You are currently viewing ՍՈՎՈՐԵՆՔ ԱՍՏԾՈՒՑ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ԻՐ ՉՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ 

ՍՈՎՈՐԵՆՔ ԱՍՏԾՈՒՑ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ԻՐ ՉՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ 

Մենք սովոր ենք շնորհակալություն ասել միայն այն ժամանակ, երբ ստանում ենք մեր ուզածը: Երբեք շնորհակալ չենք այն դեպքում, երբ դա մեզ չի տրվում:

Ինքս էլ միշտ այդպիսին եմ եղել: Գոհ ու շնորհակալ էի այն պահին, երբ ստանում էի ուզածս:  Հետո մի դեպք եղավ ու հասկացա, որ եթե Տերը չի կամենում՝ բարին հենց դա է: Հիմա, ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն` առաջին հերթին իր չտվածի համար, ու հետո նաև` իր տվածի: Գուցե, սկզբի համար դժվար է սա ընդունելն ու ընկալելը, բայց երբ սեփական փորձովդ հասկանում ես, որ Աստծո չտվածն անգամ կարող է քեզ համար օրհնություն լինել, այլևս երբեք չես դժգոհում ու չես չարանում:

Ամեն բան իր ճիշտ ժամանակն ունի, բոլոր անհամբերներիս համար այս մտքի հետ համակերպվելը այո՛, շատ դժվար է, բայց համբերության մեջ ապրելով՝ պիտի զգանք տվածի ու չտվածի կարևորությունն ու անհրաժեշտությունը: Երբ սովորում ենք համբերատարությամբ ու խոնարհությամբ սպասել Տիրոջ կամքի կատարմանը, հասկանում ենք, որ չկա ավելի լավ պահ ու չկա ավելի կատարյալ զգացողություն:

Անհամբերությունը ու եսասիրությունը հաճախ են նպաստում, որ կորցնենք մեր իրական մարդկային դեմքը: Եթե չեն իրագործվում մեր ցանկություններն ու երազանքները, ապա մեղադրանքների տարափը շատանում է: Ու հիմնական մեղավոր մենք համարում ենք Աստծուն: Երբեք չենք մտածում, որ պահը չի հասունացել ու Տիրոջ կամքը չի հաստատվել: Շարունակ կրկնում ենք, որ դժբախտ ենք, կամ Աստված չի կամենում: Իրականում, Աստծո զավակները լինելով՝ պետք է հասկանանք, որ Նա մեզ ամեն ինչ է կամենում, պարզապես ճիշտ ժամանակին է սպասում: Դժվար է պատկերացնել՝ երբ է այդ ժամանակը գալու, բայց այն գալու է: Ուստի եկե՛ք, ամեն օր շնորհակալ լինենք Տիրոջը նախ՝ իր չտվածի համար ու հետո նաև՝ իր տվածի: