You are currently viewing Անկախության ծանր բեռը

Անկախության ծանր բեռը

«Դարը մեզ մուրհակ է տալիս», — գրել է Չարենցը: Անհատի և իր ժամանակի փոխհարաբերությունները դժվար է առավել դիպուկ ու ճշգրիտ բնութագրել: Այո՛, դարը մեզ մուրհակ է տալիս և ժամանակ ու հնարավորություններ՝ սնանկ չհռչակվելու: Կենսական ու պատմական արժեքների վերագնահատման բնական պահանջով մեր ժողովուրդը, «մի օր» համատարած սնանկացման եզրին արթնացած, փորձեց պարզել ու ճշտել իր գոյության իմաստն ու նպատակը՝ ենթագիտակցական ու շատ օրինաչափ մղումով փնտրելով իր արմատները: «Հայր մեր», «Կիլիկիա» ու «Ադանայի ողբը» երգելով՝ մենք ճանապարհ ընկանք դեպի մեզ: Ու այդ ամենի տակ թերևս հասկանալով մարդկային գոյության տարրական պայմանների ապահովումը: Կարծես թե անցան այդ ժամանակները, իսկ այսօր դյուրահավատ հայերի մասին անեկդոտ են պատմում դառը քմծիծաղով, թե հավատացին…

Այո, դուք` չափահաս,գիտակից, կյանքի տաքն ու պաղը ապրած մարդիկ, իսկ մենք` մի քանի տարում տագնապալի ու անօրինաչափ մեծացած ձեր երեխաները, այսօր արդեն կարգախոսներով ու կանոնակարգերով ապրել չենք կարողանում ու չենք ուզում: Մենք արդեն հասցրինք չհավատալ:

Բոլորս շտապում ենք, բոլորս հոգնել ենք, բոլորիս ինչ-որ բան է անհրաժեշտ: Հոգնել ենք: Շատ ենք հոգնել մեզ տրվածից ու չտրվածից, ապրածից ու չապրածից, հավատալուց, խաբելուց, չհավատալուց: Բոլորիս ճնշում է անորոշությունը՝ օրվա, կյանքի, «Վերածնված իմ հայրանիքի», մեր իսկ ճակատագրի, մեր վաղվա օրվա:

Ասում են , որ պատմությունը կերտում են սերունդները՝ յուրաքանչյուրն ըստ իր պատկերի: Ինչպիսի՞ն կլինի մեր սերնդի կերտած պատմությունը: Մեր գալիք սերունդների ուսերը դարձյալ չե՞ն կքվի դարից դար փոխանցվող ազգային նպատակի ծանրությունից, թե՞ այդ նվիրական ու ծանր բեռից ազատված, ապրեցնող կորով ու ոգեղեն հայ գտնելով այս օրերի պատմության մեջ՝ նրանք կապրեն իրենց լուսավոր ու ազատ հայրենիքում։

Ես կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է ձգտի գտնել այդ հարցերի գոնե մոտավոր պատասխանները: Դա ավելի շահեկան է, քան եթե բոլորս միասին թոթվենք ուսերներս ու ապավինենք ճակատագրին:

«Դարը մեզ մուրհակ է տալիս», իսկ յուրաքանչյուր մուրհակ պետք է մարել: Ժամանակը չի սպասում, և եթե մենք չենք ուզում մնալ կամ լինել պարտք ո՛չ ժամանակին, ո՛չ դարին, պիտի փորձենք կերտել մեր երազանքի «Վերածնված հայրենիքը»:

Մելանյա Հովհաննիսյան

Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Պարի ուսուցում» բաժնի առաջին կուրսի ուսանող