You are currently viewing «Բարձր սարի հովազը»․ մանուկների համար նոր գիրք է լույս տեսել

«Բարձր սարի հովազը»․ մանուկների համար նոր գիրք է լույս տեսել

Մեր զրուցակիցը մանկագիր Սաթենիկ Ղազարյանն է։

-Տիկին Սաթենիկ, ձեր նոր լույս տեսած «Բարձր սարի հովազը» գիրքն ընկերության, հավատարմության եւ սիրո մասին է։ Ի՞նչ եք կարծում` այսօր այդ մարդկային որակներն ու դրսեւորումները անկո՞ւմ են ապրում։ 

-Մեր հոգեւոր աշխարհը ձեւավորվում է ընտանիքում, շրջապատում: Մեր առօրյա տեղեկահոսքից, կարդացած գրքերից ամբողջանում է մտաշխարհը: Իհարկե, կարող եմ պատասխանել` այո՛, պակասել է: Խարդախություն, գումարով ծախվել, դավաճանություն, կեղծիք, արհամարհանք, արտաքին գեղեցիկ, գունագեղ փաթեթավորման պատրանք, անորակ եթեր, մտքեր, որոնք ազատախոսության անվան տակ տանում են հայրենադավության, ատելության, միմյանց հանդեպ չարության: Տարիներ շարունակ տեղավորվելով ենթագիտակցության մեջ` դառնում են բնավորություն, սովորույթ: Աղբը թափում են` հանգիստ նայում են, ծառեր են հատվում` հանգիստ նայում են, փողոցում ծեծում են, թքում են, հերոսամայր ու հերոս են արհամարհում, պատառ-պատառ հայրենի հողն են նվիրում, եւ այդ բոլորը երեխաները տեսնում ու լսում են, չէ՞ որ նրանք մեծանում են այդ մեծերի կողքին: 

Իմ հեքիաթն, այո, ընկերության մասին է: Ես հավատում եմ, որ մեր Բարձր սարի` Արարատի, մեր լեռնաշխարհի հոգում է ապրում այն ուժը, որը սնում ու հզորացնում է հայի ոգին: Հասարակության մեջ ավելացել են անտերության մատնված, խնամքի կարիք ունեցող մեծահասակները։ Եվ սոցիալական դժվարություններն ու անտարբերությունը հասցրին դրան: Միայնակ, անուշադրության մատնված մարդիկ իրենց բողոքն արտահայտում են չարությամբ, անեծքով` չհասկանալով բառի զորությունը: Ես գիտեմ, որ բառն իր հենքում տիեզերական, աստվածային էներգիա է կրում եւ, ասված խոսքը երբեմն կարող է իրականանալ: Հրաշքն ինձ օգնում է հաստատել բառի զորության հետեւանքները:

«Բառն արտասանելուց առաջ զգույշ եղիր: Մտածիր, հետո խոսիր»,-ասում էին մեր ծնողները: Իմ մանկության տարիները լի են եղել բարությամբ ու սիրով, երբ համեմատում եմ` վախենում եմ:

-Գիրքը դուք եք նկարազարդել։ Հետաքրքիր է` գրե՞լն է օգնում նկարելուն, թե՞ հակառակը… 

-Թատրոնն արվեստների ամբողջությունն է: Միշտ ցանկացել եմ լինել մարդ-թատրոն: Որքան ինձ հիշում եմ աշխատել եմ ամեն ինչ անել միաժամանակ` մոդելավորել-կարել, նկարել, ասմունքել, գրել տարբեր ժանրերով, բեմադրել եւ խաղալ որպես դերասան: Երբ մտածում եմ` այդ պահից արդեն ծնվում են պատկերները: Բառերով ձեւավորում եմ հերոսներին, բառերով հյուսում եմ սյուժեն, ծնվում են երկխոսությունները եւ, ահա այդ բառերն էլ սկսում են նկարել: Բնությունից հորդում է եռանդուժ եւ, երկուսն էլ փոխադարձում` օգնում են միմյանց: Որովհետեւ արհեստավարժ նկարիչ չեմ, առավել խոսում-նկարում են զգացմունքներս:

-Մանկագրությունը եւս բարդ ոլորտ է, եւ մանկագիրներն էլ են փոքր թիվ կազմում։ Ի՞նչ խնդիրների եք հաճախ բախվում, ի՞նչն է պակասում, որ ձեր ստեղծածը հասնի փոքրիկ ընթերցողներին։ 

-Ասում են` բարդ է մանուկների համար գրելը: Երբեմն խոսքի մեջ ես էլ եմ օգտագործում այդ միտքը, սակայն երբեք չեմ զգացել այդ բարդությունը: Միշտ սիրել ու հավատացել եմ հեքիաթի զորությանը: Չկա չարի հաղթանակով ավարտվող հեքիաթ: Հեքիաթը դարերի զորություն ունի: Գուցե մանուկների նկատմամբ ունեցածս սիրուց է, մայրական սիրո ուժից է, մանկությանս երազանքներից է, որ համբերատար եմ: Այդ կարեւոր է գրելու եւ լսելու համար: Երբ երեխաները պատմում ու հնարում են` հիացմունքով եմ լցվում: Մանուկների համար գրող հեղինակները չունեն տպագրվելու հարթակ: Չկա մանկական մամուլ: Փակվել են գրեթե հարյուրամյա մանկական ամսագրերը: Չափազանց քիչ քանակով տպվում է «Ծիծեռնակ» մանկական ամսագիրը, որտեղ տպագրվում են նաեւ իրենց գրական առաջին քայլերն անող երեխաները: Տարին մեկ անգամ իր էջերն է մեզ տրամադրում «Գրական թերթը»: Փորձում ենք էլեկտրոնային` դիմագրքային տարածքում գտնել ընթերցողներ: Ունեմ «Մանկական գրականություն» էջը, որում տեղադրում եմ մանուկների համար գրող ժամանակակից հեղինակների գործերը: Դեռ ծանոթ չեմ երիտասարդ հեղինակների գործերին. չեմ հասցնում: Գրքերս տպագրվում են քիչ քանակով, հեղինակային, երբեմն հովանավորում են տղաներս, աջակցում են հրատարակիչ ընկերներս: Ունեցել եմ պետպատվերով հրատարակված երկու հեքիաթների գիրք, որոնք բաժանվել են շրջանների գրադարաններին եւ դպրոցներին, այն էլ հաստատ ոչ բոլորին: Նախանձով եմ նայել շքեղագույն կազմերով ու գունազարդ մանկական գրքերին: Այս անգամ «Վան Արյան» տպարանի տնօրեն Վիլյամ Պողոսյանի բարի կամեցողության շնորհիվ ծնվեց գունագեղ, հեղինակային ձեւավորմամբ, մեկ հեքիաթով գիրքս: Բոլոր գրքերս միշտ նվիրել եմ իմ ընթերցողներին եւ գրադարաններին, տարել եմ դպրոցներ: Այսօր գրադարանները զրկված են իրենց ընտրությամբ գիրք գնելու հնարավորությունից: Մենք եւ մեր գրքերը կարիք ունեն հանրայնացման: Այսօրվա երեխաները չեն ճանաչում իրենց համար գրող, իրնց կողքին ապրող հեղինակներին: Շատ հրավերներ եմ ստանում դպրոցներից եւ գրադարաններից, նաեւ լինում եմ մանկապարտեզներում: Մնում է հասցնեմ: 

-Իսկ այսօր երեխաները հավատո՞ւմ են հեքիաթների, թե՞ դրանք պետք է իրականությանը շատ մոտ լինեն, որ համոզիչ դառնան։ 

-Այո, այսօրվա մանուկներն էլ են հավատում հեքիաթին: Ինձ համար կարդում են իրենց գրած հեքիաթները, որոնք սիրո, ընկերասիրության, ծնողների ու հայրենիքի մասին են, ցավալի է, բայց նաեւ՝ դավաճանության: Նրանք խորն են զգացել պատերազմի թողած ազդեցությունը: Երազում են տեսնել հզոր Հայաստան եւ երջանիկ մայրեր: Երեխաների հեքիաթներում հանդիպում եմ ոստիկանի եւ գողի կերպարները նույնպես, սակայն միեւնույնն է ավարտը` բարու եւ սիրո հաղթանակով է: 

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ