Անհիշելի ժամանակներից աշխարհի տիրակալ Ոսկին ի՛ր հարեմով, ի՛ր կախարդանքներով շլացնում էր ամենքին ու ամեն ինչ։ Որևէ երևույթ, էակ կամ առարկա, նրանց կողքին խունանում, կորսվում, կորցնում էր իրեն։ Նա, հարեմի առաջին տիկին Մանին և մյուս բոլոր կանայք դարձել էին մեղսունակ մարդկային կյանքի ալֆան և օմեգան։ Հանուն նրանց մարդկային ճակատագրեր էին խեղվում, անտարակույս ջնջվում երկիր մոլորակի երեսից, հանուն նրանց մարտեր, նույնիսկ աշխարհամարտեր էին ընթանում, հանուն նրանց արյան գետեր էին գոյանում և չէին մոռանում սպիտակ ցուցապաստառի վրա սև, ճարպոտ տառատեսակով գրել՝ «ժողովրդականություն»։
Դարերը հաջորդում էին միմյանց։ Փոխվում էին աշխարհը, աշխարհընկալումը, աշխարհակարգը, էկոլոգիան, մարդիկ, մարդկային հարաբերությունները… Երբ Ոսկին ի՛ր հարեմով անցնում էր արդարադատություն իրականացնողների առջևից, իրենց շլացնող փայլով կուրացնում էր բոլորին, ու արդար վճիռ կայացնելու որոշումը հօդս էր ցնդում։ Երբ անցնում էին հիվանդասենյակների կողքով, բժիշկների մոտ հիշողության հետ կապված խնդիրներ էին առաջանում, մոռացվում էր Հիպոկրատին տված երդումը։ Վարժապետները, տարվելով այդ փայլով, մոռանում էին բոլորին հավասարապես թևեր տալ, հանգիստ կոտրում էին դեռ չձևավորված այն թևերը, որոնց Ոսկին իր հարեմով չէր հաճում մոտ գնալ։ Անգամ վարպետ նկարիչները ժամանակի ընթացքում սկսեցին չնկատել վաղորդյան եղյամի բյուրեղյա ցոլանքը, մամռակալ քարերի վրա իրեն արևին տված մողեսիկին, փշրված ապակիների տակից փոքրիկ գլուխները վեր պարզած կապուտաչյա մանուշակներին։ Առաջվա նման այլևս որևէ արվեստագետի ո՛չ նորաբեր, պայծառ լուսաբացն էր հետաքրքիր, ո՛չ կրակներից վառվող բոսորագույն մայրամուտը, ո՛չ էլ աստղալից երկնքից ընկած՝ պայծառ, հետագիծ թողնող ասուպներն ու ալիքվող ծովափին այն ընկնելուց երազանքներ պահող սիրավառ զույգը։ Գնալով աններդաշնակ, խուճապային ու խառնափնթոր էր դառնում ամեն բան։ Ո՛չ սիրտ կար ռեալիզմի, ո՛չ հավատ՝ ռոմանտիզմի։ Ամեն բան այլակերպվում էր։ Բայց տիրակալն իր հարեմով մոդեռնիզմի մեջ էլ շարունակում էր մնալ մարդկային մեղսունակ կյանքի ալֆան և օմեգան, շարունակում էր շլացնել անգամ Մալևիչի «Սև քառակուսուն» նայելուց։
Երկարաձեռք, կամակոր ու լկստված Ոսկին Մանիի դրդմամբ ուղեղներ էր մթագնում, սրտեր կոտրում, տիրում էր հոգիներին ու խամաճիկների նման ղեկավարում աշխարհը, մարդկանց։ Դար ու դարեր նրանց էր ենթարկվում, խոնարհվում, երկրպագում մարդկային ցեղը։ Հանուն նրանց դավաճանում, ուրանում էին սրբությունները՝ Աստծուն, հայրենիքը, ընտանիքը, սիրած էակին, մտերիմ ընկերոջն ու սեփական անձը…
Նրանց առաջ բացվում էին բոլոր փակ դռները, գոցվում էին անգամ լայնաշուրթ ու մեծ բերանները, կույրերը տեսնում էին, իսկ տեսնող աչքերը դադարում էին նկատել, «տեսնել»։ Պատերը աչքեր, ականջներ ու լեզու էին առնում։ Միայն տիրակալն իր հարեմով իսկապես գիտեր՝ ինչ բան է վայելքն ու ինչ բան է երջանկությունը։ Բայց… բայց արի ու տես, որ ամենակարող տիրակալն ու համայն մարդկության երազանքների չքնաղ կինը՝ Մանին և հարեմի մնացած կանայք, այո՛, այդ նույն մեղսունակ մարդկային կյանքի ալֆան և օմեգան, սարսափում էին գիշերվանից։ Նրանք, ովքեր հանգող յուրաքանչյուր օրվա դարակներում խլացնում էին բոլոր ոչ անհրաժեշտ ձայները, ի զորու չէին լռեցնել այն երկուսին։ Ամեն երեկո, երբ վերադառնում էին իրենց ապարանքը՝ գանձանոցը՝ հանգստանալու հաջորդ օրվա արկածախնդրությունների համար, և հենց գլուխները դնում էին ադամանդակերտ բարձերին, տղամարդու թավ և կանացի աղեկտուր լացի ձայները կատաղության էին հասցնում նրանց։ Այդ ձայները ո՛չ նրանց էին հանգիստ տալիս, ո՛չ էլ իրենց թակարդն ընկած մարդկանց։ Նրանք բարկությունից տեղերը չէին գտնում. երկար ձեռքերը չէին հասնում տարաբախտ տղամարդուն ու կնոջը. որքան փորձում էին գտնել, բռնել, փակել այդ երկուսի բերաններն, այնքան նրանք ավելի էին հեռանում։ Հանելուկային զույգին փնտրում էին գրեթե բոլորը, բացի իր ընտանիքով յոթ ծով այն կողմ ապրող մի գառնարածից։ Նա, ինչպես և բոլոր մահկանացուները, գիտեր ամենակարող Ոսկու գոյության մասին, բայց նրա ուզածն այս աշխարհից ընդամենն աշխարհի մեղկություններին անհաղորդ, կուշտ փորով անհոգ վազվզող իր բալիկներն էին, երեկոները քաղցր ժպիտով իրեն դիմավորող ու վզովն ընկնող իր աննման Ծաղիկը, գայլերից ապահովված գառները, պարզ, կապույտ երկինքն ու խաղաղ քունը։ Անգամ նրա միամիտ, անմեղ երազներում այլ երջանկություն չէր պատկերվում։
Մի երեկո իր սիրասուն ընտանիքի հետ սեղանի շուրջ նստած կաթնապուր վայելող հովվի հյուղակի շեմքին հանկարծ արտասովոր օտարականներ հայտնվեցին։ Մեծ քթըմպանով՝ տղամարդն ագահաբար օդ շնչեց ու թավ, կտրուկ ձայնով ասաց.
-Նրանց զազրելի ձեռքերը դեռ այստեղ չեն հասել, փաստորեն չէի սխալվում,- դառնալով հովվին,- բարի՛ երեկո։
-Աստծու բարին, կարծում էի՝ մահկանացուները մոռացել են այս կողմ բերող ճանապարհը, ինչո՞վ կարող ենք ձեզ օգտակար լինել։
Օտարականը սևեռուն հայացքով զննեց հյուղակը, աչքերն ընկան ուղիղ թշվառության դեմքին, հետո նկատեց տանտիրուհու և երեխաների շփոթմունքը, իր թավ ձայնով ասաց.
-Մի՛ վախեցեք, մենք ձեզ վնաս չենք տա։ Մենք փախել ենք անկուշտ ու ագահ մարդկանցից և գնալու տեղ չունենք, խնդրում ենք, մեզ ապաստան տվեք։
-Նե՛րս եկեք, հյուրն Աստծունն է,- ասաց հովիվը,- սիրելի՛ս, հյուրերին ապուր հյուրասիրի՛ր։ Հովիվը հյուրընկալ էր և թեպետ հենց սկզբից նկատել էր հյուրերի արտասովոր արտաքինն ու տարօրինակ վարքագիծը, մի տեսակ վարանեց, երբ օտարականն ասաց.
-Անուններս կիմանաս միայն մեր հեռանալու պահին, երբ վրա հասնի ժամանակը,- հետո ավելացրեց, որ իր ուղեկցուհին համր է։
Հետաքրքրասեր Ծաղիկն ու ամուսինը մի պահ նայեցին կնոջ տանջալլուկ դեմքին, խղճացին և այլևս հարցեր չտվեցին։ Հենց արևը թաքնվեց սարի հետևում, Ծաղիկը երեխաներին քնեցրեց ու լամպը ձեռքին մոտեցավ սեղանին՝ կաթնապուրի դատարկ ափսեները հավաքելու, և հանկարծ լամպի լույսի տակ տեսավ օտարականների՝ աչքերից գետի նման հոսող արցունքներն ու մի պահ քար կտրեց։ Նրա սրտում վախի ու կասկածի խլրտացող որդը խղճահարվեց և այդ գիշեր ամուսնուն ոչ մի բառ չասաց նրանց տնից հանելու մասին։
Այսպես օրեր, շաբաթներ անցան, տանտերերը հարմարվեցին հյուրերի ներկայությանը և ամեն երեկո նրանց աչքերից անդադար հոսող արցունքներին։ Այդ ամբողջ ընթացքում տիրակալ Ոսկին իր հարեմով ու իր հպատակներով ոչ մի օր չդադարեց փնտրտուքը։ Վրա հասավ աշունը։ Հովիվը հոտը սարից իջեցրեց ոչ այնքան մոտ գյուղամեջ՝ հանձնելու տերերին, և նրանցից լսեց հետևյալը՝ ով արդարադատության ձեռքը հանձնի առեղծվածային, երեկոները լացուկոծ կապող տղամարդուն և կնոջը, երեք մեծ ոսկու ձուլակտոր կստանա ու իր ողջ կյանքն անհոգ կապրի։ Հովիվն առանց խոսք ասելու գյուղացիներին հանձնեց իրենց ոչխարներն ու գառները և իր սեփական չորքոտանիներին առաջը գցած՝ տուն շտապեց։
Որքան էլ ջանում էր թաքցնել իմացածը, թե՛ Ծաղիկը, թե՛ օտարականները նկատեցին նրա շփոթմունքը։ Տղամարդն ու կինը տարօրինակ հայացքներ փոխանակեցին, իսկ երեկոյան նրանց անձայն արցունքներն էլ ավելի սաստկացան։ Ծաղիկը երկյուղած տաշտ մեկնեց նրանց, որ արցունքները չհասնեն երեխաների անկողիններին։ Այդ գիշեր ոչ ոք չկարողացավ քնել։ Որքան էլ Ոսկին ու նրա հպատակները փորձում էին բարձով ծածկել ականջները, միևնույն է, լսում էին այդ անիծյալ լացի ձայները։ Գիշերը հովիվն ամեն բան պատմեց կնոջը, և Ծաղիկը պահանջեց նրանց հանձնել արդարադատության ձեռքը։ Չէ՞ որ առջևում խստաշունչ ձմեռ է, իսկ իրենք ո՛չ վառելիք ունեն, ո՛չ կարգին հագուստ, ո՛չ էլ կանոնավոր ուտելիք։ — Ա՜յ կին, ի՞նչ ես խոսում, նրանք արդեն հարազատ են մեզ, նրանց մատնելը մեղք է։ Մենք այս ձմռան տակից էլ դուրս կգանք այնպես, ինչպես անցած բոլոր ձմեռները։ -Ի՞նչ հարազատ, դու քեզ լսու՞մ ես։ Մեղքն այս չքավորության մեջ ապրելն է։ Բոլոր հարազատ բարեկամները մեզանից երես թեքեցին աղքատության պատճառով։ Այս անտուն սգավորներն էլ միայն նրա համար են այստեղ, որ տաք ապուր ենք տալիս ու քնելու անկողին։ Վերջն իրենց լացով գլխներիս մի փորձանք են բերելու։ Ճիշտը նրանցից ազատվելն է։ Եթե վաղն իսկ չգնաս և նրանց արդարադատությանը չմատնես, ես կանեմ քո փոխարեն։
Լուսադեմին՝ դեռ աքլորականչը չլսած, հովիվը ճանապարհ ընկավ, ամեն բան արեց իր Ծաղիկի սրտով. մատնեց օտարականների գտնվելու վայրը, վերցրեց իր հասանելիքն ու բռնեց տան ճանապարհը։ Երկնամուխ բարդիների տակ պարկն ուսից իջեցրեց համոզվելու համար, թե այնտե՞ղ են արդյոք երեք ոսկու ձուլակտորները։ Երբ բացեց պարկի բերանը, ոսկու փայլից թվաց՝ աչքերի լույսը մթնեց, թվաց՝ կրծքից ինչ-որ բան պոկվեց։ Եվ հենց նույն պահին հայտնվեցին իր ծանոթ օտարականները։ Տղամարդը մեղադրական մի հայացք նետեց ու իր կոպիտ ձայնով ասաց.
-Այս աշխարհում եզակիներին է վիճակված մեզ դեմ առ դեմ հանդիպել, ու դու դրանցից մեկն էիր։ Սակայն դու էլ մյուս մահկանացուների նման չդիմացար գայթակղությանը։ Հիշո՞ւմ ես՝ մեր հանդիպման առաջին օրն ասացի, որ, անուններս կիմանաս միայն մեր հեռանալու պահին, երբ վրա հասնի ժամանակը։ Ուրեմն իմացի՛ր՝ ես Ամոթն եմ, իսկ այս համր տառապյալը Խիղճն է, մեր ողբաձայները ողջ գիշեր տանջում են մեղսավորներին։ Մեր հրաժեշտի ժամանակը եկավ, մնաս բարով, գառնարա՛ծ,- ասաց, ու չքացան, կարծես հօդս ցնեցին Ամոթն ու Խիղճը։
Հովիվը գլխիկոր տուն վերադարձավ, պարկը դրեց դռան տակ։ Քիչ անց «արդարադատության» մարդիկ եկան, ամեն ինչ տակնուվրա արեցին և չգտնելով հանցավոր զույգին՝ Ծաղիկի ձեռքից խլեցին ոսկու ձուլակտորներն ու հեռացան։ Հովիվը աղի արտասուք թափող իր աննման Ծաղիկի կողմն անգամ չնայեց, բառ չխոսեց։
Այդ գիշեր, առաջին անգամ, Ամոթի ու Խղճի ողբաձայները նրանց ականջներից ևս չհեռացան։ Մեկ շաբաթ անց Ծաղիկը գյուղի բժիշկին իր տուն հրավիրեց. ամուսինը լուրջ հիվանդացել էր, գույնը գցել ու ոչ մի բառ չէր խոսում։ Բժիշկն ուշադիր զննեց հիվանդին և Ծաղիկին պատվիրեց խոտաբույսերով թուրմ պատրաստել։ Երբ Ծաղիկը շտապեց խոտաբույսերի հետևից, բժիշկը մոտեցավ հովվին, տարօրինակ մի հայացք նետեց վրան, հետո էլ ուսերը թոթվեց, խոր հոգոց քաշեց ու ձեռքն օդի մեջ թափահարելով՝ հեռացավ։ Հաջորդ օրը գյուղում լուր տարածվեց, որ գառնարածը տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Բոլորը կարծեցին, որ խեղճը գայլերի փայ է դարձել։
Չար լեզուներն ասում են, որ մինչև օրս քունը կորցրած, թոշնած Ծաղիկն իր որբուկների հետ գառնարածի վերադարձին է սպասում։ Նաև ասում են, որ մինչև օրս տիրակալը՝ Ոսկին՝ մեղսունակ մարդկային կյանքի ալֆան և օմեգան, ընկած փնտրում է մի թափառական հովվի ուրվականի, որը հորդորում է մարդկանց չտրվել Ոսկու գայթակղությանը, փնտրում է մի տղամարդու ու կնոջ, որ հավերժ լռեցնի նրանց, որ վերագտնի ի՛ր, ի՛ր Մանիի, ի՛ր հարեմի, ի՛ր հպատակների և մունետիկների խաղաղ քունը…
Արմինե Մելքոնյանի պատմվածքը ԵԹԿՊԻ-ի ՈՒԳՍԸ-ի հրատարակած «Քալեր, որ կտանեն․․․» ժողովածուից։