Երանի այն սիրուն օրերին…
Այն օրերին, որոնց մեջ քեզնից մի քանի կաթիլ հիշողություններ կան խառնված։ Երանի այն օրերին, որտեղ արևը քո տեսքն ուներ, ու ինձնով էր որոշվում ճառագայթների ուժգնության աստիճանը, երբ մոտ էի քեզ, դրանք ուղիղ վրաս էին սևեռվում, երբ հեռու, դրանք քիչ էին ջերմացնում, իսկ երբ ոչ մոտիկ էի, ոչ էլ հեռու, դրանք կիսով չափ ինձ վրա էին, կիսով չափ իմ մասին մտքերի։ Երանի այդ սիրուն օրերին….
Այն օրերին, որտեղ կար մեկ կարևոր և շատ անկարևոր ու ավելորդ մարդիկ։ Երբ էդ մեկը չեզոքացնում ու լրացնում էր ամեն ինչ։ Ամենն իր ծանոթ մատներին հատուկ քնքշանքով հավաքում բռի մեջ և յուրահատուկ սիրունություն տալիս։ Երանի այդ սիրուն օրերին…
***
Դու քայլում էիր ձեռքս բռնած, ես քայլում աչքերիդ նայելով։ Երբ իմ մասին էիր մտածում, կամ ինձ նայում՝ աչքերդ փայլում էին, իսկ ես՝ հիանում աչքերիդ փայլով։ Ի՞նչ պատահեց հանկարծ, ինչու՞ այդպես հանկարծ կորար գարնանային մի առավոտ։ Գիտե՞ս, աշնան հետ եկար, գարնան հետ՝ գնացիր։ Ինձ մնաց քեզնից մտքեր, որ շարունակ թափառել են ուզում, այն փողոցներում երևանյան, որ դատարկվեցին մեզնից հետո։
***
Իսկ մայրամուտը կապշեր, երբ տեսներ թե ինչպես ես ինձ հրաժեշտ տալիս… Իսկ այն օրը, երբ չկայիր և մայրամուտին սովորականի պես կողքիս նստած չէիր, հանկարծ ինձ վատ զգացի. բացակայությունդ էր զանգ տվել։ Բացակայությունդ զանգ տվեց ու խոստովանեց, որ էլ չես գալու ու, որ քեզ էլ չեմ տեսնելու, ինչպես արևն է հրաժեշտ տալիս ծովին՝ մայրամուտի թևերի ներքո, սակայն, հոգի’ս, ծովն անգամ ունի մխիթարանք, ծովն անգամ ունի գեթ մի լույս, ծովն անգամ ունի ընկեր, և որ իրեն չեն լքում, արևն իր գնալուց հետո լուսնին է ուղարկում այնտեղ, որ ծովը չմնա խավար, որ ծովը չսիրահարվի մթությանն ու չսովորի ապրել առանց արևի շողի՝ ծովին թողնելով իր մասին մտքեր…
Մանէ Չախալյան