Հայկական ձեռագրերում Նոյան տապանի պատկերագրական տիպերի մասին շատ անգամներ ենք հանդիպում,
սակայն կան հարցեր, որոնք ավելի խորը ուսումնասիրման առարկա պետք է դարձնել: Ծննդոց գրքում
կարդում ենք, որ Ղամեքը 188 տարեկանում ծնեց Նոյին և շատ մեծ հույսեր կապեց նրա հետ, իսկ Նոյը 500
տարեկանում երեք որդիներ ունեցավ՝ Սեմին, Քամին և Հաբեթին: Ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ,
այնքան շատ էին մարդկանց չարագործությունները, որ Աստված զղջաց, որ կյանք է տվել նրանց և որոշեց Իր
ստեղծած էակներին ջնջել երկրի երեսից՝ ջրհեղեղի միջոցով: Սակայն մեկ մարդ կար, ում Աստված վստահեց
և արդար համարեց: Նոյն էր: Նրան հանձնարարեց մեծ տապան պատրաստել, որտեղ պետք է տեղ գտնեին
Նոյն ու իր ընտանիքը, ինչպես նաև բոլոր կենդանիներից ու թռչուններից մեկական զույգ, որպեսզի այդ
ջրհեղեղից հետո կյանքը ծաղկեցնելու և միջավայր ստեղծելու համար լինի ամեն ինչ:
Տերը Նոյին պատվիրեց, թե ինչպես կառուցի տապանը.
«Արդ, դու քեզ համար փայտից տապան կշինես: Տապանը բաժանմունքներով կպատրաստես և ներսից ու
դրսից կուպրով կծեփես… թող երեք հարյուր կանգուն լինի տապանի երկարությունը, հիսուն կանգուն՝
լայնությունը, և երեսուն կանգուն՝ բարձրությունը: Տապանն աստիճանաբար նեղացնելով կշինես՝ այնպես,
որ նրա ծածկը մի կանգուն լինի: Տապանի դուռը կողքից կանես. ներքնահարկ, միջնահարկ ու վերնահարկ թող
ունենա տապանը» (Ծննդոց Զ 14-16):
Ջրհեղեղը ոչնչացրեց կենդանի արարածներին, իսկ տապանի մեջ գտնվողները ողջ մնացին: Տապանը կանգ
առավ Արարատ լեռան վրա: Աստված օրհնեց Նոյին ու նրա հետ եկող սերունդներին, նաև համերաշխության
ուխտ հաստատեց Նոյի և նրա սերնդի հետ՝ խոստանալով այլևս ջրհեղեղով չպատժել մարդկանց:
Միջնադարյան հայ մանրանկարիչները եկեղեցածիսական մատյաններում բազմաթիվ անգամներ պատկերել են
Նոյան տապանի պատմությունը: Նշենք, որ ուշագրավ է Համիթի Սուրբ Սարգիս եկեղեցու գրչատան շնորհալի
նկարիչ Հովհաննեսի ընդօրինակած «Գավազանագրքում» զետեղված Նոյան տապանի գծապատկերները:
Դրանք թվով չորսն են և ունեն հետևյալ ձևերը. տապանի առաջին գծապատկերն ունի վեց բաժանմունք. ա)
բնակության մարդկանց և թռչնոց, բ) բնակություն բարեկամ անասնոց, գ) բնակություն թշնամի անասնոց
(այս բաժնում է նաև տապանի մուտքը), դ) կերակրարան պտղոց և խոտոց, ե) տեղի գարշության աղբից, զ)
քամոց, ջրոց: Տապանի հաջորդ գծապատկերներն ունեն 5 բաժանմունք, որտեղ ջուրը և աղբը միասին են:
Յուրովի են պատկերված նաև տապանի բնակիչներին ներկայացնող պատկերները, որոնք մեծ
հետաքրքրություն են առաջացնում:
Երզնկայի 1362 թ. «Ճաշոց»-ում նկարված տապանն ունի հետևյալ հորինվածքը. ծածկի տակ երկու փոքր
թռչուններ են, որոնք, ըստ իս, հավանաբար ագռավ ու աղավնի են: Վերևից, առաջին հարկաբաժնում
թռչուններ են՝ յուրաքանչյուր տեսակից մեկական զույգ: Տապանի կենտրոնում շրջանակի մեջ պատկերված է
Նոյն իր կնոջ հետ, իսկ ստորին մասը երկու մասի է բաժանված, որը ձևավորված և պատկերված է ընտանի
և վայրի կենդանիներից մեկական օրինակ:
Մարկոս Պատկերահանի 1651 թ. Կ.Պոլսում ընդօրինակված «Հայսմավուրք»-ում Նոյան տապանի
հորինվածքը նույնպես եզակի է: Այստեղ պատկերված տապանն իր արտաքին տեսքով հիշեցնում է, որ
սովորական նավ չէ, այլ Աստծո պատվիրածը: Տապանի մոտ կանգնած Նոյը ձեռքերը վեր է պարզել, որտեղ
պատկերված է Աստված: Այստեղ նաև ներկայացված է կենդանիների երթը: Նրանք ուղղված են դեպի
տապանի մուտքը՝ ստեղծելով ինքնատիպ, գեղարվեստորեն հագեցած տեսարան: