You are currently viewing ՊԱՐԱՐՎԵՍՏԸ՝ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԿԻՑ

ՊԱՐԱՐՎԵՍՏԸ՝ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԿԻՑ

Անահիտ Ենոքյանի համար պարարվեստը կենսակերպ է ու կյանքի իմաստ, ճակատագրական «ախտորոշում» ու անկրկնելի աշխարհ։ Պարարվեստի երիտասարդ ռեժիսորի ներշնչանքի աղբյուրն ընկերներն են, ընտանիքն  ու աշխատանքը։ Պարարվեստով զբացվել է դպրոցական տարիքից, այլ ընտրություն պարզապես լինել չէր կարող։  Ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը, ապա ԵԹԿՊԻ-ի բակալավրիատը։ Այժմ սովորում է նույն բուհի մագիստրատուրայի վերջին կուրսում։ Պարարվեստի ռեժիսուրայի գաղտնիքներն Անահիտի համար բացահայտել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: 

Երիտասարդ մասնագետն այժմ աշխատում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես խորեոգրաֆ։ Իսկ Երևանի տարածաշրջանային թիվ մեկ պետական քոլեջում դասախոսում է  «Պարարվեստի պատմություն», «Բալետմայստերի վարպետություն», «Ժամանակակից պար» առարկաները: Պար և բեմական շարժում է դասավանդում «ԵՎ» շոու դպրոցում: 

-Հայ ստեղծագործող երիտասարդն այսօր ունի հարթակի խնդիր, խոսքը պրոֆեսիոնալ պարային հարթակի մասին է, հստակ մասնագիտացված թատրոնի և ամենակարևորը՝ որակյալ կրթության: Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ ստացել եմ մասնագիտական որակյալ կրթություն և չեմ ունեցել հարթակի խնդիր, քանի որ Երևանի պատանի հանդիսատեաի թատրոնն այժմ հանդիսանում է այն հարթակը, որտեղ ստեղծագործ երիտասարդները պրոֆեսիոնալ գործունեության են ծավալում,-ասում է զրուցակիցս։

Անահիտը բեմադրել սկսել է դեռ ուսանողական տարիներից։ Ավարտական աշխտանքը եղել է «Լավագույնը քաղաքում» մյուզիքլը, որը դարձել է նրա այցեքարտը դեպի մասնագիտական դաշտ: Որպես պարերի բեմադրիչ մասնակից է եղել «Զառանցանք երկուսով», «Չարլին և շոկոլադի գործարանը», «Բրեմենյան երաժիշտները», «Տապանի մոտ ժամը ութին», «Ճառ ասե՞նք, թե՞․․․», «Բարի լույս, հրեշտակս», «Եվս մեկ Ջեկսոն» և այլ սիրված ներկյացումների բեմադրական աշխատանքներին։ Խաղացել է «Սպանված աղավնի», «Դորիան Գրեյի դիմանկարը», «Լուցկի վաճառող աղջիկը», «Մարիա դե Բուենոս Այրես», «Չիկագո» և մի շարք այլ պարային ներկայացումներում։ 

Հարցիս, թե կերտած պարային կերպարներից որի «հետքն» է երկար մնացել իր կյանքում, զրուցակիցս պատասխանում է․

-Երկար է մնացել և, կարծում եմ, դեռ մնալու է «Չիկագո» ներկայացման մեջ կերտած կերպարս` Ռոքսին, որը շատ գունեղ ու առինքնող կերպար է, և որին ինքս շատ եմ սիրում: Մյուս դերերիս էլ վերաբերվել եմ մեծ սիրով ու պատասխանատվությամբ, բայց նրանք նույն հետքը չեն թողել իմ կյանքում,-մանրամասնում է Անահիտը։ 

Զրուցակիցս վստահեցնում է՝ ցանկացած նորություն ընդունում է մեծ ոգևորությամբ, բայց այն կարծիքին է, նորարության հիմքում, ի վերջո, դասականությունն է․ ամեն նորը պայմանավորված է լավ, ամուր հիմքով։

-Այսօր ամբողջ աշխարհում տարածված ժամանակակից պարը նույնպես ունի դասական հիմք։ Կարծում եմ՝ ինքնատիպ, յուրօրինակ աշխատանք կատարելու, նորարարական մոտեցումներ հանդես բերելու համար հիմքերը քանդել չի կարելի, պետք է պահպանել և արդեն փորձվածի վրա կառուցել նորը,-համոզված է զրուցակիցս։

Անահիտ Ենոքյանը ստեղծագործական կյանքի ճանապարհին չի բացառում վերելքներն ու անկումները: Վստահ է՝ դրանք ամրացնում են մասնագետին, ավելի ուժեղ դարձնում։ Իր առաքելությունն ու նպատակն անփոփոխ է՝ հայ ժամանակակից պարարվեստին հստակ քայլերով նոր շունչ հաղորդել, պարի միջոցով սեր, խաղաղություն ու համամարդկային արժեքներ քարոզել և այդ ամենը ներկայացնել ոչ միայն հայ հանդիսատեսին, այլև օտարերկրացիներին։

Վ․ Արզումանյան, «Եթեր» շաբաթաթերթ