասաց՝ թերևս իմ այս որդուց ամաչեն։ Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությունը մենք սեփականացնենք։ Եվ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս և սպանեցին։ Արդ, երբ այգու տերը գա, այդ մշակներին ի՞նչ կանի»։ Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կոչնչացնի և այգին կտա այլ մշակների, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին»։ Հիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբևիցե չե՞ք կարդացել՝ այն վեմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղավ անկյունաքար. Տիրոջից եղավ այս, և մեր աչքին սքանչելի է։ Դրա համար ասում եմ Ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն։ Եվ ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, կճզմի» (Մատթեոս ԻԱ 33-45):

Քրիստոսի պատմած այս առակում տեղ գտած յուրաքանչյուր բառ և հատված իրականություն է և ասելիք ունի ընթերցողին։ Հին Կտակարանում Եսայի մարգարեն խոսում է խաղողի այգու մասին` այն նմանեցնելով հրեա ժողովրդին։ Ուրեմն, հստակ է, որ այս այգին հրեա ժողովուրդն է, այգու տերը՝ Ինքն Աստված։ Այգու մշակները այդ օրվա քահանայապետերն են, օրենսգետներն ու փարիսեցիները․ միով բանիվ, այն հոգևոր խավը, ովքեր իրենց ուսերին էին ծառացրել այդ այգին մշաելու առաքելությունը, այլ կերպ ասած` ժողովրդին օրենքներ և հոգևոր սնունդ մատակարարելու գործը։ Այգու Տիրոջ ծառաները խորհրդանշում են հինկտակարանյան այն բոլոր մարգարեներին, ովքեր իրենց ճիշտ ժամանակին հայտնվեցին հրեական կյանքի մեջ, և իրենցից պահանջեցին Աստծուն տրվող բերքը` բարոյական և կրոնական ճիշտ նկարագիրը, որ Տերն էր պահանջում։ Այգու ցանկապատը խորհրդանշում է օրենքը, որով հրեա ժողովուրդը` որպես ընտրյալ ազգ, իր ողջ գոյության ընթացքում կարողացավ պահպանել ազգային նկարագիրը` պահպանելով իրենց միաստվածյա կրոնը։ Առակում որդին խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, Ով եկավ Հոր կամքով, Ումից չամաչեցին մշակները, այսինքն՝ փարիսեցիները, դպիրները և քահանայապետները, և ինչպես առակում է նշվում. «Նրան այգուց դուրս տարան և սպանեցին»։ Ահա այս կերպ էլ Քրիստոսին հեռացնելով Երուսաղեմից` տարան Գողգոթա և այնտեղ խաչեցին։

Առակը պատմելուց անմիջապես հետո, երբ Քրիստոս հարց է տալիս. «Այժմ եթե այգու տերը գա, որի ծառաներին ու որդուն սպանեցին, ի՞նչ պիտի անի» (Մատթեոս ԻԱ 40), ի պատասխան՝ անգիտակից օրենքի ուսուցիչներն ասում են․ «Չարերին չարաչար կոչնչացնի և այգին կտա այլ մշակների, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին» (Մատթեոս ԻԱ 40)։ Այստեղ օրենքի ուսուցիչները չեն հասկանում, որ առակի հասցեատերերը հենց իրենք են և չեն հիշում Քրիստոսի բերած օրինակը. «Սուրբ Գրքերում երբևիցե չե՞ք կարդացել՝ այն վեմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղավ անկյունաքար» (Մատթեոս ԻԱ 42)։ Այստեղ էլ խոսքը հինկտակարանյան շատ հայտնի պատկերի մասին է, որն օգտագործում է Դավիթ մարգարեն Սաղմոսաց գրքում․ «Այն վեմը, որ անարգվեց կառուցողների կողմից, եղավ անկյունաքար և սա եղավ Աստծու կամքով և հաճելի եղավ մեր աչքին» (Սաղմոս ՃԺԷ 22)։ Անշուշտ, քարի այս օրինակը Հին Կտակարանում խորհրդանշում էր հրեա ժողովրդին, քանի որ հրեաները տարբեր ազգերի գերության տակ են եղել՝ անարգվելով և անտեսվելով, այնինչ Մեսիան իրենցից է դուրս եկել: Քրիստոսի խոսքը վեմի մասին առակի վերջին հատվածում ակնարկ էր ոչ թե հրեա ժողովրդին, այլ Իրեն՝ Քրիստոսին, Ում անարգեցին օրենքի ուսուցիչները, և հենց Նա էլ դարձավ այդ անկյունաքարը։ Քրիստոս նաև ցույց է տալիս մի պարզ ճշմարտություն, որ բոլոր նրանցից, որ անտեսեցին այս հանգամանքը, վերցվելու է երկնքի արքայությունը և տրվելու է այն ազգերին, որոնք թեև ի սկզբանե ընտրյալ չեն եղել, բայց հասկացել են, չեն անարգել վեմը՝ ընդունելով Քրիստոսի աստվածությունը։

Քրիստոս այս առակը պատմում է Իր խաչելությունից մի քանի օր առաջ և կարծես մարգարենալով` բոլորին հայտնում է Իր մոտալուտ խաչելության մասին:

Քրիստոսի երկրավոր կյանքի ավարտից հետո Նրա խոսքերն իրականություն դարձան, որովհետև հրեաները չընդունեցին Նրան և դեմ գնալով՝ փշրվեցին, երբ Տիտոս զորավարը 70 թ․ ներխուժեց Երուսաղեմ և հիմնահատակ քանդեց քաղաքը և Տաճարը։

Այս առակն համամարդկային բնույթ և ասելիք ունի յուրաքանչյուրիս։ Նախ, եկեղեցական առաջնորդներին, որ միայն ջանասիրաբար աշխատելը և լավ մշակ լինելը բավարար չէ. մշտապես պիտի հիշենք, որ այն ամենը, ինչ որ ունենք, մերը չէ, այլ՝ Աստծունը։ Այգու այս օրինակը ոչ միայն եկեղեցին է խորհրդանշում, այլև մեզանից յուրաքանչյուրիս կյանքը, քանի որ մեր կյանքը մեզ Աստծուց տրված նվեր է, ինչպես այգու մշակներին այգին տրված էր մշակելու, ոչ թե` սեփականացնելու։ Այսպես, մեր կյանքը կարծես մեզ տրված է վարձով, քանի որ մենք չենք մեր կյանքի Տերը։ Մենք մեր կյանքում կտեսնենք աղքատ, կարիքավոր, անմխիթար մարդկանց, որոնց մեր ունեցածից թե՛ հոգևոր, թե՛ նյութական բաժին պիտի տանք, քանզի ամեն բան Տիրոջն է պատկանում։

Քրիստոս այս առակում նաև ցույց է տալիս Աստծո համբերատարության չափը, որովհետև Տերն առաջին ծառային ուղարկելուց հետո դարձյալ ծառաներ ուղարկեց, որոնց տանջեցին, մյուսին` սպանեցին։ Աստված մեզ նույնպես սխալը գործելուց հետո նոր առիթ է տալու արժանի մշակը դառնալու։ Այս առակը պիտի հաստատի մեր ներսում, որ այն՝ ինչ ունենք, մերը չէ, այլ՝ Աստծունը, և մեզ ուժ տա, որպեսզի Քրիստոսին՝ Վեմին, հակառակ չգնանք, այլ Նրան ընդունենք որպես մեր կյանքի Անկյունաքար։

Ալբերտ սարկավագ ՍԱՀԱԿՅԱՆ, «Շողակն Արարատյան»