You are currently viewing «Գրում է՝ երբ պիտի գրի, կատակում է՝ երբ պիտի կատակի, երգում է՝ երբ պիտի երգի». Դավիթ Միքայելյան-70

«Գրում է՝ երբ պիտի գրի, կատակում է՝ երբ պիտի կատակի, երգում է՝ երբ պիտի երգի». Դավիթ Միքայելյան-70

Բանաստեղծը, գրչի մշակը հասկաքաղի մեջ է դժվար մի դարում, երբ իր իսկ բառերով՝

Հոգեվարքի մեջ է ձմռան վերջին գիշերը,

Սակայն մեռնել չի ուզում…

Իսկ լուսածագն ուշանում է։

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում Դավիթ Միքայելյան հոբելյարին շնորհավորելու էին եկել գրչընկերները, կոլեգաները, ընթերցողները։ Հասկաքաղը վաղ է՝ ասացին, չնայած հոբելյարն արդեն 70-ը հատել է։

Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը բարձր գնահատեց ընկերոջ, գործընկերոջ, գրչեղբոր, «իր սերնդի ամենաառաջատար ստեղծագործողներից» մեկի՝ Դավիթ Միքայելյանի վաստակը։

— Դավիթն, իսկապես, բազմաշնորհ մարդ է,- ասաց Վ. Հակոբյանը,- նա լավ հրապարակախոս է ու երգահան։ Նա գրչի ու ազգի նվիրյալ է։ Դավիթը երբեք չի ձևանում, գրում է՝ երբ պիտի գրի, կատակում է՝ երբ պիտի կատակի, երգում է՝ երբ պիտի երգի, երաժշտություն է հորինում՝ երբ պիտի հորինի… Իսկ այդ «երբի» սահմանադիրն ինքն Աստվածն է ամենակարող։ Գրողի մեծագույն առաքելությունը, կարծում եմ, իր իսկ կերպարում մարդուն վեհացնելն է։

Դավիթ Միքայելյանը մարդուն վեհացնելու գեղագիտական տարբեր լուծումներով է առաջնորդվել՝ չափածո, արձակ, հրապարակախոսություն, երգիծանք, երգ ու երաժշտություն։

Իր ստեղծագործական աշխատանքների հանրագումարը 20 տպագիր ժողովածուներն են, «Սիրուց և ցավից ծնված երգեր» երգարանը, լրագրողական բազմաթիվ թղթակցություններն ու հոդվածները, որոնք լույս են տեսել համահայկական մամուլում։ Իհարկե, նաև այն բոլոր անտիպ գործերը, որոնք տպատառ դառնալուն են պատրաստվում։Դավիթ Միքայելյանը ստեղծագործելուն զուգադիր թերթի գրական աշխատողից անցել է բաժնի վարիչի պարտականություններին, ապա ստանձնել պատասխանատու քարտուղարի պաշտոնը, խմբագրել «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսը, ղեկավարել Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, թղթակցել Երևանում հրատարակվող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։

Ստեղծագործական գործունեության համար արժանացել է մի շարք պետական ու գերատեսչական մրցանակների, որոնց թիվն ավելացավ հոբելյարի՝ 70-րդ տարեդարձի առիթով Արցախի և Հայաստանի գրական ընտանիքների ու «Գրիգոր Նարեկացի» համալսարանի կողմից ստացած մեդալներով։

Օրվա միջոցառմանն անդրադարձ եղավ նաև Դավիթ Միքայելյանի՝ վերջերս լույս տեսած «Հայացք ձմեռնամուտի» գրքին։ Նորատիպ գրքում հեղինակն ընդգրկել է արցախյան երեք պատերազմների ընթացքում իր տեսածը, ապրածն ու զգացածն ամփոփող գործերը։ Անսփոփ խոհերով ծանրացած գեղագետը, սակայն, գեղարվեստագրել է լավատեսության, հույսի, հավատի և սիրո իսկությունը, որը կարծես ուշանում է։

Այս ի՞նչ սատանա է փակել տան դուռն իմ,

Որ գիշերս չի լուսանում…

Ու մինչ փորձում եմ

Խեղդամահ անել ինձ պաշարող մղձավանջը,

Հարևան շենքից

Նորածին մանկան ճիչը ծաղկում է ունկերիս մեջ

Եվ ավետում լուսաբացը…

Մանկան ճիչերով ավետվող լուսաբացների առատագրումով՝ շնորհավոր հոբելյանդ, հարգելի Դավիթ Միքայելյան։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ