Դաշնամուրը շարունակում էր նվագել «Լուսնի սոնատը»: Նրա երկար, նուրբ մատները հանդարտորեն սահում էին սեւու սպիտակ ստեղների վրայով։ Երաժշտությունը կլանել էր ողջ դահլիճը: Բեմի շղարշային լուսավորումն ավելի մոգական տեսք էր տալիս թե՛ դաշնակահարին, թե՛ տիրող մթնոլորտին: Հանդիսատեսը քարացած ունկնդրում էր դաշնամուրի յուրաքանչյուր հնչյուն: Երաժշտությունն ավարտվեց: Բեմի լույսերը վառվեցին։ Երիտասարդ դաշնակահարը չէր համարձակվում նայել հանդիսատեսին: Նրանք եւս դեռ ուշքի չէին եկել:
Հնչում է համերգի ավարտն ազդարարող զանգը: Բուռն ծափահարությունների մի հսկա ալիք է հորդում դահլիճից: Դաշնակահարը բարձրացնում է հայացքն, ու ինքն էլ, չհասկանալով ինչպես, հայտնվում է բեմի կենտրոնում, նրանց առջեւ: Ծափահարություններն ավելի են ուժգնանում, այնքան, որ երիտասարդ դաշնակահարին թվաց, թե կանգնած լսում է հորդառատ անձրեւի չդադարող աղմուկը: Իրար հերթ չտալով՝ բեմ էին բարձրանում ու անուշաբույր ծաղկեփնջերը նրան էին մեկնում դեռատի աղջիկները՝ միաժամանակ բացականչելով՝ «Բրա՜վո մաեստրո, բրա՜վո»։
— Բրա՜վո մաեստրո, բրա՜վո,- թավշյա բազկաթոռին նստած՝ կրկնում էր նա ինքն իրեն՝ վառելով ու շուրթերին մոտեցնելով երկար սիգարը: Նրա կոպերը փակվում էին, բայց երիտասարդը համառորեն փորձում էր բաց պահել դրանք։
— Մաեստրո, ընդամենը երեսուն տարեկան, բայց արդեն մաեստրո են անվանում,- ծխի մի բարակ շիթ դուրս եկավ նրա՝ հորանջելու պատրաստ բերանից, երբ դուռը թակեցին։
— Ձեր սուրճը, մաեստրո,- ասաց մի խռպոտ ձայն՝ սուրճով լի գավաթն ու կարմիր վարդերի փունջը դնելով երիտասարդի առջեւ:
— Ա՛հ, այդ դո՞ւ ես, Ժան,- գորովալից ժպիտով արտասանեց նա՝ ծխի մի շիթ բաց թողնելով։ Ժանը հիսունամյա, ալեխառն մազերով տղամարդ էր: Նա նուրբ դիմագծեր ուներ, բայց ճակատը փոքր-ինչ կնճռոտված էր, իսկ շրթունքները չորացած էին:
Նա դաշնակահարի օգնականն էր։ Երիտասարդը հայացքը հառեց ծաղկեփնջին:
— Ո՞վ է այս ծաղիկներն ուղարկել, Ժա՛ն,- հարցրեց երիտասարդը:
— Չգիտեմ,- մեղմորեն պատասխանեց Ժանը։
Երիտասարդը, փնջի մեջ ինչ-որ բան նկատելով, փոքր-ինչ առաջ մեկնվեց, սիգարը դրեց մոխրամանի մեջ ու ձեռքն առավ փունջը: Ժանը թեթեւակի ժպտաց։ Դաշնակահարը փնջից հանեց սրտաձեւ բացիկն ու սկսեց կարդալ. «Սիրելի Հենրի, ուղարկում եմ Ձեզ այս ծաղկեփունջն՝ ի նշան Ձեր հանդեպ տածած իմ մեծ սիրո»: Հենրին ակամա ժպտաց, բացիկը ծալեց եւ խնամքով դրեց դրամապանակի մեջ։
— Նոր դաշնամուրն արդեն տա՞նն է,- հարցրեց Հենրին՝ վերստին վերցնելով սիգարն ու սուրճից մի կում ըմպելով:
— Այո՛, դրված է հին դաշնամուրի տեղում, իսկ հինը ձեղնահարկում է:
— Հրաշալի է,- ասաց Հենրին,- նախորդն ինձ այլեւս պետք չէ, այն սպառել է իրեն։
Նա շարունակում է ծխել ու խմել սուրճը: Ժանը թեթեւ քայլերով դուրս է գալիս առանձնասենյակից:
Հենրին նորից ընկղմվեց բազկաթոռի մեջ: Նրա շագանակագույն, կարճ խոպոպները ետ ընկան՝ ամբողջովին բացելով նրա նուրբ դիմագծերն ու քնի դեմ պայքարող կապույտ, մեծ աչքերը:
— Ի նշան մեծ սիրո,- հազիվ լսելի կրկնեց նա, եւ կոպերն ակամա փակվեցին։
Գարունն արդեն տարածել էր իր կանաչ թեւերը։ Քաղաքից ոչ շատ հեռու, մի փոքրիկ բլրակի վրա էր գտնվում Հենրիի առանձնատունը՝ շրջապատված մեծ այգով, որտեղ արդեն երեւում էին ծիրանենիների առաջին, փոքրիկ ծաղկաբողբոջները։ Բաց պատշգամբից լսվում էին Հենրիի դաշնամուրի զրնգուն ելեւէջները։ Ձեղնահարկի պատուհանի մի փեղկը բաց էր: Այստեղ էին գտնվում Հենրիի նախորդ երկու դաշնամուրները: Առաջինը, որը դրված էր պատի աջ կողմում, արդեն մամռակալել էր, իսկ երկրորդը, որը միայն երեկ էին տեղափոխել այստեղ, դրված էր առաջինին դեմ դիմաց: Ստեղները ծածկող կափարիչի վրա ցողի պես բարակ շերտով փոշի էր նստել, եւ նա այնպիսի դժգոհ տեսք ուներ, ասես իր հետ վարվել են անվայելուչ կերպով։
— Դո՞ւ էլ գտար քո տեղն այս ձեղնահարկում,- խռպոտ ձայնով հարցրեց առաջին դաշնամուրը,- վերջապես, այնքան էի նյարդայնանում քո հանած ձայներից:
— Ինչո՞ւ, ինձանից ավելի հնչեղ ձայն էիր արձակում:
Երկրորդ դաշնամուրը հնչեցրեց դո նոտան:
— Երեւի միայն դա էիր կարողանում, դրա համար էլ Հենրին քեզ ուղարկեց թոշակի:
— Ինչպես քե՞զ, տասը տարի առաջ: Բաց պատուհանի փեղկից ներս էր խուժում Հենրիի արթնացնող նվագը։
— Ա՜խ, ինչպիսի ձայն եւինչպիսի նվագ,- հիացած ասաց Երկրորդ դաշնամուրը:
— Լսի՛ր, չասացիր, Հենրին ինչո՞ւ հրաժարվեց քեզանից:
— Երեւի արդեն հնացել եմ, բայց…,- դաշնամուրը մի քանի նոտա նվագեց:
— Բայց որ այսպես նայում եմ, լրիվ անթերի եմ, հը՞: Դու ի՞նչ կասես: Առաջին դաշնամուրը քրքջաց՝ նվագելով իր բարակ հնչյուններով:
— Ինչի՞ վրա ես քրքջում, ծեր աղվես: Հնչեց երկրորդ դաշնամուրի զայրացկոտ նոտան: Հենրիի նվագը շարունակվում էր տարածվել։
— Հենրին ինձանից գոնե տարիքիս պատճառով է հրաժարվել, իսկ քեզանից՝ առանց պատճառ: Չե՞ս կարծում, որ դա ավելի վիրավորական է: Երկրորդ դաշնամուրն իսկույն թոթվեց ստեղները։
— Մենք երեկ հրաշալի ժամանակ անցկացրինք օպերայում,- խայթեց երկրորդ դաշնամուրը։
— Հետո ի՞նչ: Ես եւս բազմաթիվ երեկոներ եմ անցկացրել այնտեղ: Ասեմ, որ բեմն այնքան էլ հարմար չէ, ոտքերս ահավոր ցավում էին: Իսկ քո ժամանակով, Հենրիին կոչո՞ւմ էին «մաեստրո»:
— Ոչ: Երկրորդ դաշնամուրը ուրախ նոտաներ հնչեցրեց։ Հենրիի դաշնամուրի նոտաները գնալով ավելի հնչեղ էին դառնում:
— Ինչքան հնչեղ է նվագում այդ նոր դաշնամուրը:
— Մի մտածիր, մի քանի տարի հետո նա մեզ կընկերանա:
— Իսկ նրա ժամանակով Հենրիին ինչպե՞ս կկոչեն:
— Չգիտեմ: Երեւի «կրկնակի մաեստրո»: Երկրորդ դաշնամուրն ուրախ հնչյուններ է արձակում:
— Այնպես ես ուրախանում, ասես քեզ են մաեստրո անվանել,- ասաց առաջին դաշնամուրը:
— Իսկ դա նույնը չէ՞:
— Ավաղ, ոչ: Մաեստրոն մեզ նվագողն է, այլ ոչ թե մենք:
Դաշնամուրները լռեցին: Առանձնատան ընդարձակ սրահներից մեկում էր դրված Հենրիի նոր դաշնամուրը: Ստեղների վրայով նրա նուրբ մատները սահում էին՝ ակնթարթորեն գտնելով յուրաքանչյուր նոտան: Երաժշտությունը դադարեց: Շուրջբոլորը լռություն տիրեց:
— Ի նշան իմ մեծ սիրո,- նա քմծիծաղ տվեց:
Դուռը թակեցին: Ներս մտավ Ժանը՝ սուրճի գավաթը ձեռքին: Հենրին վառեց սիգարն ու սուրճից կում անելով՝ ծխի մի շիթ բաց թողեց իր բարակ շրթունքներից:
-Տեսնես ո՞վ է այդ կինը:
Հասմիկ Ավետիսյանի պատմվածքը ԵԹԿՊԻ-ի ՈՒԳՍԸ-ի հրատարակած «Քալեր, որ կտանեն․․․» ժողովածուից։