Լույս է տեսել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի գրողների միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Հակոբյանի «Եթե իմ շունը օրագիր ունենար» բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուն։ Գրքում զետեղված են վերջին տարիներին գրված ստեղծագործություններ, որն անմիջապես արտացոլում է վերջին երկու տարիներին կատարվող իրադարձությունները։
Ժողովածուն բաժանված է բաժինների՝ «Գնում եմ այնտեղ՝ ուր չեմ գնում», «Երբ չգիտես, որ սիրում ես», «Միակը, ում հետ ես ես եմ», «Վերջակետից հետո», «Բացիկներ», «Հայելին վերելակում» եւ «Աստծո ականջի տակ» խորագրերով։ «Եթե իմ շունը օրագիր ունենար» գիրքը նոր ու թարմ է ոչ միայն հեղինակի ընդհանուր բնագրի սահմաններում, այլեւ ընթացիկ հայ պոեզիայի համապատկերում։ Անշուշտ, արցախաբնակ բանաստեղծի բնագրում տեղի ունեցած փոփոխություններում շատ բան կապված է նաեւ վերջին տարիներին հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող քաղաքական-հասարակական ճգնաժամի հետ, ինչպես նաեւ 2020 թվականին տեղի ունեցած աղետալի պատերազմի եւ դրա խայտառակ ելքի կնիքն է կրում իր վրա»,-գրքի «Արթմնի երազատեսություն» առաջաբանում գրել է «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը, շեշտելով՝ «հեղինակի «Եթե իմ շունը օրագիր ունենար» գիրքը նոր ժամանակների արագատեմպ ռիթմերին բնորոշ, աշխարհաքաղաքական-հասարակական արդիական տրամադրություններով հագեցած ժողովածու է, ուր բանաստեղծական բառերի ընտրության գործընթացը դառնում է թե՛ հորինվածքի երազ-պատրանքի կառուցում, եւ թե՛ արթմնի՝ կյանքի մեկնաբանության ելակետը»։
Գրքում տեղ գտած ստեղծագործությունները կարծես ժամանակագրական շղթա դարձած ամբողջացնում են այն ողբերգական ներկան, որ այսօր ապրում է բանական հայը։ «Ես ոչ մի տեղ չունեմ հեռանալու, երկիր»,- հեղինակի այս խոստովանությունը պատահական չէ եւ նա սպասում է Ամենակարողին, ով կշշնջա «փրկված է տունը»։ Վարդան Հակոբյանի ինքնատիպ լեզվամտածողությունը նախ եւ առաջ պատմում է լռության մասին։ Դադարը նրա պոեզիայի համար դարձել է անհրաժեշտություն եւ «քիչ բառեր՝ խորը ասելիք» բանաձեւը հաստատուն պահելով ստեղծում է նոր աշխարհ՝ այս աշխարհին շատ նման եւ շատ տարբեր։
«Արցախը հիմա բոլորի բերանում է՝եւ հերոսի, եւ սրիկայի, եւ զոհի…»,-գրում է Վարդան Հակոբյանը՝ ներքին խնդիրները բարձրացնելով նոր մակարդակի եւ դրանք ներդաշնակելով գալիս մի նոր կետի.
«Մեռոնով օծված հողիս արյուն կա լերդացած,ուսիս դրեք երկիրս, տանեմ մեն-մենակ»։
Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ