Այն փողոցը, որով ամեն օր անցնում էր Տաթևը, այս անգամ ավելի անգույն էր ու դատարկ։ Տիկին Մարգոյի թեյարանից չէր գալիս փքաբլիթների և դարչինով թեյի հոտը։ Տաթևը մոտեցավ թեյարանի դռանը, ապակե ցուցափեղկի վրա փակցված էր՝ «Անժամկետ փակ է…»։
Ախր երեկ դեռ կար։ Այն, ինչ քեզ է հիշեցնում, էլ չկա, անժամանակ չկա…
Հունվարյան մառախլապատ փողոցներից մեկում տարածվել էր թեյարանից եկող դարչինով բլիթների և թեյի բույրը, որն ավելի էր սաստկացնում ցուրտը և ձյունը: Թափանցիկ ցուցափեղկի դիմաց կանգնած էր սև կոստյումով և մուգ շագանակագույն գլխարկով բարձրահասակ տղամարդ՝ ինչպես Շերլոկ Հոլմս: Կարծես թե վաղուց էր կանգած, գունատ դեմքը հազիվ էր երևում ձյունոտ գլխարկի տակից, քիթը կարմրել էր, շրթունքներն էլ այնքան էր կրծոտել, որ արյունոտվել-ճաքճքել էին։
Տաթևը բացեց թեյարանի դուռն, ու փոքրիկ զանգակների ձայնը գրավեց տղամարդու ուշա-դրությունը.
- Բարի առավոտ, այստեղ ցուրտ է, թեյարանի ներսում կարող եք մի փոքր տաքանալ։
-Շնորհակալ եմ,- տղամարդը, առանց լսելու, հապճեպ ներս մտավ:
Տաթևը ժպիտով փակեց թեյարանի դուռը և սեթևեթանքով մոտեցավ տղամարդու սեղանին.
-Պարոն, դուք արդեն կատարե՞լ եք ձեր ընտրությունը։
-Այստեղ ամեն ինչ դարչինով է, իսկ ես ալերգիա ունեմ դարչինից։
-Փորձեք թեյը, այն ալերգիա չի առաջացնի։
-Ի՞նչ է, պետք է քեզ հավատա՞մ։
-Ի՞նչ է, պետք է ինձ չհավատա՞ք,- քմծիծաղելով շուտասելուկի պես երկրորդեց Տաթևը՝ կլոր աչքերը հառելով Էդգարին։
-Արի գռազ գանք,- վրա բերեց Էդգարը՝ բոցկլտացող հայացքը մեխելով Տաթևի բաց քամու գույն աչքերին,- թե պարտվես, կանես այն, ինչ ուզեմ։
-Ինչ ուզե՞ք,- ասես բարձրաձայն մտածելով՝ արտաբերեց Տաթևը՝ շրթունքները կրծոտելով,- համաձայնեմ, հակառակ դեպքում դուք էլ կանեք այն, ինչ ես կասեմ։
Տասը րոպե անց Տաթևը մոտեցրեց թեյը: Հայացքը չկարողանալով կտրել Տաթևի աչքերից, շրթունքներն այրելով՝ երիտասարդը մի քանի կում արեց։
- Համը… ախր այդ ինչպե՞ս, իմ ալերգիկ նոպան ինձ դեռ չի գցել հատակին… տարօրինակ է:
-Christmas Mystery, պարո՛ն,- աղջիկը քմծիծաղեց: Ես ուզում եմ, որ հաջորդ ձեր այցին ինձ համար բերեք այնպիսի ուտեստ, որ երբեք չեմ կերել: Ապա երկու քայլ հեռանալով սեղանից՝ շրջվեց,- հա՜, թեյը, սեփական փորձով գիտեի… դարչնի էքստրակտ է:
Պատուհանից դուրս՝ հոկտեմբերյան քամին խաղում էր տերևների հետ, իսկ տաքուկ թեյարանում, փոքրիկ սեղանի մոտ, երկու սիրահար թեյ էին խմում, Էդգարը քննող ու կտրուկ հայացքով պատուհանից դուրս էր նայում, իսկ Տաթևն իր երկար մատների վրա վարսերն էր փաթաթում, նրանց այդ լռությունը յուրովի խոսելու տարբերակ էր։
-Թևի՜կ, դու մահից վախենո՞ւմ ես,- մի ումպ անելով՝ հանկարծ խոսեց երիտասարդը:
Տաթևն անակնկալի չեկավ.
-Ո՛չ,- ասաց նա,- մի օր մեռնելու են բոլորը, մի օր այս տեղն էլ կմեռնի,- աղջկա հայացքում ասես գրված էր՝ կյանքը վաղուց միևնույն է ինձ համար։
Տղան դանդաղ ձեռքը տարավ իր թանկարժեք, կաշվե կիսաճտքավոր կոշիկի հետնամասը և անսպասելիորեն դանակը հանելով՝ խելագար աչքերով նայեց Տաթևին.
-Իսկ եթե հենց հիմա քեզ սպանե՞մ։
Տաթևն անվրդով բարձրացրեց բաժակը, մի կում խմեց և հայացքը դուրս հառած՝ ասաց.
-Չես էլ փորձի, հիմար չես… Հայրս տատիս սպանել է իր իսկ տան մեջ, մասնատել մարմինը ու թաղել դրանք մեր տան դիմացի ձորում, հետո ձեռքերը լվացել է ձորի առվակում, մեզ համար քաղցրավենիք գնել ու երջանիկ հոր դեմքով եկել տուն։
Մատների արանքում պտտվող դանակը ցած ընկավ սարսափահար Էդգարի ձեռքից, իսկ Տաթևն անվրդով շարունակում էր ըմբոշխնել թեյը:
Տաթևը ուսանողուհի էր, աշխատում էր սրճարանում իր տան վարձը վճարելու համար: Նրա մայրն արդեն ծեր էր, ապրում էր գյուղում` փոքր եղբոր հետ, իսկ ինքը չէր ուզում անհանգստացնել առանց այդ էլ հոգսաշատ մորը։ Էդգարը թեյարանի դիմաց մշտական կանգնողներից էր, որն ուներ գրքի հերոսի արտաքին ու կենսագրություն. այնքան էր «լեգալ» հանցանքներ գործել, որ ամեն րոպե կարող էին նրան սպանել, կամ ազատազրկել։ Թեյարանը նեղ փողոցի ամենահարմար ու աննկատ անկյունն էր․ և՛ կարելի էր հիանալ Տաթևի աստղային ժպիտով, և՛ կարելի էր վայելել դարչնի հոտը։
Ամանորյա զարդարանքները լուսավորել էին երեկոյան փողոցը, ամեն ինչ հեքիաթային էր և հուշում էր մոտալուտ ամանորյա հրաշքի մասին։
- Տաթև, սա վերջին գործն է, հազիվ թիրախին գտել ենք։
-Ախր նրանք շատ վտանգավոր են, նրանք քեզ կսպանեն,- Տաթևի ձայնը դողում էր, Էդգարի տաքուկ գրկում նա ցնցվում էր ներքին տագնապից։
-Թևիկ, այդ սրիկաները… նրանք այս ընտանիքից խլել են ամեն ինչ, ես պիտի՛ փրկեմ նրանց. սա վերջին գործն է, եկող տարում ամեն ինչ այլ է լինելու։
Էդգարը մի քանի քայլ հետ է գնում, շարժվում դեպի վերնանցում, նրանց կապում էր միայն Էդգարի ձեռքը, որով անգիտակցաբար բռնել էր Տաթևի դաստակից և չէր էլ ուզում բաց թողնել։ Լուսացույցի լույսը փոխվեց, և Էդգարը անհետացավ փողոցն անցնող ամբոխի մեջ։ Տաթևը շփոթահար տեղում գամվեց՝ չգիտակցելով, թե ինչ է կատարվում…
Աչքի ընկնող կարմիր-վինտաժ մուսթանգն արագ շրջադարձ կատարեց՝ անիվներից թողած ծխի հետևում չքացնելով Էդգարին։
Տաթևը մինչև վերջ էլ չհասկացավ՝ Էդգարին սպանեցի՞ն, թե՞ նա մահացավ դժբախտ պատահարի հե-տևանքով։ Տաթևի միակ փրկությունը թեյարանն էր, որտեղ նա ամեն օր պատվիրում էր երկու բաժակ դարչինով թեյ, մեկը խմում էր, իսկ մյուսը՝ դնում իր դիմաց, շաքար ավելացնում, գդալով դանդաղ խառնում՝ խաղալով լույսի ստվերների հետ: Մերթ ժպտում էր, մերթ՝ գլուխը կախում ու արցունքները մի կերպ կուլ տալով՝ հիշում Էդգարին ու նրա «լեգալ հանցանքները»։
Տաթևի միապաղաղ օրը խախտեց Տիկին Մարգոն, աղջիկը նկատել էր Տիկին Մարգոյի համառորեն ու անթարթ իր կողմ նայող հայացքը։
Տիկին Մարգոն, չնայած իր տարիքին, շատ ու շատ երիտասարդներից ավելի լավ մարզավիճակում էր, միայն բարակ վիզը ու երկար մատներն էին մատնում նրա տարիքը։
Թռչնի պես թեթև քայլքով նա մոտեցավ Տաթևին և սկսեց խոսել.
-Ավաղ... երևի ժամն է հասել թեյարանը անժամկետ կողպելու,- պիտի գնամ Վենետիկ՝ թոռանս մոտ։
- Սա առաջին անգամը չէ, ամեն անգամ այդպես եք ասում։
-Ոչ, այս անգամ վերջնական որոշում է։
Գրպանից հանում է Վինսթոնի տուփը և վառելով ծխախոտը, ինչպես լեդի, ասում.
-Ես գիտեմ, այստեղ են քո բոլոր հուշերը, բայց… աղջիկս, ների՛ր ինձ։
Տիկին Մարգոն իր աթոռը ոտքերով հետ է հրում այնպես, որ մոտենում է փոքրիկ պահարանին, որտեղ պահվում են հին կտրոնները, բացում է ներ-քևի աննշմար դարակը, որը երբեք չի հետաքրքրել Տաթևին, ապա դուրս է բերում մի կիսամաշ փայտե արկղիկ։
- Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, դու պե՛տք է իմանաս այս արկղի մասին,- ձեռքով մաքրում է վրայի փոշին և հոգոց հանելով՝ մեկնում դեպի Տաթևը:- Էդգարը մինչ իր մահը այս տուփը տվել էր ինձ, նա գիտեր, որ մոտենում է իր վախճանը, և ես ստիպված եմ փակել սրճարանը, որպեսզի քեզ հեռու պահեմ նրանցից: Ես և դու ամեն ինչ գիտենք, իսկ դա նրանց դուր չի գա, ես թաքցրել եմ սա հանուն քեզ։ Նկարներից ու նոթատետրից բացի կա վկայական, որով հաստատվում է քո լիիրավ բաժնետեր լինելը։ Թեյարանը իմ մահից հետո քոնը կլինի, բայց ներիր ինձ մինչ այդ սրճարանը պետք է փակ լինի, ես չեմ ուզում վտանգել ինչ-որ մեկին, հատկապես ինձ…
Տաթևի ամենօրյա ճանապարհը չի փոխվել, նա էլի քայլում է նույն նեղ, գաղտնիքներով փողոցով, այն առանց Էդգարի անշքացել է։ Գարնան ծաղիկներն էլ չեն թովում աղջկա հոգին, ձմռան սաստիկ ցուրտը ոսկրերը սառեցնելու հետ մեկտեղ սառեցնում է աղջկա՝ արդեն իսկ քարացած հոգին։
Տաք մայիսյան քամին այլևս գրավիչ չէ, կա դատարկ թեյարան՝ անհոտ, բայց հիշողություններով լի, որի ապակե դռան վրա քամին օրորում է ցուցանակը՝ «Անժամկետ փակ է…»։
Ախր երեկ դեռ կար։ Այն, ինչ քեզ է հիշեցնում, էլ չկա, խոստանում եմ՝ մի օր թեյարանը անժամկետ բաց կլինի…
Տաթևը բացում է հայտնի «անհայտ» տուփը, որը դարձել է նրա ամենօրյա ընկերը, հանում կիսամաշ նոթատետրը, կարդում առաջին տողը՝ «Հավերժ քեզ հետ», գրվածը այնքան էր արցունքի կաթիլներով պատվել, որ հազիվ էր երևում:
Թիկունքից լսվում է տղամարդու ձայն.
-Ողջույն, Թևիկ։ Ների՛ր, որ սպասեցրի, սրճարանի վերանորոգումը կսկսենք մեկ ամսից…
Ժասմինա Մուքաելյանի պատմվածքը ԵԹԿՊԻ-ի ՈՒԳՍԸ-ի հրատարակած «Քալեր, որ կտանեն․․․» ժողովածուից։