Մեր հյուրասրահում Ճարտարի Արա Ավանեսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն, վաստակաշատ մանկավարժ Զինաիդա Արզումանյանն է։
-Տիկի՛ն Արզումանյան, ըստ Ձեզ, ո՞րն է որակյալ կրթությունը, և արդյո՞ք որակյալ կրթությունը որակյալ կյանքի նախապայման է։
-Նախ պետք է հասկանալ մի պարզ բան․ կրթությունը երբեք ինքնանպատակ չի լինում։ Իսկ գիտելիքները, որոնք նախ դպրոցում ուսուցիչներն են տալիս աշակերտներին, այնուհետև բուհում դասախոսները, կարծում եմ, կյանքի որակը բարձրացնելու լավագույն միջոցն է։ Այլ խնդիր է, օրինակ, մասնագիտական ոլորտում ինքնակրթությամբ առաջնորդվելը, հաջողությունների ճանապարհն այդպես հարթելը։
Որակյալ կրթությունը, ըստ իս, պետք է ուղղված լինի ժամանակակից մարդու գիտակցության, աշխարհայացքի, մտահորիզոնի զարգացմանը։ Պետք է հասկանալ` ինչ ճանապարհ ես ցույց տալիս մարդուն և ինչ «փոխադրամիջոց» ես տալիս նրան այդ ճանապարհն անցնելու համար։
Եվ միանշանակ է, որ կրթությունը բարեկեցիկ կյանքի գրավականներից է։
-Հե՞շտ է այսօրվա աշակերտների հետ աշխատելը։
-Այսօրվա աշակերտի հետաքրքրությունները բազմաթիվ են, ինչը նաև ունի իր դրական կողմերը։ Սակայն չպետք է այդ նույն հետաքրքրությունները խանգարեն ուսումնական գործընթացին, լիարժեք գիտելիքներ ստանալուն։ Պետք է կարողանալ հաճելին օգտակարի հետ համատեղել։
Շատ կարևոր է, որ ուսուցիչը նաև հոգեբան լինի։ Նախ պետք է լավ հասկանալ աշակերտի հոգեբանությունը. ինչպես է նա մտածում, ինչ թույլ և ուժեղ կողմեր ունի, ինչ ընդունակություններ ունի, արդյոք նա ազատ է, թե սահմանափակ իր քայլերում և այլն։
Իմ ղեկավարած դպրոցի ուսուցիչները մեծ պատասխանատվությամբ են մոտենում յուրաքանչյուր աշակերտի, նրան տալիս ոչ միայն կայուն գիտելիքներ, այլև սերմանում բարություն, հայրենասիրություն և աշխատասիրություն։ Դրա վառ ապացույցը տարբեր տարիների մեր աշակերտների ու շրջանավարտների ունեցած հաջողություններն են, որոնք չեն սահմանափակվում և շարունակական են։
-Դուք երկար տարիներ է դպրոցում «Կրոն», այնուհետև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան եք դասավանդում։ Հարցազրույցներից մեկում էլ նշել եք, որ երեխաները հետաքրքրված են, սիրով են ուսումնասիրում առարկան։ Այսօր հեղհեղուկ խաղաղության պայմաններում կարծես ազգը հեռանում կամ արդեն հեռացել է Աստծուց։ Եվ հոգևոր ըմռնումը կարծես մարդու մոտ ցաքուցրիվ է․․․
-Պետք է շատ սիրենք իրար։ Սերը, չգիտես ինչու, պակասել է։ Բայց սերը միավորող, քաջալերող, վերաիմաստավորող հատկանիշներ ունի իր մեջ։ Աստված իր սիրով մեզ սովորեցնում է ճանաչել Իրեն: Այս մասին գրում է նաև Հովհաննես առաքյալը․ «Սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է․և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։ Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է» (Ա Հովհ․ 4։7-8):
Աստված մեր մեջ է բնակվում։ Նա մեր միակ ու անքննարկելի հույսն է։
Իսկ ինչ կապված է հոգևոր ըմբռնման հետ, ապա վերջերս կարդացել եմ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքերից, որոնք տպավորվել են իմ մեջ․ «Ազգի ուժը որտե՞ղ կկայանա. իր դրամի՞ մեջ, իր զենքի՞: Ո՛չ: Իր բարոյական, իր գիտակցական, մարդկային, հոգևոր ըմբռնումին մեջն է ազգի ուժը… Հետևաբար՝ մարդն է կարևորը, ազգի մեջ բարոյական ըմբռնումն է կարևորը: Եթե ինձ հարցնեն, թե որո՞նք են առաջին, երկրորդ և երրորդ կարիքները Հայաստանի, ապա երեք անգամն էլ նույն պատասխանը պիտի տամ՝ մարդն է, մարդն է, մարդը»: