You are currently viewing ԵԹԿՊԻ-ի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության ընդհանուր ժողովի հատուկ նիստ է կայացել

ԵԹԿՊԻ-ի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության ընդհանուր ժողովի հատուկ նիստ է կայացել

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության ընդհանուր ժողովի հատուկ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Քայլեր, որ կտանեն…» ուսանողական և «Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը՝ արվեստի» երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուների շնորհանդեսը։

Ներկա էին ռեկտոր Սառա Նալբանդյանը, պրոռեկտորներ Նարինե Սարգսյանը, Արմեն Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

«Քայլեր, որ կտանեն…» ժողովածուն ընդգրկում է ԵԹԿՊԻ-ի ուսանողների, ինչպես նաև Գյումրու մասնաճյուղի ուսանողների արձակ և չափածո ստեղծագործությունները։ Գիրքը հրատարակվել է ԵԹԿՊԻ-ի շրջանավարտ, արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանի աջակցությամբ։ «Այս ժողովածուի նախաձեռնումը համարեք իմ անգնահատելի վարպետներից ստացած շնորհ, որի փաստացի փոխանցողն եմ դառնում կյանքիս այս փուլում։ Շատ բնականորեն այս պրոցեսը պետք է տեղի ունենար իմ սիրելի Թատերականում, որտեղ ստացել եմ հիանալի կրթություն՝ շնորհիվ իմ բոլոր ուսուցիչների առանց բացառության»,-Արգենտինայից հղած խոսքում նշել է Արմինե Բոյաջյանը։
ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը կարևոր քայլ է համարել ժողովածուների հրատարակումը և հույս հայտնել, որ առաջիկայում նույնպես գիտական և ստեղծագործական ոլորտներում ուսանողական կառույցը կարևոր նախաձեռնություններով հանդես կգա։
ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանը նշեց, որ նոր ուսումնական տարվա ընթացքում նույնպես բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվելու, որոնք կնպաստեն կրթամշակութային կյանքի զարգացմանը։
Մյուս՝ «Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը արվեստի» երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուն հրատարակվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ և նվիրված է Սոս Սարգսյանի վառ հիշատակին։ Ժողովածուն ընդգրկում է սույն թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցած գիտաժողովի զեկուցումները։

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ