You are currently viewing ԵՐԻՏԱՍԱՐԴ ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հարցազրույց երիտասարդ օպերային երգիչ, բարիտոն Ակսել Դավեյանի հետ

– Ակսել, Թբիլիսիում անցկացվող «OPERA CROWN» միջազգային մրցույթում արժանացաք երրորդ մրցանակի։ Այս հաղթանակն ինչպիսի՞ լրացում կատարեց ձեր` որպես օպերային երգչի կյանքում։

– Շատ կարեւոր լրացում է, քանի որ սա իմ առաջին միջազգային մրցույթն էր եւ չնայած մինչ այս ՀՀ-ում արժանացել էի Պողոսյան մրցանակի, ինչպես նաեւ Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի առաջին մրցանակի, միջազգային լինելու հանգամանքը ինձ անհանգստացնում էր, այն էլ միանգամից նման հեղինակավոր ու բարդ մրցակցություն ունեցող մրցույթի։ Եվ ինձ համար այս մրցանակը շատ կարեւոր է, որպես առաջին միջազգային մրցույթի մրցանակ, ու շատ ոգեւորող` հետագա քայլերիս ավելի վստահորեն մոտենալու համար։

– Այս հաղթանակը նվիրել եք 44-օրյա պատերազմի հերոս Գագիկ Խաչատուրյանի վառ հիշատակին։ Ի՞նչ հուշեր կան նրա հետ կապված ձեր անցած տարիներից…

 – Գագիկը իմ ամենամոտ ընկերներից է։ Քանի որ նա իր մանկության եւ պատանեկության տարիներն անց է կացրել Թբիլիսիում եւ մինչ իր բանակ զորակոչվելն անընդհատ լինում էր այնտեղ իր բարեկամների մոտ, շատ էր ինձ պատմում այդ քաղաքի մասին, անընդհատ առաջարկում էր գնալ, ես էլ չէի եղել հարեւան երկրի մայրաքաղաքում եւ պայմանավորվեցինք Գագիկի զորացրվելուց հետո մեր մյուս ընկերների հետ միասին այցելել Թբիլիսի։ Բայց չարաբաստիկ պատերազմը մեզնից մի փոքր հեռացրեց Գագիկին։ Առհասարակ, նրա հետ կապված հիշողությունները շատ են, քանի որ Գագիկն այնքան լի էր կյանքով, այնքան շատ էներգիա ուներ, եւ այնքան շատ բան էր հասցրել անել իր կյանքի ընթացքում, որ նրա հետ ապրած յուրաքանչյուր վայրկյանն առանձին հիշողություն է։

– Բազմաթիվ բեմերից է ձեր ձայնը հնչել, եւ, կուզենայինք իմանալ, թե հատկապես ձեր ո՞ր ելույթը կառանձնացնեք։

– Կարծում եմ չեմ կարող առանձնացնել որեւէ ելույթ, քանի որ ելույթներիս միշտ մոտեցել, պատրաստվել եմ հավասար պատասխանատվության զգացումով եւ հանդիսատեսին ամենալավը մատուցելու մեծ ցանկությամբ։ Մյուս կողմից՝ երիտասարդ երգիչների համար սկզբնական շրջանում բոլոր ելույթներն են կարեւոր եւ առանձնահատուկ, քանի որ բոլորից էլ հնարավոր է նոր բան ստանալ, սովորել, նոր հնարավորություններ բացել։ Օրինակ, երգել հեղինակավոր «Կոմիտաս փառատոն»-ի շրջանակներում, մեկ ուրիշ անգամ առաջին ելույթն ունենալ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից, մեկ ուրիշ դեպքում հանդես գալ առաջին օպերային դերերգով, մեկ այլ դեպքում մեկ բեմում լինել աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանի հետ եւ այս կերպ կարելի է մի շարք իրողություններ թվել, որոնք լինում են տարբեր ելույթների ժամանակ եւ որոնք հավասար կարեւորություն ու առանձնահատկություն են հաղորդում բոլոր ելույթներին։

– Այս համատեքստում ճիշտ կլիներ նաեւ անդրադառնայինք «Դոն Պասկուալե» օպերայի ներկայացմանը։

– Իտալացի կոմպոզիտոր Դոնիցետիի «Դոն Պասկուալե» կոմիկական օպերայի ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 5-ին եւ 6-ին ԵՊԿ Օպերային ստուդիայի բեմում։ Ներկայացումը բեմադրվեց նվիրյալ մարդկանց ահռելի ջանքերի շնորհիվ, քանի որ պրեմիերայի նախապես պլանավորած ժամկետներին անընդհատ տարբեր խոչընդոտներ էին հանդիպում, մի դեպքում համավարակը, մյուս դեպքում՝ պատերազմը եւ այլն։ Բայց մեծ ջանքերի շնորհիվ ներկայացումն ի վերջո բեմադրվեց եւ ես էլ այդ ներկայացումով ունեցա իմ օպերային դեբյուտը։ Կարծում եմ անչափ հետաքրքիր, գեղեցիկ եւ բավական զվարճալի ներկայացում ստացվեց։ Այս խոսքերի վկայությունն է նախ պրեմիերայի երկու օրերին, իսկ հետո սեպտեմբերի սկզբին կայացած ներկայացումների լեցուն դահլիճները, ինչպես նաեւ հանդիսատեսի ջերմ արձագանքը։

– Մալատեստայի կերպարի մեջ հարմարվեցի՞ք։ Դժվա՞ր էր։

– Առհասարակ կոմիկական օպերայի կերպար կերտելը բավական բարդ է, քանի որ այն պահանջում է էմոցիաների, միմիկաների, հոգեվիճակի չափազանցություն։ Իսկ Մալատեստայի կերպարը, ինչպես գիտեք, ունի երկու շատ պարզ երես, առաջինը Դոն Պասկուալեի սիրելի եւ հավատարիմ բժիշկ- ընկերն է, մյուսը իրական Մալատեստան է, ով բնավ Դոն-ի ընկերը չէ, այլ ընդհակառակը, նա մեծ խաղ է պատրաստել Դոն Պասկուալեի «գլխին», որպեսզի դաս տա երիտասարդ կանանցով արբեցած ծերուկին։ Այսինքն՝ Մալատեստայի կերպարը ունի հստակ խնդիր հանդիսատեսին ճշգրիտ ցույց տալ կերպարի երկու կողմերը։ Այս աշխատանքի ընթացքում հանդիպեցինք տարբեր դժվարությունների, բայց ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի, դիրիժոր Կարեն Լավչյանի երկար ու հանգամանալից աշխատանքի եւ մեր մեծ ցանկության շնորհիվ կարծում եմ կարողացանք հաղթահարել։ Հանդիսատեսից բավական ոգեւորող արձագանքներ ստացանք։

– Առաջիկա ծրագրերի մասին խոսենք…

– Առաջիկայում բնականաբար պլանավորվում են տարբեր ելույթներ եւ համերգներ, բայց դրանց մասին դեռ չեմ կարող խոսել։

– Ունե՞ք նախընտրած դերերգ, որով կցանկանաք ձեր երգարվեստի ճանապարհին անպայման հանդես գալ։

– Իհարկե՝ ունեմ, առաջինը Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը» օպերայից Ֆիգարոն է, մյուսը Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից հենց Օնեգինը։ Դեռեւս որպես գլխավոր ցանկություն այս երկու կերպարներն եմ ընտրել:

Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ