Այն, ինչ քոնն է, պետք է պահես, երբեք չզիջես ու չթողնես քայաքայվի: Թատրոնն այսօրինակ վերամարմնավորված մեծ տարածքի տեր է՝ մարդու ներսի ու դրսի հետ մշտապես կապի մեջ: Այն հոգու անսահման ճանապարհ է բացում՝ մշտապես ուղենշելով երևույթների կարևորությունը, որը հաճախ մարդու կողմից այս կամ այն կերպ հետին պլան է մղվում: Իսկ ովքե՞ր են նրան լսում: Քչերը, որովհետև թատրոնը նաև հայելի է, մարդը նրա միջով շատ անգամ իրեն է տեսնում՝ ամաչելու չափ գորշ, երջանիկ լինելու պես հիանալի, միշտ ներկա՝ կյանքում, բացակա՝ ինչ-ինչ հարցերում:
«Արվեստը ճաշակ է, ճաշա՛կ: Կա ճաշակ՝ արվեստ կա՛»,-դիպուկ ընդգծում է արել վարպետը՝ Սոս Սարգսյանը: Իրական արվեստը չի փոխվել դարերի հոլովույթում, որովհետև ճաշակի հարցն առաջնային է եղել՝ որպես ժառանգաբար փոխանցվող «շնչառություն»: Այն վերաիմաստավորվել է ժամանակակից մարդու՝ միջավայրին ու աշխարհին, սեփական անձն ինքնադիտարկելու առաքելությամբ:
Անքննարկելի է, որ արվեստը ժամանակի ընթացքում որոշակի զարգացում է ենթադրում, որին զուգահեռ պետք է ամուր պահել այն երակը, որով արյան պես հոսում է ազգային գաղափարը: Ժամանակը միշտ է անտարբեր, նրան անաչառություն պարտադրողը միայն մարդն է…
Թատրոնը հավատի քննության լավագույն միջավայրն է ստեղծում, մարդու ներաշխարհի տեսիլքով ներգործում մեկ այլ մարդու մեջ՝ միաժամանակ հյուսելով կարևորի ու երկրորդականի շղթան: Նույն շղթայի մի մասն է թատրոնի ժամանակը: Այստեղ ու այս պահի արվեստ է թատրոնը, որը նույնպես ունի բնավորություն, ինչպես մարդը։ Ժամանակ է գալիս, երբ այն դառնում է սանձարձակ, հասարակության մի շերտի համար անընդունելի, որովհետև, վերջիվերջո, ճշմարտությունն է արտացոլում։ Իսկ ճշմարտություն լսելը նույնպես դժվար արվեստ է։ Արարիչը մարդուն ստեղծեց բանականությամբ օժտված։ Սա հաստատումն է այն բանի, որ անհատը գործելուց առաջ կարող է մտածել։ Իսկ արվեստում, հատկապես թատերարվեստում իրապես մտածված գործելը դյուրին չէ։ Չմոռանանք, որ թատրոնի բնությունը խաղն է։ Իսկ անհատի գիտակցությունը գաղափարապես սնելու ճանապարհը ապահովում է որակապես բարձր դրամատուրգիան։ Խաղի հմայքը բարդ է հասկանալը։ Այն իր մեջ մի բնություն էլ ունի, որի ներսում խտացված են ինքնաճանաչման հայացքները: Հենց այդտեղից է արմատը մխրճվում հողի մեջ՝ որպես նվաճման փայլուն օրինակ, կիրք հաղորդում բնավորությանը՝ գաղտնիքներ վերծանելու հատկությամբ օժտված: Եվ ամենակարևորը՝ մարդու բուն խնդիրը ժամանակի մեջ ցույց տալն է՝ դրական ու բացասական կողմերով, գիտակցության վերին աստիճանին հենված: Թատրոնը մարդու միտքն արմատից կտրելու փորձն է կանխում, որով բացում է մի նոր աշխարհ՝ իրականի ու թվացյալի միջանցքում, որտեղ նաև մարդկային կյանքի վերաձևակերպված տարբերակն է` երկրից երկինք և հակառակը։ Այն անհատի որոնումների համար նոր ուղի է մատնանշում:
Սա ազատասեր արվեստ է, որը խիզախում է դժվար իրավիճակում։ Այն հոգատար արվեստ է, որ ամոքում է հոգու ցավն ու տառապանքը։ Վերջիվերջո, թատրոնն արժեքներով վերաիմաստավորված հոգու տաճար է։ Սա արվեստ է, որը սիրում է ազնվություն։ Եկեք մեզանով փրկենք ազնվությունը…
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հ.Գ. մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է։