You are currently viewing «Վերջիվերջո սերն իմաստավորում է մեր կյանքը»․ Սամվել Թավադյան

«Վերջիվերջո սերն իմաստավորում է մեր կյանքը»․ Սամվել Թավադյան

Զրուցել ենք Շուշիի շրջանի Մեծ-շեն գյուղի դպրոցի ուսուցիչ Սամվել Թավադյանի հետ։ Սամվելը նաև գեղարվեստական գրականություն է թարգմանում, սերտորեն կապված է արվեստի հետ։

– Սամվել, հաճախ ենք լսում, որ մեր միակ փրկությունը կրթությունն է։ Արցախի Մեծ-շեն գյուղի դպրոցում մի քանի տարի շարունակ պատմություն ես դասավանդում։ Շրջափակման պայմաններում ի՞նչ իմաստ ու շարունակություն է ստանում կրթության գաղափարը։

– Մենք ապրում ենք նոր միջնադարում, երբ գրքային քաղաքակրթությունը իր հոգեվարքն է ապրում: Ավանդական կրթությունն իրեն սպառել է: Մերօրյա ուսումնառությունը կտրված է իրական կյանքից: Դասագրքերի փոփոխության ու նոր մեթոդների կարիք կա: Դպրոցում աշակերտները պետք է ձեռք բերեն ոչ միայն իրական կյանքում անհրաժեշտ գիտելիք, այլեւ զարգացնեն այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են կենսական հարցեր լուծելու համար: Պատմության դասաժամին աշակերտները ոչ միայն պետք է իմանան, թե անցյալի մարդիկ ինչ գիտելիքներ եւ հմտություններ են ունեցել, այլ զարգացնեն իրենց հմտությունները: Ֆրիդրիխ Նիցշեն կարծես մեր ժամանակների մասին էր գրում. «… քանի՜ տարիներ, որ իսկական հմտություններով չեն պսակվել: Փոխարենը միայն գիտելիք այն մասին, թե մարդիկ մի ժամանակ ինչ են կարողացել եւ ինչ հմտություններ են ունեցել»:

Շուշիի շրջանի Մեծ-շենի դպրոցում դասավանդում եմ 2018 թվականից առ այսօր, այս տարվանից արդեն որպես «Դասավանդիր Հայաստանի» ուսուցիչ: «Դասավանդիր Հայաստանի» ուսումնառությունըՓոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունն է, որը նախագծերի իրականացման միջոցով ուսանելու ձեւ է: Ելնելով Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունից, աշակերտների հետ ներկայացրել ենք ծրագիր «Արվեստն արվեստի համար», որը հովանավորել են «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամը եւ Հայ ավետարանչական ընկերակցության ռազմավարական ծրագրերի բաժինը:

– Բարդ ժամանակներ են, Արցախի շրջափակումը շարունակվում է, խնդիրների բախվելն անխուսափելի է դարձել։ Ինչպե՞ս եք հաղթահարում, արվեստի հետ առնչվելը փոքր-ինչ օգնո՞ւմ է։ Նոր բացվող օրն Արցախում ի՞նչ խորհուրդ ունի։

– Արվեստում մենք գործ ունենք նյութի եւ ձեւի հետ: Ամեն անգամ ստեղծագործելիս մենք հաղթահարում ենք ինքներս մեզ եւ ես համոզված եմ, որ մարդու ամեն օրը պետք է լինի ինքնահաղթահարում: Այո, Արցախի շրջափակումը գոյաբանական մարտահրավերների առաջ է մեզ կանգնեցրել: Սակայն, արտաքին իրականությունը, նկատի ունեմ քաղաքական իրադրությունը, մեր ազդեցությունից դուրս է եւ միայն կրթությունն է, որ մեր ազդեցության տիրույթում է: Իսկ Արցախում նոր բացվող օրը նույն խորհուրդն ունի, ինչ աշխարհի բոլոր առավոտները:

– Խոսենք նաեւ «Արվեստն արվեստի համար» ծրագրի նպատակների մասին։ Մեծ-շենի դպրոցն ապացուցո՞ւմ է, որ մինիմալ ռեսուրսով հնարավոր է գործ անել…

– «Արվեստն արվեստի համար» արտահայտությունը արվեստի նպատակի մասին է: Ի տարբերություն արհեստի, արվեստի նպատակը ինքն իրենում է: Արվեստը ստեղծվում է արտաարվեստային տարրերից, սակայն դրա նպատակը նյութականությունից վեր է: Ուրեմն կարող ենք ասել, որ արվեստի նպատակն արվեստն է: Եվ այն ոչ թե իրականության շարունակությունն է, այլ իրականության զուգահեռը: Մեր նպատակն էր հասարակությանը հաղորդակից դարձնել արվեստի իրականությանը, գեղեցիկի գաղափարին: Ես ու իմ աշակերտները որոշել ենք վերարտադրել Ամադեո Մոդիլիանիի, Պաբլո Պիկասոյի, Մարտիրոս Սարյանի եւ այլ նկարիչների գործերը եւ բացել պատկերասրահ: Պատկերասրահում ցուցադրվելու են նաեւ աշակերտների ստեղծագործությունները:
Սակայն նպատակը միայն այդ չէ: Այստեղ ես ուզում եմ մեջբերել գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտի միտքը. «Ստեղծագործության գործընթացը նպատակ է»: Նպատակը ոչ միայն պատկերն է, ոչ միայն վերջնարդյունքն էպատկերասրահը, այլեւ իրականացման ընթացքը: Ստեղծագործողը հարաբերվում է նյութի հետ, հայտնագործում է գույների ներդաշնակությունը եւ ինչպես կասեր Մարտին Հայդեգերը հայտնագործում է նյութի գոյությունը:

– Նաեւ գեղարվեստական գրականություն ես թարգմանում այլ լեզուներից հայերեն։ Այսօր ինչո՞վ է կարեւոր թարգմանական գրականությունն ու հիմնականում ո՞ր հեղինակներին ես անդրադառնում։

– Պոեզիայի մասին խոսելիս մենք մոտենում ենք մաքուր արվեստի գաղափարին: Էմանուել Կանտը պոեզիան համարում էր ամենամաքուր արվեստը, որովհետեւ այն անառարկայական է: Եթե կերպարվեստում մենք գործ ունենք ներկի հետ, կտավի հետ եւ այլն, ապա պոեզիայում նյութը բացակայում է:
Թարգմանություններս Պոլ Էլյուարի, Ժակ Պրեւերի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Խորխե Լուիս Բորխեսի, Պաբլո Ներուդայի ստեղծագործություններից են։ Ճիշտ է՝ միջնորդ լեզվից` ռուսերենից եմ թարգմանում, բայց ֆրանսերեն ու իսպաներեն սովորելու հույսս չեմ կորցրել: Ներշնչանքի աղբյուրս իմ սիրելի կինն է, ում էլ նվիրված են թարգմանությունները:

– Արցախից դուրս ապրելու մասին մտածո՞ւմ ես…

– Շրջափակման պատճառով կորցրել ենք հաղորդակցությունը եւ Ստեփանակետի, եւ Հայաստանի հետ: Հիմա միայն մտածում եմ Ստեփանակերտ վերադառնալու մասին, որտեղ իմ ընտանիքն է, իմ հարազատներն են: Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, պետք է այնպիսի կյանք ապրել, որին հրաժեշտ կտանք, ինչպես Ոդիսեւսը` Նավսիկայային, օրհնելով այն: Վերջիվերջո սերն իմաստավորում է մեր կյանքը:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ