You are currently viewing «Ժամանակակից հայ թատրոնը համաքայլում է ժամանակի հետ». Նարինե Սարգսյան

«Ժամանակակից հայ թատրոնը համաքայլում է ժամանակի հետ». Նարինե Սարգսյան

  • Post author:
  • Post category:Արվեստ

Հարցազրույց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանի հետ

– Տիկին Սարգսյան, ավարտին է մոտենում թատերական իրադարձություններով հարուստ տարին։ Ի՞նչ կասեք հայ ժամանակակից թատրոնի, վերջինիս որդեգրած ավանդական եւ նորահայտ սկզբունքների մասին։ Խոսենք այս ընթացքի մասին։

– Թատրոնը շարունակում է բնականոն ապրել ու գործել։ Ինձ մոտ տպավորություն է, որ քովիդն ու պատերազմը նրա կամքը չեն կոտրել, ընդհակառակը` կոփել են, դարձրել են գերդիմացկուն եւ նույնիսկ ստեղծագործական նոր հնարավորություններ բացել: Թատրոնը ճկուն արձագանքեց համավարակի մարտահրավերներին: Ծնվեցին ներկայացումներ խաղարկային նոր տարածքներում (բացօթյա), նոր ձեւաչափերով (առցանց): Յուրաքանչյուր թատրոն իր աշխարհզգացողության եւ որոշակի բացահայտումների արդյունքում նոր որակներով փորձեց հասնել իր նպատակներին:

2021/2022 եւ այս թատերաշրջանը, հարկադրական դադարից եւ կիսադադարից հետո, ամբողջ շնչառությամբ ներկայանալու տարի է: Թատերասրահները լեցուն են, մեր լավագույն ներկայացումները ճամփորդում են եւ միջազգային փառատոներում հաջողություններ գրանցում, լույս են տեսնում թատերախոսականներ, կազմակերպվում են փառատոներ, ամենամյա թատերական մրցանակաբաշխություն: Հարուստ իրադարձությունները վկայում են, որ ունենք բազմադեմ ու բազմաժանր թատրոն եւ թատրոնով հետաքրքրված հանդիսատեսներ:

Թատրոնը ապրող ու շնչող, մշտապես նորոգվող օրգանիզմ է ու չի ընդունում ֆետիշացում: Կյանքն առաջ է շարժվում, թատրոնն էլ մոդիֆիկացնում է ձեւավորված ավանդույթները` սպունգի նման ներծծելով ժամանակակից թատերական միտումները: Նրանցից կենսունակներն էլ դառնում են ավանդույթ ու հետո նորից` դարձ ի շրջանս յուր: Ուրախալի է, որ ժամանակակից հայ թատրոնը համաքայլում է ժամանակի հետ:

– Ինչ եք կարծում` ո՞րն է ժամանակակից թատրոնի հիմնական խնդիրը Հայաստանում։ Ի՞նչ է պակասում թատրոնին։

– Վերջերս տեղի ունեցավ Հայաստանի ԹԳՄ-ի համագումարը, որտեղ բարձրաձայնվող խնդիրների թիրախային սլաքներն ուղղված էին «Թատրոնի մասին» օրենքի բացակայությանը եւ դերասանների ցածր աշխատավարձերին: ՀԹԳՄ-ի նախագահ Հ. Ղազանչյանը, բեմադրիչ Ա. Խանդիկյանը եւ մյուսները նշեցին, որ առկա այդ խնդիրները լուծելով` իրավական, կազմակերպական, սոցիալական շատ ու շատ հարցեր կկարգավորվեն, ես կասեի նաեւ` բարոյական, կարեւոր է, որ հասարակության ներսում բարձրանա թատրոնի ու նրա ծառայողների հանդեպ հեղինակությունն ու գնահատանքը: Այդ վերաբերմունքն իր հայելային անդրադարձը կունենա նաեւ թատրոնների որակական գործունեության վրա, ստեղծագործական նոր հորիզոններ կբացվեն:

Թատրոնը հոգեւոր ճգնաժամեր հաղթահարող է, կրթող է, ճաշակ սերմանող է, հույզեր, մտքեր ու լիցքեր պարգեւող է: Մեր թատրոններից յուրաքանչյուրն ունի իր դեմքը, ձեռագիրը, նախասիրությունները: Խաղացանկային թատրոններից բացի, այսօր կարելի է հանդիպել տարբեր ձեւաչափերով ազատ գործող «փոքր» թատրոնների ու թատերական նախագծերի, եւ այդ բազմազանությունը հարստացնում է հայ ժամանակակից թատրոնի ներկապնակը: Վարպետների կողքին իրենց տեղն են գտնում երիտասարդները եւ թարմացնում են թատրոնի արյան շրջանառությունը: Բնականաբար, յուրաքանչյուր թատրոնում կան թե վերելքներ, թե նահանջ, ամբողջական կամ առանձին հաջողություններ: Եթե ձեւի առումով բազմազանություն եմ տեսնում, ապա գաղափարի, մեկնաբանության առումով մտահղացումները դեռեւս զիջող դիրքերում են: Երիտասարդ բեմադրիչներին երբեմն պակասում է պատումի տրամաբանական թելերն այնպես հյուսելն ու կապելը, որ ներկայացման հյուսքը ոչ թե երերուն, այլ խորն ու հաստատուն լինի: Իսկ գաղափար ու ձեւ ներդաշնակության գեներատորը ստեղծագործող անձի վարպետությունն ու ներաշխարհն է: Ահա այստեղ անելիք ունի թատերական կրթությունը, որը պատասխանատվություն պետք է կրի ապագա մասնագետի գիտելիքների, հմտությունների, կարողությունների եւ անձի համակողմանի զարգացման համար: Մեր բուհում` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում դասավանդում են թատերարվեստի թե հեղինակությունները եւ թե շնորհալի երիտասարդներ: Սակայն խնդիրը դասախոս-ուսանող երկկողմանի ակտիվ համագործակցությամբ միայն կարող է հանգուցալուծվել:

– Վերջին տարիներին շատ թատերական քննադատներ են խոսում այն մասին, թե ինչպես են կանայք իշխում ժամանակակից ռեժիսուրայում։ Դուք դիտարկե՞լ եք այս երեւույթն ու ի՞նչ կասեք։

– Այո, քսանմեկերորդ դարը աշխարհի շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում ներկայանում է կին ռեժիսորների եռանդուն գործունեությամբ: Կարող եմ անուններ տալ` Նարինե Մալյան, Նարինե Գրիգորյան, Սաթե Խաչատրյան, Լուսինե Երնջակյան, Լիլի Էլբակյան, Նորա Գրիգորյան եւ էլի ուրիշներ, որոնց ռեժիսուրան բնավ էլ «կանացի» չէ: Տղամարդու գերաշնորհ համարվող մասնագիտությունը իրենց ձեռքն են վերցրել շնորհալի կին արվեստագետները եւ ծնունդ տվել թատերային գրավիչ էստեթիզմով առանձնացող բեմադրությունների: Նրանցից Նարինեները եւ Լուսինեն թատրոններ են ղեկավարում եւ միանգամայն հրաշալի, իսկ Սաթեն մեր թատերաշխարհում Ֆրանսիայի դեսպանն ասես լինի` ֆրանսիացի ժամանակակից թատերագիրների իր թարգմանություններով ու բեմադրություններով: Տաղանդի չափանիշն արվեստագետի պրոֆեսիոնալիզմն է ու ներաշխարհը եւ ոչ բնավ գենդերային պատկանելությունը:

– Այն, որ այսօր Հայաստանում կա թատրոն, կան բարձրարժեք ներկայացումներ, կարծում եմ` համամիտ եք։ Բայց մեկ այլ խնդիր է հեռուստաթատրոնի բացակայությունը։ Ճիշտ է` երբեմն հեռուստատեսությամբ լինում են նմանօրինակ ծրագրեր, բայց կարծես այդ մշակույթը վերանում է։ Ի՞նչ կասեք այս առումով։

– Անցյալ դարի 70-80-ականներին, պատանի տարիքում ես անհամբեր սպասում էի երկուշաբթիներին, որպեսզի հեռուստաթատրոնի հերթական ներկայացումը դիտեմ: Հետաքրքիր պիեսներ էին բեմադրում` թե հայ, թե օտար դրամատուրգների, տաղանդավոր դերասաններ էին խաղում: Այսօր ուրիշ ժամանակներում ենք ապրում, համացանցը հետ է մղել հեռուստատեսությանը: Սակայն, եթե կան հեռուստասերիալների մեծաքանակ ունկնդիրներ, ապա, էժանագին սերիալների փոխարեն կարելի է որակյալ հեռուստաներկայացումներ նրանց մատուցել՝ ազգային եւ համաշխարհային թատերագրության շտեմարանից օգտվելով: Անհրաժեշտ է, որպեսզի հեռուստաընկերություններն առաջնորդվեն ոչ թե սոսկ կոմերցիոն շահերով, այլեւ հեռուստադիտող քաղաքացի կրթելու պահանջով: Երկրի շահերից է բխում մշակույթը եւ կրթությունը` որպես առանցքային ոլորտ, մշտական ուշադրության, հոգածության եւ ազգակենտրոն քաղաքականության ներքո պահելը:

– Այս համատեքստում, կարծում եմ, կարեւոր է խոսել թատերագետի առաքելության մասին։ Վերջին տարիներին ԵԹԿՊԻ-ի թատերագիտական բաժինը դիմորդ չունի։ Ըստ ձեզ` որո՞նք են հիմնական պատճառներն ու ի՞նչ հետեւանք կունենա նոր սերնդի թատերագետ չունենալը։

– Ցավալի խնդիր է: Արդեն հինգերորդ տարին է, որ թատերագիտություն մասնագիտությամբ դիմորդներ չենք ունենում: Տվյալ մասնագիտությունը հեռանկարային չի համարվում, աշխատաշուկայում չկա թատերագետի պահանջարկ: Իսկ կար ժամանակ` սկսած 1981 թվականից, երբ ամեն տարի 10-15 հոգանոց թատերագիտական կուրսեր էին հավաքվում: Այսօր այդ հոսքն ընդհատվել է, ինչպես տասնամյակներ առաջ, ինչի պատճառով որոշակի ժամանակահատվածում երիտասարդ թատերագետներ դաշտում չեն եղել: Մինչդեռ այսօր պահանջարկված են այդ մասնագիտությամբ մեր երկրորդ ու ավելի երիտասարդ սերնդի շրջանավարտները, ովքեր դասավանդում են ԵԹԿՊԻ-ում, ինչպես նաեւ թատերական քննադատությամբ զբաղվում: Դիմորդներ ունենալու հարցում, կարծում եմ, մեզ կարող է օգնել կրեատիվ գովազդը եւ համագործակցությունը արվեստի քոլեջների հետ: Սակայն խնդիրը վերաբերում է նաեւ հանրակրթության մակարդակին: Իրավիճակը տխուր է, քանի որ թատրոնով հրապուրված երիտասարդների մեծ մասը` նույն քոլեջներում, գրագիտությամբ չի փայլում, իսկ թատերագիտության ընդունելության շեմը հաղթահարելու համար նախ պետք է գրագետ ու լայնախոհ լինես եւ ապա կարողանաս դիտածդ ներկայացման կամ կարդացածդ պիեսի վերաբերյալ սեփական հայացքդ շարադրել: Այս դաշտի այսօրվա բացը, ինչ խոսք, տարիներ հետո զգացվելու է: Առանց թատերագիտության թատերարվեստը լիարժեք ներկայանալ չի կարող: Ես կարծում եմ, որ թատրոնները նույնպես շահագրգիռ պետք է լինեն այս հարցում: Ժամանակի արագընթաց հոսքի մեջ ապրող թատրոնին առողջ քննադատություն ու նաեւ տարեգրություն է պետք: Հույսս չեմ կորցնում, որ կրթական ու ստեղծագործական թատերական համայնքի միասնական ջանքերի շնորհիվ հաջողելու ենք իրավիճակը փոխել:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Լուսանկարը`Գարեգին ԱՂԱԲԵԿՅԱՆԻ